Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (OCCRP) համացանցային կայքն անցյալ շաբաթ բացահայտեց հավանաբար ապօրինի լոբբինգ ԱՄՆ-ում, որը ֆինանսավորվել է ադրբեջանական աղբյուրներից:
2018 թվականի մայիսի 23-ին հետաքննող լրագրող Ջոնի Ռեյթը տեղեկացրեց, որ «փողերի մի մասը, որ փոխանցվել է «ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով և ապօրինի հիմնադրամի միջոցով, որով 2012-ից 2014 թթ. ընկած ժամանակահատվածում երկրից արտահոսել է 2,9 միլիարդ դոլար, ենթադրվում է, որ հայտնվել է ադրբեջանական կազմակերպության ձեռքում, որը Վիրջինիա նահանգում մեկ տասնամյակից ավելի վարձել է մի ընկերություն ԱՄՆ կառավարությանը լոբբինգ անելու համար»:
OCCRP- ն ավելի վաղ հաղորդել էր, որ «հիմնադրամից գումարներ են օգտագործվել Ադրբեջանի կառավարության քաղաքական օրակարգի առաջխաղացման համար,իսկ մի մասն էլ հայտնվել է եվրոպական քաղաքական գործիչներին պատկանող բանկային հաշիվներում, որոնք բարձր են գնահատել նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա կողմից ձերբակալվում էին լրագրողներ և քաղաքական գործիչներ: Դրամական միջոցների իրական ծագումն անհայտ է՝ թաքնված գաղտնի կեղծ ընկերությունների հետևում: Սակայն կան բավարար ապացույցներ, որ դրանց հետևում կանգնած է ավտորիտար երկրի իշխող վերնախավը»:
Անցյալ շաբաթ OCCRP-ը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից ստեղծված երկու կեղծ ընկերություններն «ավելի քան մեկուկես միլիոն դոլար են փոխանցել Բաքվի մի խորհրդավոր «Ռենեսանս» Associates անվամբ կազմակերպությանը», որն իր հերթին վարձել է «ամերիկյան մի ընկերություն՝ Ադրբեջանին գովաբանելու նպատակով և իր ներկայացուցիչներն է ունեցել, որոնք հազարավոր դոլարների քարոզչական նվիրատվություններ են արել, այդ թվում՝ սենատորներին և ներկայացուցիչներին, որոնք նստած էին արտաքին օգնության բյուջեները որոշող հանձնաժողովներում»:
Այս ծրագրի կենտրոնում է Էլխան Սուլեյմանովը, որը «ղեկավարում է վարչակարգին նվիրված մի կազմակերպություն Բաքվում, և որը կարծես թե ձեռք ձեռքի տված աշխատում է «Ռենեսանսի» հետ, նույնիսկ օգտագործելով միևնույն գրասենյակային տարածքը … Այլ գումարներ են վճարվել նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որը ներկայացնում է գաղթականի հաջող պատմություն և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, նույն այն ժամանակ, երբ նա ևս լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի անունից»:
Համաձայն OCCRP-ի՝ Metastar Invest-ը և Hilux Services-ը երկու օֆշորային ընկերությունները 1,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով 18 վճարում են կատարել «Ռենեսանս» Associates S.A.-ին 2012 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ Լիխտեյնշտեյնում գտնվող Volksbank AG և Շվեյցարիայում գտնվող Privatbank IHAG Zurich AG բանկերի երկու առանձին բանկային հաշիվներից: Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող Bob Lawrence & Associates (BL&A) լոբբիստական ընկերության կողմից ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ ներկայացրած հաշվետվության մեջ ցույց է տրված, որ այն «Ռենեսանսից» ստացել է 1,5 միլիոն դոլար, որը գրեթե հավասար է այն գումարին, որ ադրբեջանական կեղծ ընկերությունները փոխանցել են «Ռենեսանսին»՝ BL&A-ի միակ միջազգային հաճախորդին:
2004 թվականից սկսած BL&A-ն զբաղվել է նախագահ Ալիևի այցով Սպիտակ տուն, իսկ երեք տարի անց կազմակերպել է նախագահ Օբամայի քարոզարշավի նախկին ղեկավար Դեյվիդ Փլուֆի այցը Բաքու և հանդիպումը ադրբեջանցի պաշտոնյաների հետ: BL&A-ն նաև լոբբինգ է արել՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական հատկացումներ կատարելու համար, ընդդեմ Արցախի, և Ադրբեջանից դեպի Թուրքիա նավթամուղի համար: 2008-2016 թթ. BL&A-ի նախագահ Բոբ Լորենսը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի առջև, առաջարկելով օտարերկրյա օգնություն տրամադրել Ադրբեջանին: Իր վկայության մեջ Լորենսը Հայաստանն անվանել է «ավազակապետություն… հստակ պաշտպանելով հանցագործներին», և որը խախտում է մարդու իրավունքները:
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի զեկույցներում նշվում է, որ BL&A-ն 2015 թ. 250 հազար դոլար է վճարել Crane Group-ին Ադրբեջանի անունից վարձելու համար: Միևնույն ժամանակ, BL&A-ն պայմանագիր է կնքել նախկին կոնգրեսական Սոլոմոն Օրտիզի (դեմոկրատ, Տեխաս) և նրա Solomon P. Ortiz Holdings LLC ընկերության հետ, որպեսզի լոբբինգ անի ի նպաստ Ադրբեջանի:
OCCRP-ը նաև տեղեկացրել է, որ «2012- 2015 թթ. ընկած ժամանակահատվածում, որպես լոբբիստ գրանցված անձինք, ուղղակիորեն կամ անուղղակիորեն գործելով «Ռենեսանսի» անունից, հազարավոր դոլարներ են նվիրաբերել քաղաքական թեկնածուներին, այդ թվում՝ սենատորներին և ներկայացուցիչներին, որոնք ժամանակին նստած էին հատկացումների ենթահանձնախմբերում կամ ղեկավարում էին դրանք»:
Զարմանալիորեն և հավանաբար ապօրինի կերպով, BL&A-ն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում չի գրանցվել որպես լոբբիստ Ադրբեջանի համար: Իր համացանցային կայքում BL&A-ն նշում է, որ «այն չի աշխատում, չի զեկուցում կամ ուղղություն չի ստանում Ադրբեջանի կառավարությունից կամ ադրբեջանական կառավարության որևէ անդամից»: OCCRP հայտարարել է, որ «2005 թվականին՝ «Ռենեսանսի» հետ աշխատանքն սկսելուց մեկ տարի անց, Ադրբեջանի «Թուրան» անկախ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ նամակ էր ստացել, որով «Ռենեսանսը» ճանաչվել էր որպես լոբբիստական կազմակերպություն, որը ներկայացնում էր Ադրբեջանի կառավարությունը Վաշինգտոն»:
Ավելին, «առնվազն 2006 և 2008 թթ. BL&A-ի կայքը որպես իր հաճախորդ ավելի շուտ թվարկել էր Ադրբեջան երկիրը, քան «Ռենեսանսը»: 2012 թ. մայիսին BL&A-ն համաձայնել է ներկայացնել Ադրբեջանի դեսպանատունը և դա բացահայտել համաձայն FARA-ի [«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի], նախքան գրանցումն արագ չեղյալ հայտարարելը՝ պնդելով, թե որևէ ծառայություն չի իրականացվել և որևէ գումար չի ստացել»:
BL&A-ի կայքն ընդունում է, որ համագործակցում է Ադրբեջանում Քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի (ACSDA) հետ, որը Բաքվում գործող կառավարամետ կազմակերպություն է և ղեկավարվում է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Էլխան Սուլեյմանովի կողմից: Համաձայն BL&A-ի կայքի՝ «Ռենեսանսը» «աջակցում և սնում է ACSDA-ին: Երկու կազմակերությունները գտնվում են Բաքվի միևնույն հարկաբաժնում»: OCCRP-ը տեղեկացրել է նաև, որ «երբ 2016 թ. ապրիլին ACSDA-ն ստորագրել է եռամսյա պայմանագիր ամերիկյան Greenberg Traurig լոբբիստական ընկերության հետ, ընկերության՝ FARA-ին ներկայացրած դիմումը ցույց է տալիս, որ ամսական 25 հազար դոլար վճարումները կատարվել են «Ռենեսանսի» կողմից»:
OCCRP-ի ծավալուն զեկույցը բացահայտում է բազմաթիվ այլ լոբբիստական գործողություններ, որոնք ֆինանսավորվել են այս գաղտնի ապօրինի հիմնադրամի կողմից: Այս բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով մանրակրկիտ հետաքննություն: Դատական հայց պետք է ներկայացվի ընդդեմ BL&A-ի՝ արգելափակելու նրա չգրանցված լոբբիստական արշավները…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի