Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր հայրենիքը» անցումային դերակատարություն է ունեցել»

Մայիս 30,2018 13:00

Մշակույթի մարդիկ կրկին անդրադառնում են ՀՀ օրհներգի՝
նոր Հայաստանին ոչ համարժեք լինելուն եւ կոչ հղում օրենսդիրներին

Հայաստանի Երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-20թթ.) օրհներգը, բանաստեղծական տեքստում կատարելով որոշ փոփոխություններ:

30«Մեր հայրենիքը» մեր ժողովրդի նման բազմաչարչար է: Հազար անգամ անդրադարձ եղավ հիմնի խնդրին ու հազար անգամ էլ նույնը մնաց: Պարբերաբար Հայաստանի օրհներգի մասին խոսակցությունները թարմանում եմ: Օրհներգը ենթադրում է լինել ժողովրդի բոլոր շերտերի հոգու արտահայտիչն ու բոլորի շուրթի երգը: Որքան էլ «թշվառ, անտեր» բառերը վերափոխեցին «ազատ, անկախ»-ի՝ էությունը չփոխվեց: Այս միտքը «Առավոտի» հետ զրույցներում մշտապես արտահայտում են արվեստագետները, հավելում նաեւ, որ հիմնի մեջ այնքան շատ է «մահ» բառը, երգելիս որոշ բառեր սխալ են շեշտադրվում, էլ չխոսենք մեղեդու մասին, որը վերընթացի փոխարեն անընդհատ «վայր է իջնում»: Հիմա նորից, առայժմ դանդաղ, բայց թափ է առնում հիմնը փոխելու անհրաժեշտությունը: Մոտեցումները, ինչպես միշտ, տարբեր են: Մի մասը նախկինի նման գտնում է, որ անհրաժեշտ է վերականգնել Արամ Խաչատրյանի խորհրդային հիմնի երաժշտությունը՝ վերանայելով Սարմենի բանաստեղծական տեքստը, մյուս մասը հակված է Կառվարենց-Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը որպես օրհներգ տեսնելուն: Հիշեցնենք, որ տարիներ առաջ եղան նաեւ մրցույթներ, իրենց տարբերակները ներկայացրին կոմպոզիտորներ, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երզնկյանը:

Մեզ հետ հանդիպման ժամանակ ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ասաց. «Իմ կարծիքով, «Մեր հայրենիքը» անցումային դերակատարոթյուն է ունեցել: Այն դեռ որքան կձգվի, ինձ համար հասկանալի չէ: Վստահ եմ, որ մեր վերափոխման արդյունքում, բնականաբար, պետք է ունենանք նոր օրհներգ: Այդ ժամանակը հենց այսօր է: Անկասկած, հիմնը պետք է ընտրի ժողովուրդը: Բարձր եմ գնահատում խաչատրյանական հիմնը, լավ եմ վերաբերվում «Քեզ համար, Հայաստան» երգին: Բայց այնպես, ինչպես մարդկային պատմությունն ունի անցյալ, ներկա ու ապագա, այս ստեղծագործություններն էլ արդեն պատմություն են եւ գրված են հատուկ նշանակության համար, մեկը՝ որպես Խորհրդային Հայաստանի հիմն, մյուսը՝ երկրաշարժի առիթով: Այսօր, երբ կայացած հեղափոխության սերուցքը երիտասարդությունն է, պետք է հաշվի նստել նրանց ճաշակի հետ: Նրանք լավ գիտեն իրենց մղումներն ու լավ են պատկերացնում իրենց ապագան՝ բոլոր խիզախումներով հանդերձ: Հենց սա պետք է ողջունել: Համոզված եմ՝ պետք չէ վերադառնալ կամ փնտրտուք սկսել եղածների մեջ»:

Վաչե Շարաֆյանը մասամբ հաստատեց մեզ հասած տեղեկությունը, թե ինքն էլ ունի ստեղծած հիմն, բայց ինչ-ինչ պատճառներով դրա մասին լռում է: «Ժամանակին մտածել եմ, փորձ արել ստեղծել երկ, որը կարող է դառնալ հիմն, բայց այդ առիթով հայտարարություն անելու համար դեռ վերջակետի չեմ հասել: Չեմ բացառում, որ վերադառնամ այդ գաղափարին ու բարձրաձայնեմ դրա մասին»,- հայտնեց կոմպոզիտորը:
Զրույցի ընթացքում պարոն Շարաֆյանը տեղեկացրեց, որ 2015թ., երբ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում հնչեց իր «Անդաստան» կանտատը, հանդիպել է ճանաչված խմբավար Ալեքսանդր Սիրանոսյանին, որը մեծ հետազոտական աշխատանք է կատարել ներկայիս օրհներգի մասով: «Սիրանոսյանը վստահեցրեց, որ տարածված կարծիքը, թե «Մեր հայրենիքի» մեղեդին Բարսեղ Կանաչյանինն է, իրականությանը չի համապատասխանում. ըստ նրա՝ երաժշտության հեղինակը Կարա-Մուրզան է, որի միջոցով էլ այս մեղեդին տարածում է ստացել Կովկասում: Հետագայում Գլազունովը դա օգտագործել է իր հանրահայտ «Ռայմոնդա» բալետում»,- ասաց կոմպոզիտորը: Հիշեցնենք, որ գործող հիմնի առաջին օրվանից կարծիք է շրջանառվում, թե Բարսեղ Կանաչյանն է վերցրել այս մեղեդին «Ռայմոնդա» բալետից:

Օրերս էլ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ֆեյսբուքյան իր էջում գրառած միտքը, թե հունիսի երկրորդ կեսին իր եւ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ մշակութային քաղաքականության վերաբերյալ, ոգեւորել է արվեստագետներին, մեծամասամբ թատերագետներին: Թատրոնի մարդիկ մեզ հետ հանդիպումների ժամանակ մշտապես արտահայտել են այն միտքը, թե թատերագետ Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքականություն գնալով, միանշանակ տուժել է թատերարվեստը: Դատելով տիկին Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումից, մեկ-երկու ճանաչված արվեստագետների խոսքերով՝ «ախր ինչի՞ մեջ է պատրաստվում թաթախվել տիկին Զոհրաբյանը: Նորանկախ մեր երկրում իրենց դարն ապրած բոլոր ստեղծագործական միությունները ըստ էության եղել եւ մնում են դրանց նախագահների անձնական օգտագործման կառույցներ… Ուրիշ բան է, որ որպես արվեստագետ՝ տիկին Զոհրաբյանը վերջապես բարձրացնի մեր ներկա հիմնը քննարկելու հարցը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի ընթերցող եւ արժանի քաղաքացի,

    Մենք մեր ունեցած արժեքների հանդեպ ունենք պարտավորություններ,

    որոնցից մեկը Արամ Խաչատրյանն է:

    Պետք է բախտավոր համարենք մեզ, որ նա Հայաստանի Օրհներգը գրելու առիթը ունեցավ:

    Այդ գործի մեջ կա բյուրեղ հայկական արմատ, վսեմություն, ուժ, կորով, հպարտություն:

    Սովետականությունը բառերի մեջ է, մնում է փոխել այն եւ կունենանք հրաշալի Օրհներգ:

    Բոլոր Հայ Կոմպոզիտորները պետք է միաբերան այս հարցը փակեն առ ի հարգանք

    Խաչատրյանի եւ իրենց ստեղծագործական մտքի թռիչքը գործի դնեն ուրիշ տեղ :

    Նոր սերունդի անունով, կամ այսօրվա իրադարձությունների բերումով ”թացը չորի հետ չվառենք”:

    Խաչատրյանի Օրհներգը ուր էլ որ հնչի,

    կարտացոլի մի բան

    ”Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստան”

    :

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031