Այս պահին «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամներն ու դասադուլին միացած ուսանողները շարունակում են գտնվել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
«ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել գիշերն անցկացնել համալսարանում. «Որոշեցինք մնալ համալսարանում, քանի որ քննարկելու շատ բան ունենք:
Այստեղ օպտիմալ տարածք, պայմաններ կան, այս տարածքը հռչակել ենք ուսանողական, դասախոսական տարածք: Գիշերը բուռն քննարկումներ կընթանան, դասախոսներ, այլ ուսանողներ հնարավորություն կունենան գալ այստեղ և մասնակցել քննարկումներին: Այնուհետև կքնենք»:
Նշենք, որ այսօր Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրն է, և նա որոշեց այդ օրն անցկացնել ԵՊՀ-ում:
Հիշեցնենք՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն արդեն լքել է ԵՊՀ-ն, ավելի վաղ հայտարարել էր, թե չի պատրաստվում ճնշման ներքո հրաժարական տալ: Այնուհետև Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունն այնքան վատացավ, որ շտապօգնություն եկավ:
Մամուլի խոսնակի հավաստմամբ՝ նա արյան ճնշման տատանում է ունեցել: ԵՊՀ ռեկտորը նաև հայտարարեց, որ իր վրա քաղաքական ճնշում է գործադրվում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ