Կիևում սպանվել է ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոն: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել են, որ մեջքին ստացած հրազենային վիրավորումից մահացել է 1977թ. ծնված տղամարդ՝ հեռուստաալիքներից մեկի հաղորդավար: Գերատեսչությունում սպանվածի անունը չի հաղորդվում, մինչդեռ հայտնի է, որ Բաբչենկոն ծնվել է 1977թ. և վերջին շրջանում աշխատում էր որպես հաղորդավար ղրիմ-թաթարական ATR հեռուստաալիքում:
Բաբչենկոյի սպանության մասին առաջինը Facebook-ի իր էջում հայտնել է լրագրող Այդեր Մուջաբաևը: Նրա խոսքով՝ Բաբչենոկոյին սպանել են իր տանը՝ կրակելով մեջքին: Սպանության այլ մանրամասներ հայտնի չեն:
Բաբչենկոն Ռուսաստանը լքել էր անցյալ տարի: Նրա խոսքով՝ ինքը տեղեկություններ ուներ, որ ինքն «ավելի լավ է որոշ ժամանակով հայրենիքի սահմաններից դուրս ապրի»: Այդ ժամանակ Բաբչենկոն հրաժարվել էր իր տեղափոխության մասին այլ մանրամասներ հայտնել՝ նշելով միայն, որ դա կապված է «ազատության և անազատության» հարցի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ