ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում այսօր կազմակերպվել էր Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային տարբեր գիտական ակադեմիական խմբի անդամ, ԱՀ նախկին պատգամավոր Կարեն Օհանջանյանի «Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» գրքի շնորհանդեսը: Ռուսերեն Ժողովածուն ամբողջացնում է արցախցի գրողի բանաստեղծություններն ու պատմվածքները` ստեղծված կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածներում:
Արցախյան շարժման ակտիվ մասնակցության նրա հիշողություններն են նաև արտացոլված բանաստեղծություններում: Գրքի հրատարակության հարցում աջակցել է Արցախ ՀԷԿ ընկերությունը: Հեղինակը պատրաստվում է գրքի արցախյան շնորհանդեսին:
Մայիսյան հաղթանակների օրերին հայաստանյան հայտնի փիլիսոփաներ, գրական քննադատներ եկել են շնորհավորելու Կարեն Օհանջանյանին` առաջին գրքի շնորհանդեսի առիթով: Գաղափարակից ընկերներն ու մտավորականություն է տալիս առաջին գնահատականը: Արցախյան բարեկամներն են փաստում. Կարեն Օհանջը գրական կեղծանուն չէ, Արցախում նրան հենց այդպես էլ կոչում են և մեծ է նրա ավանդը, ինչպես արցախյան շարժման տարիներին, այնպես էլ քաղաքացիական հասարակության կայացման գործում` նա միշտ նոր է ու նոր մտածողության` այսօր նա Արցախում առաջնորդում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը:
Նա միշտ տարբեր է ու հավատարիմ` ոչ միայն ընկերության, այլև համոզմունքների հարցում` Օհանջի տողերը ընկալելու համար` նրան ճանաչել է պետք` նա կարող է դոկտորական թեզ պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային բրյուսելյան ակադեմիայում, կարող է անդամակցել հարյուրից ավելի միջազգային կառույցների, արժանանալ խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակի կամ ` մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար ստանալ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև:
Սակայն` Կարեն Օհանջի գործունեության առանցքը Արցախն է ու հիմնախնդրի խաղաղ կարգավորման խնդիրը: Այդ մասին հեղինակն է խոստովանում` «Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» գրքի գաղափարը` որ հուշել են հրատարակել ընկերները արցախյան շարժման հասակակիցն է:
Շատ տողեր ու էջեր վառվել են մութ ու ցուրտ տարիներին, երբ վառարանը տաքացնելու համար` փայտ էր անհրաժեշտ: Օհանջի արցախյան ընկերները, ովքեր նրան ճանաչում են դեռ պատանեկան տարիներից` հաստատում են, նա ուրիշ տեսակ լինել չէր էլ կարող` ծնողները ազնիվ էին, արդար ու պատվախնդիր: Կարենն իր առաջին գիրքը նվիրել է հոր Լևոն Օհանջանյանի և մոր Հռիփսիմե Արամյանցի հիշատակին:
Հրատարակիչը Էդիտ Պրինտ ընկերությունն է` տնօրենի հավաստմամբ, գիրքը հրատարակության էր պատրաստվում հայաստանյան քաղաքական իրողությունների փոփոխվող օրերին` Կարենը և ստեղծագործում էր և մասնակցում գրքի ձևավորման ու դիզայներական աշխատանքներին: Գրողի առաքելությամբ ներկայացող Կարեն Օհանջի գործընկեր գրաքննադատներն ու ակադեմիկոսները պատմաբան ընկերները փաստում են `«Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» գրքի բառարվեստը, ռիթմի ու հանգավորման ոճավորմամբ` ռուս և հայկական դասական գրականության ավանդույթների կրողն է:
Գրողի մուսան հայրենասիրական գաղափարների հագեցվածությամբ` ժամանակներից առաջ է ընկնում` կանխորոշելով ապագայի տեսլականը: Թեև գիրքը ռուսերեն է, բայց Կարեն Օհանջը հայերեն է մտածում և գիրքը հագեցած է հայի մտածողությամբ, պոետիկ քնարականությամբ ու բառին տիրապետելու վարպետությամբ: Ռուս դասականների ազդեցությունը` գրական ընկալումների տեսանկյունից` բացահայտում են հումանիստ գրողի մտահոգությունները:
Մինչ «Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» գիրքը կթարգմանվի հայերեն և անգլերեն լեզուներով `այս օրերին Կարեն Օհանջը արդեն թղթին է հանձնել գրեթե, 100 ազատ ու դասական չափի բանաստեղծություն:
Գրքի շնորհանդեսն ավարտվում է հեղինակի ընթերցանությամբ`«Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» բանաստեղծությամբ, որը 88-ին տպվում արտատպվում և հնչում էր բոլոր արցախցիների շուրթերից: Եվգենի Եվտուշենկոյի այն օրերի պատասխանը այսօր էլ ոգևորում է գրողին`թեև պատերազմական օրերի մղձավանջը տարիներով լռեցրել էր նրա գրիչը, ստեղծագործող միտքը վերածննդի էր սպասում:
Մայիսյան հաղթանակների օրերին կազմակերպել գրքի շնորհանդես հուշեցին արմատներս. «Ես Սարդարապատի հերոսամարտին մասնակից արցախյան մահապարտների գնդի հրամանատար Փիրումյանների թոռան զարմիկն եմ», ասում է Կարենը:
«Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» գրքից հետո հրատարակության է պատրաստվում 400 էջանոց նոր գրական աշխարհ:
Կարեն Օհանջը գրքի երևանյան շնորհանդեսից հետո նախապատրաստվում է Արցախում իր գրական անկեղծ աշխարհի դռները բացելու հնարավորության մասին:
Լիանա ԱԴԱՄՅԱՆ
Արցախի Հանրային հեռուստատեսություն