Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բոլոր փողոցներն ունեն անձրեւատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը

Մայիս 29,2018 21:00

Հարգելի քաղաքացիներ.

Վեոլիա Ջուր ՓԲԸ հիմնական գործառությունից մեկը նաեւ վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրեւաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է: Այն իրականացվում է գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով: Մասնավորապես, նվազագույնը տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաեւ վերանորոգվում, ինչի շնորհիվ անձեւատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին: Իսկ անձրեւաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության:

Տվյալ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունում ձեւավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս: Շատերը տեսած կլինեն. աղբը անձրեւընդունիչներից Վեոլիա Ջրի աշխատակիցները հանում են ու կուտակում հարեւանությամբ, որն այնուհետեւ հեռացվում է «Սանիտէք» ընկերության կողմից:

Սակայն մեր կողմից վարձակալած Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրեւատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը: Դա հետեւանք է այն բանի, որ Երեւանի բուռն զարգացումը անցած տասնամյակների ընթացքում հիմնականում չի ուղեկցվել անձրեւատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ:

Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրեւաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրեւատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը: Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է: Արդյունքում, եթե մեղմ անձրեւները աննկատ են մնում երեւանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրեւների ժամանակ երբեմն անձրեւատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը: Դրանք կուտակվում են հիմնականում փողոցներում՝ խոչընդոտելով տրանսպորտի աշխատանքն ու անհարմարություններ պատճառելով անցորդներին:

Նման այդպիսի մի երեւույթի ականատես եղան երեւանցիները վերջին օրերին, որի համար, որպես ակամա մեղավոր, հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում խնդրի լուծման գործում մեր պատրաստակամությունը:

Տեղեկատվության կարգով այնուամենայնիվ նշենք, որ ըստ օդերեւութաբանների, վերջին օրերին մայրաքաղաքում հատվածաբար տեղացած անձրեւները եղել են արտակարգ հորդառատ եւ գերազանցել են նորմերը մի քանի անգամ: Վեոլիա ջրի մասնագետները, ովքեր, ելնելով եղանակային կանխատեսումներից, այդ ժամերին հերթապահել են ջրի հնարավոր կուտակման վայրերում, ամենուր չէ, որ կարողացել են ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը նույն՝ անձրեւատարների անբավարար թողունակությամբ պայմանավորված:

Իսկ խնդրի արմատական լուծումն առկա համակարգի առաջընթաց տեմպերով զարգացումն է, որը ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված վարձակալության պայմանագրով դրված է Վարձատուի՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի վրա: Ելնելով դրանից, վարձակալ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն, որպես շահագործող կազմակերպություն, դիմել է վերջինին, խնդրելով Երեւան քաղաքի անձեւատար համակարգերում գոյություն ունեցող խնդիրները ներառել պետական ներդրումային ծրագրերում՝ տեսանելի ապագայում դրանց լուծում տալու նպատակով:

 

Վեոլիա ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031