Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման եւ մայիսյան հերոսամարտերի հաղթանակների 100-ամյակի տոնակատարություններին մասնակցող սփյուռքի հյուրերի թվում էր ամերիկահայ գործարար Արսեն Սարգսյանը, որը Հյուսիսային Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի մոտ 5000 թվաքանակ ունեցող հայ համայնքի համակարգողներից է:
Aravot.am-ին նա հայտնեց, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժման եւ իշխանափոխությունից հետո մտադիր է հայրենիք տեղափոխվել: Մինչ այդ նա 17 տարի ընտանիքով ապրել ու գործել է ԱՄՆ-ում, որդիների հետ մեքենաշինական, մեքենաների վաճառքի եւ բեռնափոխադրումների խոշոր բիզնես ղեկավարել:
Չորս թոռների պապիկ Արսեն Սարգսյանը պատմեց, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժման առաջին օրերին ցանկացել է Երեւան վերադառնալ, սակայն բժիշկները խորհուրդ չեն տվել ճամփորդել, քանի որ առողջական խնդիրներ ունի: Պարոն Սարգսյանը, սակայն, անձնական բժշկի թույլտվությունից հետո ինքնաթիռ է նստել:
«Մենք ժամանեցինք Սերժ Թանկյանից մեկ օր առաջ: Նրա գալու օրն էլ պաստառներով օդանավակայանում էինք: Ապշած էի, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիները նրան դիմավորում: Նման համախմբվածություն եւ մթնոլորտ երբեւէ չէի տեսել»,-պատմում է նա:
Արսեն Սարգսյանն ընդգծում է՝ սփյուռքում մեծ հնարավորությունների տեր հայեր կան եւ ժամանակն է, որ նրանք վստահություն ցուցաբերեն եւ իրենց լուման ներդնեն հայրենիքի շենացման գործում: «Երբ քայլում եմ Երեւանի փողոցներում, յուրօրինակ դրական էներգիա եմ ստանում: Կցանկանայի, որ բոլորս միասին գնահատեինք այս երկրի քաղցրությունը եւ ժողովրդական հաղթանակը վերածենք վերջնական արդյունքի: Մարդկանց պահվածքում անգամ մեծ բարություն եմ նկատում»,-երեւանյան տպավորություններն այսպես է ներկայացնում մեր զրուցակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ