Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են հրաժարվել Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի դեմ հաղորդումից

Մայիս 30,2018 14:00

«Գնացել ասուլիս ես տվել, սաղիս քցել ես, իրանց դիմի, թող իրանք օգնեն»

Մայիսի 25-ին Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Սարգսյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը տեղեկացրել էր իր նկատմամբ սկսված նոր ճնշումների մասին:
Հասմիկը տեղի դատարանի կողմից դատապարտվել է 6 ու կես տարվա ազատազրկման՝ 10 հազար դրամի գողության համար, ինչի մասին բարձրաձայնել էր «Առավոտը», իսկ «Վելեսը» հրավիրել էր մամուլի ասուլիս, պաշտպանելու երեք անչափահաս երեխաների եւ զինվոր որդու մոր իրավունքները: Հասմիկի բողոքի քննությունը շարունակվում է վերաքննիչ քրեական դատարանում: Այս տարվա թվով 4-րդ նիստը նշանակվել է հունիսի 12-ին: Բողոքաբեր կողմը պահանջում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։

«Ինձ կանչել են ոստիկանություն, ներկայացել եմ, առանց տուժողի ցուցմունք տալու՝ ինձ ստիպելով եւ սպառնալով, քանոնը կոկորդիս պահելով, թե կոկորդս կմտցնեն, խաբելով, ասել են՝ գրի ցուցմունքդ, տուժողն արդեն գրել է: Գրելուց հետո իմացել եմ, որ տուժողը ոչ մի ցուցմունք չի ներկայացրել: Հետո տուժողին բերել են եւ ասել, որ Հասմիկն արդեն գրել է: Ինձ եւ տուժողին խաբել են՝ ասելով, որ կարճում են գործը: Չեմ աշխատում, նպաստս կտրել են: Մի քանի անգամ դիմել եմ սոցապ նախարարություն, քաղաքապետարան՝ օգնություն ստանալու նպատակով, սկզբում խոստացել են, ապա մերժել են՝ քրեական գործի հարուցված լինելու պատճառով: Ես ու երեխաներս առողջական խնդիրներ ունենք, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարողացել բուժումները շարունակել: Միակ նպատակս աշխատանք ունենալն է եւ երեխաներին օրվա հացով ապահովելը»,- ասել էր Հասմիկը ասուլիսի ժամանակ:

Եվ ահա հետեւել էր նրա նկատմամբ մի նոր քայլ. մայիսի 25-ին Հասմիկը տեղեկացնում է, որ տան սեփականատերը, ում բնակարանն էր վարձակալել, ուր ապրում է երեխաների հետ, իրենից պահանջել է հրաժարվել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Մանաս Ստեփանյանի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումից:
Խոսքն այն հաղորդման մասին է, որը «Վելեսն» ու իրավաբաններն են ներկայացրել՝ ոստիկանի կողմից քանոնը Հասմիկ Սարգսյանի կոկորդին դնելու եւ այն կոկորդը մտցնելու սպառնալիքի փաստով:

Տանտերը ասում է՝ երկու օրվա ընթացքում կազատես բնակարանը, պատճառաբանելով, որ Մանաս Ստեփանյանը իր ազգականն է։ Ի դեպ, Հասմիկ Սարգսյանը ժամանակավոր կացարան տրամադրելու խնդրանքով դիմել էր Սիսիանի քաղաքապետարան, քաղաքապետի տեղակալ Վարդան Իվանյանն էլ հայտարարել է. «Գնացել ասուլիս ես տվել, սաղիս քցել ես, իրանց դիմի, թող իրանք օգնեն»։
«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Հասմիկ Սարգսյանի հայտնածը համարում է հաղորդում հանցագործության մասին:

Ի դեպ, իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, ապրիլին հանդես գալով միասնական հայտարարությամբ, դիմել էին նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ակնկալելով՝ հատուկ ուշադրություն դարձնել ընտանիքի սոցիալական խնդիրներին եւ գտնել այդ խնդիրները լուծելու օրենքով սահմանված հնարավորություններ։

Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ակնկալել էին, որ նա հանդես կգա դիրքորոշմամբ՝ ի պաշտպանություն սոցիալապես խոցելի խմբերի, հատկապես բազմազավակ, ընտանեկան բռնությունից տուժած եւ սոցիալապես խիստ անապահով կանանց, ովքեր իրենց երեխաներին սովից փրկելու համար գնում են քայլերի, որոնք սոցիալական աջակցության պարագայում կբացառվեին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

29.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասպուրակ says:

    Հարգելի Ռուզան Մինասյան,ես կարդալով Ձեր գրած հոդվածը ,առաջին հայացքից այնպիսի տպավորություն էր,թե մենք ապրում ենք մի երկրում,որտեղ բռնություն է կիրառվում զինվորի մոր վրա։Բայց կուզենայի անդրադառնալ նյութի երկրորդ մասին,հանձինս այն հանգամանքին,թե իբրև տանտերը ասում է,որ երկու օրվա ընթացքում կազատես բնակարանը,պատճառաբանելով,որ Մանաս Ստեփանյանը իր ազգականն է։Ես ՝ Ասպուրակ Ասատրյանս ,հանդիսանալով տան տեր,ինչպես դուք եք մատնանշել,նախ հավաստեմ,որ Մանաս Ստեփանյանը ոչ ՛իմ ազգականն է,ոչ՛էլ ընդհանրապես կապ է ունեցել Հասմիկ Սարգսյանին տանից ազատելու հետ։Հասմիկը տնից հանվել է առաջինը վարձ չտալու ,երկրորդ՝ հարևանների բողոքների պատճառով։Խնդրում ենք ստահոդ լուրերով միք հեղեղի թերթերը,ես որքանով տեղյակ եմ Հասմիկի համար սուտ խոսելը բնավորության գիծ է և գողությունը՝ ապրելակերպ։

  2. Ռուզան says:

    Հարգարժան Ասպուրակ Ասատրյան, ես հոդվածում գրում եմ. « Մայիսի 25-ին Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Սարգսյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը տեղեկացրել էր իր նկատմամբ սկսված նոր ճնշումների մասին»:Տեղեկացնում եմ, , որ իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր ասվածը հաղորդում հանցագործության մասին համարելու: Մինչ հրապարակումը, իրավապաշտպան կազմակերպությունը սոցիալական ցանցում բարձրաձայնել էր Հասմիկի ասածը, իսկ ես տեղեկացնում եմ այդ մասին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031