Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում է իր կալանավորված օգնականը

Մայիս 29,2018 23:42

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մայիսի 28-ին այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նա շրջել է տարածքում, ծանոթացել անազատության մեջ գտնվողների պայմաններին:

Այս ՔԿՀ-ում է պահվում նաեւ Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը, որն օրերս է կալանավորվել Ուլնեցու փողոցում ապրիլի 21-ին կազմակերպված անկարգությունների պատճառով։

Հանդիպե՞լ է արդյոք ԱԺ պատգամավորը կալանավորված իր օգնականին՝ դեռեւս չենք կարողացել պարզել:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Իսոյանին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ Միհրան Պողոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և «վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։ Նախ՝ գործով ենթադրյալ կասկածյալի մեղավորությունը հիմնավորող առկա ապացույցները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ կալանավորման որոշում կայացնելու համար։ Ըստ էության, առաջադրված մեղադրանքն ապացուցող և ոչ մի փաստ ներկայացված չէ։ Ավելին` առերեսման ընթացքում որպես վկա հանդես եկող քաղաքացին հայտնել է, որ չի ճանաչում Ա. Իսոյանին։ Իսկ սույն գործով որպես տուժող ճանաչված քաղաքացին հայտնել էր, թե իբր Ա. Իսոյանը մահակով հարվածներ է հասցրել իրեն։ Սակայն, երբ փաստաբանի պահանջով ուսումնասիրվել են համապատասխան տեսանյութերը, ապացուցվել է ճիշտ հակառակը՝ սուտ մատնության փաստը։ Մեղադրող կողմն ընդունել է այս իրողությունը։

Երկրորդ՝ համոզիչ ապացույցների բացակայության պարագայում կալանավորման որոշման հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Ավելին՝ նման գործելաոճը բնորոշ է հենց «վենդետայի սկզբունքով» առաջնորդվելու տրամաբանությանը։

Երրորդ՝ եթե իմ օգնականը, այնուհանդերձ, որևէ կերպ մասնակից է եղել տվյալ միջադեպին, միևնույն է նրան կալանավորելու որոշումը հակասում է նախադեպային իրավունքի դրույթներին։ Նմանատիպ զանցանքների պարագայում մինչ այս կալանավորում չի կիրառվել։

Այս ամենը հանրագումարի բերելով՝ արձանագրում ենք, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ»:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031