Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկտորը բուհը վերածել է շուկայի»․ արվեստագետները՝ Գյումրու կոնսերվատորիայում տիրող մթնոլորտի մասին. (Տեսանյութ)

Մայիս 29,2018 20:21

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին մի քանի աշխատակիցներ ու ուսանողներ, ինչպես նաև ուսխորհրդի նախագահն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ՝ տնօրեն Կարինե Ավդալյանից պահանջելով ինքնակամ հրաժարվել այդ պաշտոնից։

Արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը, որը կոնսերվատորիայի նախկին դասախոսներից է․ հինգ տարի առաջ ինքնակամ հեռացել է այնտեղից, ասաց, որ եթե չլիներ թավշյա հեղափոխությունը, իր հեռանալու պատճառը երբեք չէր բարձրաձայնի։

«Մտածում էի, որ կոնսերվատորիայի տնօրեն Կարինե Ավդալյանի հեռացումը կլինի շատ արագ, հեղափոխությունից անմիջապես հետո, որովհետև բարեփոխումներ այդ բուհում, ցավոք, անցկացնել հնարավոր չէ։ Բուհում երաժշտական բարձրագույն կրթության ռազմավարությունը շեղված է, բովանդակախեղված է, առաջնահերթությունները ամենևին շրջված են գլխիվայր։ Սկսեմ նրանից, որ բուհում կարևորագույն խնդիրը պետք է լինի երաժշտական կրթությունը, գիտելիքը, և այդ գիտելիքի կրողն առաջին հերթին դասախոսն է։ Բուհում դասախոսի գիտական աշխատանքի, գիտական աճի ուղղությամբ բացարձակ ոչ մի տիպի աշխատանք չի տարվում։

Ես հեռացել եմ այն պատճառով, որ Կարինե Ավդալյանի գալուց ընդամենը 3 տարի հետո՝ 2005 թվականին գիտական աստիճան եմ ձեռք բերել և դրանից հետո ենթարկվել եմ սիստեմատիկ նվաստացումների։ Ինչպիսի՞․ բոլոր իմ գործընկերներն առանց գիտական որևէ աստիճանի ստացել են դոցենտի հրամաններ, պրոֆեսորների հրամաններ, որից հետո իրենք պետք է անպայման անցնեին ԲՈՀ-ի համակարգի միջոցով, այդ հրամանը ինձ նույնիսկ չի տրվել։ Եվ երբ 2013 թվականին այնտեղ բացվեց մագիստրատուրա, ինձ շատ հետաքրքիր հարցականով հարցրեցին՝ մի՞թե դու այնտեղ հավակնություն ունես աշխատելու։ Այսինքն՝ եթե գիտական աստիճան ունեցող մարդը չպետք է աշխատի մագիստրատուրայում բուհի, և պետք է այնպիսի մարդիկ աշխատեն, որոնք չեն աշխատել իրենց դասախոսական կարիերայի վրա․․․Ես հեռացել եմ՝ ասելով, որ գնում եմ Արցախում աշխատելու»,-ասաց Հասմիկ Հարությունյանը։

Նա նաև նշեց, թե Կարինե Ավդալյանի կողմից կազմակերպվող «Վերածնունդ» փառատոնը բուհի երաժշտական զարգացման ցուցիչ չէ, փառատոնը ոչինչ չի տալիս մեր քաղաքի երաժշտական կրթության որակը բարձրացնելու համար։ Ըստ բանախոսի, կրթությունը չպիտի փոխարինել փառատոնով, փառատոնը կարող է լինել 10-րդ կամ 11-րդ տեղում, իսկ առաջին տեղում պետք է լինի պրոֆեսիոնալ կադր պատրաստելը։ Հասմիկ Հարությունյանի ասելով՝ բուհը պետական է ու չի կարելի այսպես յուրացնել տնօրենի պաշտոնը։

«Ես առաջարկություն ունեմ՝ Կարինե Ավդալյանը այն հասարակական կազմակերպության միջոցով, որով անցկացնում է «Վերածնունդ»-ը, շարունակի, բայց բուհի կառավարումը նա պետք է լքի, հեռանա, բարեփոխում այդ համակարգում հնարավոր չէ։ Բուհում տնօրենը տանում է միանձնյա կառավարում։ Խնդրում եմ հեռացեք, ինչը որ հաջողված է ձեզ մոտ, փառատո՞նը, գնացեք շարունակեք փառատոնային գործունեությունը»,-ասաց բանախոսը։

Նա նշեց, որ մարզի երաժշտական դպրոցները համախմբված չեն այս բուհի կողքին․ սոցիալապես անապահով, բայց տաղանդաշատ երեխաներին սրտացավ ոչ մի մոտեցում չի ցուցաբերվում, իսկ նոտա չիմացող երեխան ընդունվում է կոնսերվատորիա։

Հասմիկ Հարությունյանը նշեց, որ կոնսերվատորիայից հետո հրավիրվել է աշխատելու Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ, որը հիմա Շիրակի պետական համալսարան է դարձել, սակայն ռեկտոր Սահակ Մինասյանը երգ-երաժշտության բաժնի պետպատվերի տեղերը նվիրել է Կարինե Ավդալյանին։

«Ես Լևոն Մկրտչյանի մոտ գնայի, ի՞նչ խոսեի։ Լևոն Մկրտչյանն այս համակարգի մասնիկն է եղել, իշխանությունը յուրացրած, որ ասում են՝ ինչպե՞ս է յուրացվել, այ, այսպես է յուրացվել։ Ստիպված գլուխդ կախ նայում ես, ինչ անես», -ասաց Հասմիկ Հարությունյանը։

Դաշնակահարուհի Լիանա Սեֆերյանն էլ պատմեց, որ «Իմպրոռիթմ» արվեստի վարժարանի հիմնադրումից հետո մի քանի ամսի հետո ընդունվել է աշխատանքի՝ որպես դաշնամուրի դասատու, սակայն վերջում պարզվել է, որ ինքն այնտեղ ընդհանրապես չի աշխատել, Կարինե Ավդալյանն էլ իր հետ ոչ առնչություն է ունեցել, ոչ էլ ճանաչում է։ Նա այնտեղ աշխատել է 5 տարի, սակայն 4 ամսվա ստաժ են գրել։

Նա ասաց, որ Կարինե Ավդալյանն աշխատանքային պայմանագիր ոչ մեկի հետ չի կնքում, չնչին աշխատավարձ է տալիս, ընդ որում չլչլելով ու երբեմն էլ ընդհանրապես չվճարելով։

«Հենց առաջին օրվանից ասում էի՝աշխատանքային գրքույկս բերեմ, հա էսօր, հա վաղը, մարդ ես, վերջը աշխատավարձով կցանկանաս ինչ-որ ապառիկ գրվել, վերջում պարզվեց, որ ես ընդհանրապես ստաժ չեմ ունեցել։ Աշխատավարձս ամսական 2500 դրամ էր , հետո աշխատավարձը բարձրացավ, դարձավ 4500 դրամ, վեդոմոստը կստորագրեի ու կստանայի 4500 դրամ։ Եղել է, որ 10, 15 աշակերտ եմ ունեցել, բայց ուզում է 20 աշակերտ ունենայիր, 4500 դրամ էր ու վերջ։

Ես հիմա պայքարում եմ իմ աշխատանքային ստաժի վերականգման համար։ Ասեմ, որ ես էն տարիներին էլ փորձեցի պայքարել, իմ աղջիկն այդ ժամանակ սովորում էր վարժարանում, 4-րդ դասարանից երեխաս ընդունվել է ու դասարանում եղել է միակ աշակերտը։ Երբ որ ինքը սկսեց էդ ստորությունները, էդ անշնորհք բառապաշարը, էդ անմակարդակ, շուկայական արտահայտություններով, ես ստիպված որպես Հայաստանի սովորական քաղաքացի՝ դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ավդալյան Կարինեն կանչեց ինձ իր կաբինետ ու ամենավերջին խոսքերով, կնոջը ոչ հարիր բառերով ասաց՝ դու աղջիկ ունես, դու չե՞ս ուզում, որ քո աղջիկը մեծանա։ Իր դարակում դրված էր նամակս ու ասեց՝ ես Սերժի կաբինետը քացով կբացեմ, դու իմ համար ի՞նչ ես։ Ու ես հասկացա, որ ես ոչ մի բան անել չեմ կարող, որովհետև բոլորը մի թելով կապված էին իրար հետ։ Եթե ես տեսնում եմ, որ վերևից է ամեն ինչը գալիս, էլ ինչ կարող եմ պահանջել», -ասաց բանախոսը։

Երաժշտագետ Ռուզաննա Շախպարոնյանը, որը նույնպես դասավանդել է «Իմպրոռիթմ» արվեստի վարժարանում ու նաև կոնսերվատորիայում, աշխատել է 10 հազար դրամով, նշեց, որ կոնսերվատորիա են ավարտում այնպիսի կադրեր, որոնք տարրական գրագիտությունից զուրկ են։ Նա այժմ աշխատում է «Գոհար» երգչախմբում, ըստ նրա, իրենց մոտ գալիս են կոնսերվատորիայի այնպիսի շրջանավարտներ, որոնք կարմիր դիպլոմները ձեռքերին՝ նոտա կարդալ չգիտեն։

Կոնսերվատորիայի նախկին ուսանողուհիներից Արփինե Խլղաթյանն էլ ասաց, որ արվեստի կրթօջախը հարիր չէ վերածել առևտրի կենտրոնի։ Նա պատմեց, որ կարմիր դիպլոմով ավարտելով Դիլիջանի արվեստի քոլեջը՝ դիմել է ընդունվելու կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ, սակայն այստեղ իր մոր հետ առանձնազրույց են ունեցել ու թղթիկ տվել, որտեղ նշված են եղել ընդունելության գներն՝ ըստ ֆակուլտետների ու անվճար տեղերի։

«Եթե ես ցանկանայի ընդունվել դաշնամուրային ֆակուլտետի անվճար բաժին, ես պիտի վճարեի 4 հազար դոլար։ Բայց մասնագետները ինձ չեն լսել՝ ես կարո՞ղ եմ դո մաժոր, գամա նվագեմ, երաժշտական կրթություն ունե՞մ», -ասաց բանախոսը։

Նա, այնուամենայնիվ, կարողացել է ընդունվել բուհ առանց կաշառքի։ «Մինչդեռ ինձ ասում էին՝ դու ո՞վ ես, որ ընդունվես, Ադամյանի աղջիկը պիտի ընդունվի։ Ես ոչ մեկին չեմ ճանաչում, ես չգիտեմ Ադամյանն ով է, ես եկել եմ ուրիշ քաղաքից ու ուզում եմ իմ հարազատ քաղաքում ընդունվել իմ երազած բուհը՝ հասկանալով, որ դա իրենից մակարդակ պետք է ներկայացնի, բայց, ցավոք, չկա այդ մակարդակը և ինչպես մեր դասախոսները նշեցին, պետք է այն վերականգնել։ Եվ միակ միջոցը, ինչպես որ Սերժ Սարգսյանի հետ վարվեցին, ուղղակի հեռացեք, Ավդալյան ջան», -ասաց բանախոսը։

Կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողուհի, ուսխորհրդի նախագահ Լենա Խրխրյանն էլ իր օրինակից որոշակի փաստեր ներկայացնելով, ասաց, թե ինչպես են արհեստականորեն ցածրացնում լավ սովորող ուսանողների գնահատականը, որպեսզի անվճար ուսուցման համակարգ հանկարծ չտեղափոխվեն։ Ըստ նրա, բարձր գնահատականները պահում են իրենց իսկ կողմից անվճար ընդունած ուսանողների համար։ «Նայում եմ անվճարներին ու տեսնում եմ, որ շատ-շատերը գաղափար չունեն երաժշտությունից։ Շատ-շատերը շատ լավ կատարողներ են, բան չունեմ ասելու, բայց սոլֆեջո, հարմոնիա, մնացած տեսական առարկաները իրենք չգիտեն, իսկ ես, որ նստում, 40 հարց գիշերը տանջվում, սովորում եմ, ինձ ասում են՝ 16 միավորից բարձր չդնենք», -ասաց ուսանողուհին։

Այնուհետ, բանախոսը ներկայացրեց, որ բուհը բառի իսկական իմաստով ուսխորհուրդ չուներ, այն ձևական մի կառույց է եղել, որը երբեք ժողով չի արել։ Բողոքելուց հետո նոր միայն, օրենքի կետերը պահպանելով, ուսխորհուրդ է ընտրվել։

Նա նաև նշեց, որ դասի չեկած ուսանողներից մեկը ստորագրահավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն բուհի ռեկտորի, որը, ըստ նրա, միշտ խրախուսում է ուսանողներին ու իբրև թե բուհում հրաշք իրավիճակ է։ Բանախոսը հրաժարվել է ստորագրել։ Նա ներկայացրեց, որ բուհում վախի մթնոլորտ է տիրում։

«Բուհի ռեկտորն ասում է՝ ես չլինեմ կոնսերվատորիան կփակվի, ես ատամներով եմ պահում բուհը, ինձ որ հանեցին, ուրիշին կբերեն, ուրիշն էլ որ եկավ, կփակի»,- ասաց Լենա Խրխրյանը։

Ասուլիսին ներկա էր նաև Գևորգ Գևորգյանը, որն առաջինն էր իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել կոնսերվատորիայում տիրող իրավիճակի մասին, նույնիսկ Կարինե Ավդալյանին անվանել էր «Կարինե Կաշառակերովնա»։ Մեր հարցին՝ ինչո՞ւ է այդպես անվանել, բուհի նախկին ուսանողն ասաց, որ իր ընդունելության ժամանակ ևս հայտնել են, թե տեղերը վաճառված են, չես կարող ընդունվել անվճար, քանի որ անվճար տեղերի համար արդեն վճարել են այսինչ մարդիկ ։ «Այսինքն ուշ էինք հասել», -ծիծաղեց բանախոսը։

Գևորգը, ընդունվելով բուհ ու հիասթափվելով մթնոլորտից, կիսատ է թողել ուսումը։

Մենք այսօր փորձեցինք լսել նաև Կարինե Ավդալյանին, սակայն նրա մամլո ծառայությունից փոխանցեցին, որ նա պետական քննության է մասնակցում և ամենայն հավանականությամբ վաղը կպատասխանի լրագրողների հարցերին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031