ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն:
Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելությանը:
Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք և հանդիպումներն այնտեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30-31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։
Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։
Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»:
Ի դեպ, պատվիրակության կազմում են նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որոնք ՖԲ իրենց էջում լուսանկարներ են հրապարակել Վրաստան ՀՀ պատվիրակության պաշտոնական այցի մասին՝ մակագրելով. «Թռանք»: