Բուհերից մեկի ուսխորհրդում, որքան էլ զարմանալի է, հայտնվել էին բավականին համարձակ ուսանողներ, որոնք սկզբունքորեն դեմ էին արտահայտվում ռեկտորի այն քայլերին, որոնք ճիշտ չէին համարում: Ավելին, նրանք կոնկրետ դեպքում հասան նրան, որ ռեկտորը նահանջեց իր ծրագրից: Հեղափոխության առաջին իսկ օրերից այդ ռեկտորը միանգամից զգաց, թե ինչպես կարելի է օգտագործել համապատասխան «ակտիվիստի» խանդավառությունը եւ հեղափոխական տրամադրությամբ բռնկված չեզոք ուսանողների տրամադրությունը եւ «հաշիվ մաքրեց» ինքնուրույնության դրսեւորումներ ունեցող ուսխորհրդի հետ՝ «մահանա բռնելով», որ նրանք ՀՀԿ-ական են: Այդպես էլ է պատահում:
Հեղափոխությունը շատերի համար հնարավորություն է ստեղծում ազատ շնչելու, առանց ճնշումների ապրելու եւ աշխատելու: Իսկ ոմանց համար էլ՝ հարմարվելու, վրեժ լուծելու, անձնական խնդիրներ լուծելու: Կառավարությունը փոխվել է՝ լավ է, Ազգային ժողովը պետք է փոխվի արտահերթ ընտրությունների միջոցով՝ հույս ունենանք, որ Փաշինյանի թիմը ոչ մի պարագայում հետ չի կանգնի այդ գաղափարից, կոռումպացված չինովնիկները պետք է հայտնվեն ճաղերի հետեւում, օլիգարխները (նաեւ ներկա իշխանության դաշնակիցները) պետք է մտնեն հարկային դաշտ: Այդ ամենն անվիճելի է:
Մնացած հարցերում «հեղափոխական սուր ճոճելուց» պետք է հնարավորինս շրջահայաց լինել: Որովհետեւ անպայման կհայտնվեն «շուստրիներ», որոնք «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարի քողի տակ կփորձեն լուծել իրենց խնդիրները:
Արամ Սիմոնյանը աշխարհի լավագույն ռեկտորը չէ եւ, ըստ ամենայնի, պետք է փոխվի: Բայց կարեւոր է նաեւ փոխելու ձեւը: Երբ կառավարությունն ուղարկում է իր ակտիվիստներին, որոնք մեղադրյալի աթոռին են նստեցնում ռեկտորին, իսկ այնուհետեւ պառկում են նրա դռան առջեւ` հրաժարական պահանջելով, դա համալսարանի ղեկավարությանը փոխելու լավագույն ձեւը չէ: Չգիտեմ, թե կոնկրետ ում համար է կառավարությունը ռեկտորի տեղ բացում, բայց պետք է հաշվի առնել հետեւյալը՝ եթե նրանց այսօր դուր չի գալիս ՀՀԿ-ական ռեկտորը, վաղը կարող է գալ մեկ այլ կառավարություն, որին դուր չի գա ՔՊ-ական ռեկտորը: Իսկ բուհերի ինքնավարության իմաստն այն է, որ դրանց ղեկավարները չպիտի փոխվեն քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության տակ: Կարելի է ամեն ինչ անել սահմանված կարգով` որքան էլ որ դա ժամանակ պահանջի:
Նույնը նաեւ՝ հասարակական կազմակերպությունները: Օրինակ՝ Ֆուտբոլի ֆեդերացիան: Ռուբեն Հայրապետյանը այդ կազմակերպության լավագույն ղեկավարը չէ, սակայն նրա դեմ սկսված արշավի դեպքում խնդիրը բոլորովին այլ տեղ է. Ֆեդերացիան տուգանել է ակումբներից մեկին, ճիշտ թե սխալ՝ դատարանը կպարզի, այդ թվում նաեւ՝ միջազգային: Բայց ակումբը ցանկանում է խուսափել տուգանքից ոչ թե դատարանի միջոցով, այլ զուտ քաղաքական ակտիվիզմ հրահրելով: Եվ դարձյալ՝ վաղը տեղի կունենա հաջորդ իշխանափոխությունը, եւ գայթակղություն կառաջանա ցանկացած իրավական վեճ լուծել քաղաքական շահարկումների միջոցով: Նույնը կարող է պատահել, ասենք, գրողների կամ կոմպոզիտորների միության հետ:
Դրա համար եմ ասում՝ ամեն ինչի մեջ պետք է պահպանել զսպվածությունը եւ չափի զգացողությունը: Նույնիսկ՝ հեղափոխության մեջ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայ իշխանությունը իր աշխատավարձը ստանում է հայ քաղաքացիների տված հարկերից, բայց միայն իշխանությունը բավարար չէ ինքնաբավ հայ քաղաքականություն ունենալու համար, մեզ պետք է իրապես հավասարազոր հակակշիռ իշխանություն՝ հայ ընդդիմություն, որը նույնքան օդուջրի նման անհրաժեշտ է պետության հզորացման համար, որքան իշխանությունը, դրա համար էլ հայ ընդդիմությունը նույնպես պետք է աշխատավարձ ստանա հայ քաղաքացիների տված հարկերից, ունենա իր ստվերային կառավարությունը եւ պատրաստ լինի ցանկացած պահին օրինական ճանապարհով իշխանություն դառնալ արդեն պատրաստի մասնագետներով ձեւավորված կառավարությամբ: Ռազմավարական նշանակության միջազգային թե ներքին հանդիպումներում ու պայմանագրերի ստորագրմանը անպայման է ընդդիմության ներկայությունը ու խորհրդատվական խոսքի իրավունքով ընդդիմությունը պետք է իր կարծիքն արտահայտի, բայց նախքան դա պետք է Սահմանադրությամբ հստակ դնել այն սահմանը, որտեղ վերջանում է մարտավարությունը եւ սկսվում բոլորի համար սուրբ ռազմավարությունը:
Հայերէնում չինովնիկ բառ չկայ, այլ ՊԱՇՏՕՆԵԱՅ է: Հայերէնում (քաղաքական) կոնյիւնկտուրա բառ չկայ, այլ՝ ԻՐԱԴՐՈՒԹԻՒՆ, ԻՐԱՎԻՃԱԿ (ահա օգտակար մի յղում՝ https://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=37&dt=RU_HY&query=%D0%9A%D0%BE%D0%BD%D1%8A%D1%8E%D0%BD%D0%BA%D1%82%D1%83%CC%81%D1%80%D0%B0 ):
Ես այդպէս էլ չհասկացայ corruption-ի եւ կաշառակերութեան տարբերութիւնը:
Այս յեղափոխութիւնը շատ լաւ բաներ բերեց իր հետ: Բայց առայժմ հացի խնդիր ենք լուծում: Հայոց լեզուն կրկին լուսանցքում է: Նոյնիսկ Նիկոլ Փաշինեանն է իր ելոյթներում օտար բառեր շատ օգտագործում, էլ չասած տխրահռչակ «դուխովը»: Լաւ չէ՛:
Ես լեզուաբան չեմ ու իմ այս բծախնդրութիւնը նրանից է, որ մեծացել եմ հայախօս միջավայրում: Իմ բառապաշարում հիմնովին բացակայում են չինովնիկ ու կոնյիւնկտուրա բառերը: Ոչ թէ որովհետեւ ինձ ստիպում եմ այդ բառերը չարտասանել (քա՜ւ լիցի), այլ որովհետեւ դրանք մեծ տարիքում եմ սովորել:
Ես հասկանում եմ, որ Ձեզ համար դժուար է, քանի որ ռուսախօս էք: Բայց եթէ յանձն էք առել նման պատասխանատու պաշտօն, ուրեմն …: Ձեր խօսքին/գրածներին շատերն են հետեւում:
Գրում էք «շուստրի, մահանա»: Այո, հայաստանցիները գիտեն այդ բառերը: Իսկ սփիւռքահայե՞րը: Սիրիահայ փախստականները եկել էին Հայաստան, Հրանուշ Յակոբեանը ռուսերէնի դասընթացներ էր կազմակերպել: Հասկանո՞ւմ էք երեւոյթի անհեթեթութիւնը:
Հիմա, ի՞նչն է խանգարում, որ շուստրիի ու մահանայի փոխարէն գրէք «ճարպիկ, պատրուակ»:
Մի անգամ ռուսերէն բառ էիք գրել՝ նայեզդ («Ինչու յիշեցի Ռոբսոնին» յօդուածը, 18.01.2018): Ես ծնուել ու 21 տարի ապրել եմ Հայաստանում, բայց «նայեզդ» բառը կարդում եմ ու իմաստը չեմ հասկանում:
Պարոն Լազարիան. եթե մինչև քսքնմեկ տարեկանը ապրել եք Հայաստանում, պետք է, որ այդքան ռուսերեն իմանայիք (դպրոց եք գնացել): Ւհարկե, լավ չէ, օտար բառեր օգտագործելը, նույնիսկ առօրյա խոսակցության մեջ, բայց պետք է ձեզ հիշեցնեմ, որ սփյուռքահայերն էլ օգտագործում են անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն բառեր:Միջավայրի արդյունք է:
Սիրելի Մ.Գրիգորյան, հարցն իմ լեզուներ իմանալը չէ: Թէեւ այո, մեր երկրի պետական լեզուն հայերէնն է եւ ես պարտաւոր չեմ ռուսերէն կամ որեւէ այլ օտար լեզու իմանալ:
Տանը ես էլ գրական հայերէն չեմ խօսում: Աւելին՝ Շամշադինի բարբառով եմ խօսում, որտեղ առատօրէն թուրքերէն, պարսկերէն, արաբերէն, ռուսերէն բառեր կան: Բայց այդ խօսքը իրաւունք չունի գրական լեզու մտնել, եթէ դրանց հայերէն համարժէքները արդէն կան: Թերթերում վերնագրեր եմ կարդում ու ապշում: Ասենք՝ «Երեւանցիների աշնանային լուքերը»: Իբր թէ look: Յետո՞յ: Երէկ չինովնիկը, այսօր լուքը: Այսպէս ո՞ւր: Երէկուանից Նիկոլ Փաշինեանը ականջս սղոցում է իր «պոզիտիվով»: Նա չգիտի՞ կամ իրեն չեն ասո՞ւմ, որ դրան վաղո՜ւց ԴՐԱԿԱՆ ենք ասում:
«Եթէ ունես քոնը, ինչո՞ւ ես այն արհամարհում ու օգտագործում ուրիշինը»: Սա՛ է փիլիսոփայութիւնը: Այսինքն, այս պարզագոյն իրավիճակում անգամ դու (նկատի ունեմ՝ հայութիւնը) չես կարողանում պաշտպանել քո սեփական շահը (տուեալ դէպքում՝ քո լեզուն): Բա ինչպէ՞ս պիտի գնաս ու բարդ դիւանագիտական հարցեր լուծես:
Ամբողջ հայութեան մի ստուար զանգուած լատինատառ կամ կիւրեղատառ հայերէն է գրում: Կարծես Ալթայից 20 տարի առաջ փախած մի քոչուոր ցեղ լինի, որ հաղորդակցութեան համար սրանից-նրանից տառեր է մուրում: Եւ այս հոգեբանութեամբ ուզում էք ազգային պետութի՞ւն կառուցել: Ծիծաղելի է,,
Ձեր բախտակից հրեաները, որոնց այդքան շատ էք «սիրում», ԵՐԲԵՔ, աշխարհը շուռ էլ գայ, լատինատառ եբրայերէն չեն գրի: Երբեմն ֆեյսբուքում միեւնոյն գրառման տակ տասնեակ հազարաւոր մեկնաբանութիւններ են լինում եւ ՈՉ ՄԻ լատինատառ եբրայերէն: Երանի դուք էլ այդպիսին լինէիք:
Հարց է առաջանում՝.
«Ինչու՞ Նիկոլայ Վլադիմիրովիչը չպետք է օգտագործի ռուսերեն բառեր»:
Որն է այս բառերից (անուններից) հայկական (հայերեն)՝ Նիկոլ, Վովա/Վալոդ, Փաշա:
Լավ է Պուտինը Պուտոյան չէ…
Լատինատառ եւ կիրիլատառ հայերենի հարցում միանշանակ համաձայն եմ: Մնացած հարցերում, կարծում եմ, պետք է չափը պահպանել՝ թե օտար բառեր օգտագործելու եւ թե լեզվական «մաքրասիրության» /պուրիզմի/ մեջ:
Համաձայն եմ ձեզ հետ, առողջ հասարակարգ կերտելու գրավականը դա դուխով հեղափոխականների կողքին դուխով օպոզիցիայի(կներեք հայերեն բառը հիմա չեմ հիշում) առկայությունն է! Թող ոչ ոք չփորձի պղտոր ջրում ձուկ որսալ, դա մենք արդեն տեսել ենք…..
Գրողների կամ կոմպոզիտորների և բոլոր այլ միությունները պետք է անմիջապես հանել պետության բյուջեից և հաշվեկշռից և գույքը օտարել։ Դրանց նման բոլոր կառույցները միշտ և բոլոր հասարակարգերում (ԱՄՆ-ում – Արվեստի համազգայինհիմնադրամը NEA հաստատ էդպիսին է) դառնում են պետության սպասարկու և ռեակցիոն մարմիններ։
Респект вам Арам Абрамян.
Умница.