Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյա՛ն, Դուք պարտավո՛ր եք, հասկանու՞մ եք, պար-տա-վոր ե՛ք

Մայիս 30,2018 10:37

Երևանում վերջապես հիմնվեց զինհաշմանդամների առողջության վերականգման կենտրոնը, որը գտնվում է Բժշկական համալսարանի ենթակայության տակ գտնող Առաջին հիվանդանոցի շենքում և ՀՀ կառավարության որոշմամբ 10 տարով տրված է «Աջակցություն զինհաշմանդամներին և զինծառայողներին» հասարակական կազմակերպությանը:

Այդ շենքը 104 տարի առաջ՝ 1914թ-ին, երբ նույնիսկ պետականություն չենք ունեցել, կառուցվել է ժողովրդի միջոցներով, որը հետագայում դարձել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին հիվանդանոցը: Չգիտեմ ինչ զուգադիպությամբ մեր ժողովրդի հանգանակությամբ այն կրկին հիմնանորոգվեց ու դարձավ մեր զինվորների առողջության վերականգնման ժամանակակից հրաշալի կենտրոն: Այս հանգանակությանը մասնակցել են շատերը՝ ՀՀ այսօրվա Վարչապետից, նախկին նախագահից, իր տիկնոջից ու օլիգարխներից սկսած, վերջացրած տարբեր կազմակերպություններով ու անհատներով, բայց որին ոչ մի աջակցություն չի բերել <Մարտիկ> հիմնադրամը, այլ ընդամենը բավարարվել է այցելությամբ, որի մասին է վկայում 2017թ. դեկտեմբերի 12-ին «ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կայքում դրված նյութը:

Այդ կենտրոնը մեր հաշմանդամ զինվորների համար դարձել է «Զինվորի տուն», որն այսօր դեռևս չունի պետական հովանավորություն, բայց ունի լուրջ ֆինանսական խնդիրներ՝ բուժման պետպատվերից սկսած՝ դեղերի չֆինանսավորվող գումարներով վերջացրած:
Հիմնվելով «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության մեջ գրված «կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի մշակում և իրականացում» կետերի վրա, «Մարտիկ» հիմնադրամի խորհրդին առաջարկում եմ ուշքի գալ ու մինչև մեր Նոր Հայաստանի կառավարությունը կգտնի վերոնշյալ կենտրոնի շարունակական գործունեությունն ապահովելու նպատակով ֆինանսավորման ծրագրային հիմնավորումները, կայացնել որոշում <Աջակցություն զինհաշմանդամներին և զինծառայողներին> հասարակական կազմակերպությանը գումար հատկացնելու մասին: Դուք, կարծում եմ, պարտավոր եք կայացնել այդ կարևոր որոշումը, որը կարող է փրկել ձեր խարխլված հեղինակությունն ու կանխել դատարանի առջև կանգնելու հեռանկարը: Դուք պարտավո՛ր եք, հասկանու՞մ եք, պար-տա-վո՛ր եք, հիշեցնում եմ 2002-ին մեծ պաթոսով ասված Ձեր խոսքերը.
«Հիմնադրամը կոչվում է «Մարտիկ» եւ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է հիմնադրամի նպատակները եւ մուծում մուտքի վճարը,(100$) իրեն հայտարարում է մարտիկ: Նա մարտիկ է ոչ թե կռվի դաշտում, այլ երկրի անվտանգության ամրապնդման գործում: Մուտքի վճարներից կազմվում է անձեռնմխելի ֆոնդ, որը կարող է օգտագործվել վտանգի դեպքում, ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պաշտպանության նախարարի եւ հիմնադրամի նախագահի միաձայն համաձայնությամբ: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները կուղղվեն կանոնադրական խնդիրների կատարմանը՝ ռազմական կրթությանը: Ես համոզված եմ, որ մասնակիցների քանակն աճելու է շատ արագ, եւ տոկոսները միանգամայն բավարար են լինելու ռազմակրթական ծրագրերի իրականացման համար ինչպես Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների բազան ընդլայնելու, այնպես էլ հայ սպաներին արտասահմանում կրթելու համար:» Այս հիմնադրամի մայր գումարից ստացված տոկոսներով արտասահմանում սովորած սպաների թվի մասին իմ բազմաթիվ հարցումներին ոչ մի պատասխան չի տրվել, կարծում եմ դա պետական գաղտնիք չէր կարող լինել:

2016թ.-ից ես էլ եմ «մարտիկ» ու 2 տարուց ավել է Ձեզանից պահանջում եմ այն հաշվետվությունը, որտեղ կգտնեմ հիմնադրամի կանոնադրական կետերից բխող ծախսերի ցանկն ու դրանց հիմնավորումը: 2017թ. հաշվետվությամբ ֆինանսական տարում օգտագործվել է 45.759.332 դրամ, որից 33.342.475 դրամը՝ կանոնադրական նպատակների համար, կարելի՞ է իմանալ, թե ոչ կանոնադրական ի՞նչ նպատակների վրա է ծախսվել 12.416.857 դրամն այն դեպքում, երբ կանոնադրությամբ վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված է 10%: Ամեն տարի այս հարցը տալիս եմ ու ոչ մի պատասխան չեմ ստանում: Հիմնադրամի ստեղծման օրվանից աուդիտն իրականացրած բոլոր կազմակերպություններն իրենց եզրակացության մեջ գրել են ստանդարտ հետևյալ նախադասությունը, մասնավորապես. «Մեր կարծիքով կից ֆինանսական հաշվետվությունները տալիս են Հիմնադրամի 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի և նույն ամսաթվին ավարտված տարվա ֆինանսական արդյունքների ու դրամական հոսքերի ճշմարիտ և իրական պատկերը՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների», այսքանը, մնում է ասեին՝ պապայի արև, ճիշտ է:

Հավելեմ, որ մի քանի անգամ հիմնադրամի տնօրեն Ս. Սեդրակյանը նախազգուշացվել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության տեսչության կողմից:
Ձևակերպեմ խնդիրը. Հայաստանում իրադրություն, կառավարման ձև, մարդիկ են փոխվել, իսկ «Մարտիկ» հիմնադրամում՝ ոչինչ:

Նոր Հայաստանի կառավարություն, գուցե սա այնքան էլ հրատապ հարց չէ, բայց այդ հիմնադրամում պետք է լինի ամենաքիչը 1.2 մլն դոլար, բա չիմանա՞նք, կա՞, թե՞՝ չկա էդ գումարը, ո՞ր պետական մարմինը պետք է զբաղվի այս հիմնադրամի գործունեության օրինականության ստուգմամբ: Հուշեք՝ գործեմ:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Մարգարյան says:

    Արթուր Աղաբեկյանը լինելով հիմնադրամի ղեկավար, չի իրականացրել և մինչև օրս չի իրականացնում հիմնադրամի ամենապարտադիր կանոնը, որ հիմնադրամը իր ֆինանսական մուտքերի և կատարած ծախսերի մասին հաշվետու մարմին է և պարտավոր է առաջին հերթին դա անել: Եթե այդ քայլը նա չի ուզում անել, ուրեմն պետք է նրան ստիպել օրենքի ուժով:
    Թե չէ, իր հիմնական անելիքը թողած, ներկայումս նա զբաղված է այլ գործով` գնահատականներ է տալիս ՊՆ-ում կատարված կադրային նշանակումներին, վատաբանում է հայոց բանակի առանցքային պաշտոն ստացած մարդուն (ամենայն հավանականությամբ` նախկինում նրա հետ ունեցած անձնական վատ հարաբերությունների պատճառով):
    Պարոն Աղաբեկյան, շուտափույթ կերպով ներկայացրեք պահանջվող ֆինանսական հաշվետվությունը, իսկ եթե չներկայացնեք, ապա ժողովրդական լեզվով ասած, մտածում ենք` ՈՒՐԵՄՆ ՏԱԿԸ ԹԱՑ Ա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031