Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան. «Դրոյի ուշադրությունից դուրս մնացած որեւէ ընտանիք չի մնացել Վաղարշապատում»

Մայիս 30,2018 13:30

Խորհրդային տարիներին Վլադիմիրի քաղաքական բանտում անցկացրած, տասնյակ գրքերի հեղինակ, բանաստեղծ, քաղբանտարկյալ Մերուժանին հանդիպեցինք Սարդարապատի հուշահամալիրում: Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ ահա թե ինչ պատմեց «Առավոտին».

– Վաղարշապատի մեր տունը գտնվում էր Շահումյան փողոցում, որը ժամանակին կոչվում էր Իգդիրա շոշ: Այստեղ, այս փողոցում ապրում էին հիմնականում Վանից գաղթած, մազապուրծ եղած հայեր, որոնց թվում նաեւ Կարճիկյանների գերդաստանը՝ գաղթած Կարճվանից: Այս գերդաստանի նշանավոր զավակներից էին Հայկ Կանայանը (հետագայում Մոսկվայի Կրեմլի պրոֆեսոր), Խաչատուր Կարճիկյանը (Առաջին հանրապետության ֆինանսների նախարար), ինչպես նաեւ Հեղուշ, Մկրտիչ Կարճիկյաններն ու այլք:

Սարդարապատի ազատամարտի առաջին օրերից Վաղարշապատում սկսվեց մի ավանդույթ. յուրաքանչյուր այն հայ ընտանիքը, որն ուներ մեկից ավելի արու զավակ, չափահաս թե դեռահաս, պարտադիր պետք է ընդգրկվեին կամավորականների շարքում: Այդպիսիներից էին իմ հորեղբայրը՝ Վահան Հովհաննիսյանը եւ հայրս՝ Արտաշեսը, առաջինը ծնված 1891-ին եւ երկրորդը՝ 1895-ին:
Իգդիրա շոշը տվեց քսան հեծյալ եւ երեսունհինգ այլ կամավորականներ, որոնցից պատերազմից վերադարձավ կամավորականների մեկ երրորդը: Վաղարշապատի փողոցներում հանդիպած սեւ լաչակավոր կնոջը համարում էին որդեկորույս մայր: Ինչպես ընդունված էր, պատերազմից վերադարձած տղաները խորին ակնածանքով էին վերաբերվում սգավոր կանանց: Ամեն տարի ամռանը պարտեզները ոռոգելիս առաջին ջուրը հատկացնում էին զոհվածների ընտանիքների՝ պարտեզները ոռոգելուն:
Դրաստամատ Կանայանը՝ Դրոն, անչափ ուշադիր էր Վաղարշապատում ապրող այն ընտանիքներին, որոնք ունեին զոհված ազատամարտիկներ եւ ամեն անգամ այդ ընտանիքներին հանդիպելիս օգնություն էր ցուցաբերում՝ պարենամթերքի եւ կանխիկ գումարի տեսքով: Հայրս պատմում էր, որ Դրոյի ուշադրությունից դուրս մնացած որեւէ ընտանիք չի եղել Վաղարշապատում:

Ձախից աջ՝ մաուզերիստ Ռուբենը, Ջանոյի Հայկոն (իգդիրցիներ), Արտաշեսը (հայրը)

Երբ Դրոն հայտնվում էր Վաղարշապատում, այստեղ ողջ մնացած զինվորներն ու սպաներն անպայման այցելում էին իրենց Զորավարին, բերում էին իրենց խոնարհությունը եւ հրավիրում հյուրասիրության: Այստեղ կարծես թե պարտադիր լինում էր երաժիշտ Ասոն, եւ իր դուդուկով ճոխացնում սեղանը: Ի դեպ, խոսքն այն Ասոյի մասին է, որին հիշատակում է Վահան Տերյանն իր հետեւյալ տողերում.

«Երբ դու շրջում էիր որպես Յասոն
Եվ քեզ օրորում էր Ասոն»:

Այսպիսով, Վաղարշապատը հիշարժան է ոչ միայն որպես աթոռանիստ քաղաք, այլ նաեւ իր հերոսներով, պատմական նշանակություն ունեցող բնակավայր:

Պատրաստեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Լուսանկարները՝ 1918 թվականի 12 ապրիլի

Գլխավոր լուսանկարում` Վահան Հովհաննիսյան (հորեղբայրը)`
Գարեգին Հովսեփյան կաթողիկոսի երիտասարդության ընկերը

«Առավոտ»

29.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031