Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ընթացակարգ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուան հատուկ բրիֆինգին՝ նվիրված Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը:
Դոնդուայի խոսքով՝ Ռուսաստանի կողմից մանիպուլյացիաների արդյունքում սիրիական կողմը ընդունել է անօրինական որոշում և խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:
«Տվյալ գործողությամբ Ասադի վարչակարգը աջակցել է Ռուսաստանի ռազմական ագրեսիային ընդդեմ Վրաստանի և տարիներ շարունակվող էթնիկ զտումներին»,-հայտարարել է Դոնդուան:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վրացական կողմը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ