Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարկուտը զուտ բնական երեւույթ է եւ չի ենթարկվում կառավարական որեւէ որոշման»

Մայիս 30,2018 14:30

Ամենից առաջ ուզում եմ ասել, որ այս հոդվածը ուղղված չէ որեւէ անձի, կազմակերպության կամ պետական կառույցի դեմ, քանզի ցանկացած տնտեսվարող սուբյեկտ (ֆիզիկական, թե իրավաբանական) եւ կառավարություն ինքն է որոշում՝ ինչ մեթոդներով եւ միջոցներով կազմակերպել իր սեփականության ու պետական տարածքների պաշտպանությունը բնական աղետներից: Սա միայն տեղեկատվություն է հանրությանն ու կառավարությանը, գործարարներին, ներդրողներին ու բարեգործներին հակակարկտային պաշտպանության ներկայիս մեթոդների եւ միջոցների կիրառման անարդյունավետության եւ 2012թ.-ից մշակված առավել արդյունավետ ու անհամեմատ էժան մեթոդներով ու միջոցներով նրանց փոխարինման անհրաժեշտության վերաբերյալ՝ ի շահ իրենց եւ ժողովրդի:

Բոլորիս հայտնի է, որ կարկուտը զուտ բնական երեւույթ է եւ չի ենթարկվում կառավարական որեւէ որոշման: Այն ծնվում, ձեւավորվում եւ թափվում է այնտեղ, որտեղ դրա համար կան համապատասխան մթնոլորտային պայմաններ՝ հասցնելով հսկայական վնասներ աշխարհի շատ պետությունների, այդ թվում նաեւ ՀՀ-ի գյուղատնտեսությանը, գյուղական եւ քաղաքային, մասնավոր եւ պետական սեփականության օբյեկտներին: Այդ իսկ պատճառով գյուղական եւ քաղաքային տարածքների արդյունավետ հակակարկտային պաշտպանության կազմակերպման խնդիրը եղել եւ մնում է խիստ արդիական աշխարհի բազմաթիվ պետությունների համար: Աշխարհում ներկայումս հակակարկտային պաշտպանությունը իրականացվում է երեք եղանակներով՝ կարկուտի կանխարգելմամբ, կարկուտի ազդեցության մեղմացմամբ եւ բույսերի ցանցապատմամբ, որը բավական թանկ հաճույք է նույնիսկ խոշոր հողատերերի համար, քանի որ մեկ հեկտարի ցանցապատումը կարող է արժենալ 7000-10000 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան շահագործումը (գարնանը փռելը, աշնանը հավաքելն ու պահեստավորելը) նույնպես թանկ է եւ աշխատատար: Չպահեստավորելու դեպքում ցանցի օգտագործելիության ժամկետը խիստ կկարճանա, քանի որ այն շարունակաբար կմնա ձմռան սառնամանիքների եւ Հայաստանի կիզիչ արեւի ազդեցության տակ: Սակայն միայն արժեքը չէ, որ որոշիչ է այս դեպքում: Ցանցապատումն արդյունավետ է միայն թույլ եւ միջին հզորության կարկուտի դեպքերում: Ծանր կարկուտի ժամանակ ցանցապատող կառույցը կարող է փլուզվել եւ ջարդել ու տրորել իր տակ մնացած ծառերն ու բույսերը:

ՀՀ-ում կարկուտի կանխարգելման կամ մեղմացման համար ամպերի վրա ազդում են կամ ձայնային ալիքներով, կամ ամպերը հրթիռների միջոցով սփռում են արծաթի յոդիտով: Սակայն երկու եղանակներն էլ անարդյունավետ են արդեն իսկ կազմավորված կարկուտի դեմ: Արդյունավետության բարձրացման միակ ճանապարհը այդ գործողությունների իրականացնումն է ժամանակի ճիշտ պահին՝ կարկուտի ձեւավորումը նախապես կանխելու համար: Իսկ դա հնարավոր է միայն կարկտածին ու կարկտաբեր ամպերի վաղ եւ հավաստի հայտնաբերմամբ:

Ներկայումս ՀՀ-ում հակակարկտային պաշտպանության համար փորձում են օգտագործել ռուսական «Антиград» մետեոռադարներն ու նրանով կառավարվող հրթիռային կայանները: Սակայն եթե «Антиград»-ը լիներ հակակարկտային պաշտպանության արդյունավետ եւ հուսալի միջոց՝ Ռուսաստանի հարավային շրջաններն ու հանրապետությունները տարիներ շարունակ չէին ենթարկվի կարկուտի աղետաբեր հարվածներին: Բանն այն է, որ ռադարները սկզբունքորեն չեն կարող մեծ հավանականությամբ հայտնաբերել ու ճանաչել կարկտածին եւ կարկտաբեր ամպերը:
Հակակարկտային ռադարի միակ առավելությունը նրա կողմից դիտվող տարածքի ընդարձակությունն է: Բայց դրան զուգահեռ ռադարներն ունեն շատ թերություններ՝ թանկ են (մեկ «Антиград»-ն առանց հրթիռային կայանների արժե մոտ երկու միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ին անհրաժեշտ է 5-6 ռադար), ունակ չեն միարժեք լուծելու խնդիրը, չեն ապահովում հուսալիության եւ հավաստիության բարձր մակարդակ, էներգատար են, չունեն մեծ մանեւրայնություն, պահանջում են տեղակայման ու շահագործման հատուկ պայմաններ, մշտական սպասարկող անձնակազմ, հանդիսանում են աղբյուր հզոր ռադիոճառագայթման ու ռադիոխանգարումների: Եվ ամենակարեւորը՝ ռադարի պատահական շարքից դուրս գալու դեպքում ողջ տարածքը մնում է առանց հակակարկտային պաշտպանության:

Այսպիսով, կարկուտի կանխարգելման կամ ուժի մեղմացման, գյուղատնտեսությանն ու էկոնոմիկային հասցվող վնասի նվազեցման համար անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ, էժան եւ հուսալի հակակարկտային պաշտպանության եղանակներ եւ միջոցներ:
Եվ ահա, 2012թ.-ին միջազգային երկու խոշոր նախագծերի արդյունքների հիման վրա առաջացավ մի գաղափար, որը գյուտի կարգավիճակով 2013թ.-ին արտոնագրվեց ՀՀ-ում, իսկ միջազգային փորձաքննության փուլից հետո՝ 2016-2017 թթ., արտոնագրվեց ՉԺՀ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, ՌԴ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում եւ Հնդկաստանում: Խոսքը լրիվ ինքնավար ու ինքնաշխատ հակակարկտային պաշտպանության մեթոդի եւ այդ մեթոդն իրականացնող լայնամասշտաբ հակակարկտային պաշտպանության համակարգի մասին է, որի հիմքում ընկած են տարածության մեջ բաշխված ձայնային գեներատորներն ու ռադիոմետրիկ ընդունիչների հիման վրա գործող կարկուտի վաղ հայտնաբերման ու ահազանգման սարքերը, որոնք ի տարբերություն հակակարկտային ռադարների՝ գրանցում են միայն ամպերի սեփական ռադիոճառագայթումը եւ զուրկ են այն բոլոր թերություններից, որոնք բնորոշ են ռադարներին: Կարկուտի վաղ հայտնաբերման ու ահազանգման սարքը կարժենա 1000-1500 ԱՄՆ դոլար:

Առանձին գործող մեկ ձայնային գեներատորով 50-70 հեկտար տարածքի արդյունավետ սպասարկման համար անհրաժեշտ է ընդամենը երկու սարք: Մշակված մեթոդի առավելությունը նաեւ այն է, որ նա նույն արդյունավետությամբ կարող է կազմակերպել ինչպես առանձին վերցված որեւէ փոքրիկ հողակտորի, որեւէ համայնքի, որեւէ շրջանի հակակարկտային պաշտպանությունը, այնպես էլ ողջ հանրապետության եւ նույնիսկ ողջ տարածաշրջանի համընդհանուր հակակարկտային պաշտպանությունը: Եվ եթե արտասահմանցի գործարարները առաջինը ներդնեն այս մեթոդը, ապա ՀՀ-ն ստիպված կլինի հետագայում ավելի թանկ վճարել նրա ներդրման համար:

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

գյուտի հեղինակ՝ ֆ-մ.գ.դ., ա.գ.ա.

«Առավոտ»

29.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031