Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք վերլուծաբան. «Հայաստան, քեզ ասեմ, Թուրքիա, դու լսիր»

Մայիս 29,2018 20:02

Թուրք վերլուծաբան  Իբրահիմ Քիրասն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Հայաստան հրավիրելու և երկրի տնտեսությունը կարգի բերելու հարցում օգնություն խնդրելու լուրերին:

Թուրք վերլուծաբանը «Հայաստան, քեզ ասեմ, Թուրքիա, դու լսիր» վերնագրով հոդվածում գրում է, որ  Փաշինյանը «ճիշտ մարդուն է գտել»: Այդ կարծիքը հետևյալ կերպ է հիմնավորում. «Ցավոք Հայաստանը, ինչպես իր մի շարք հարևանները, ունեն ղեկավարություն, որը փորձում է մոտիվացնել կոռուպցիայի և կաշառակերության մեջ թաթախված հասարակությանը: Իսկ Աճեմօղլուն մի  գիտնական է, որը մշակել է յուրահատուկ մի մոդել, որով ցույց է տալիս, թե որոնք են հասարակական բարեկեցության և հետևաբար լավ գործող ու արդյունավետ տնտեսության հիմնական  գործոնները:

Այդ իսկ պատճառով, եթե Հայաստանի նոր վարչապետն իսկապես ցանկանում է երկրի սոցիալ-տնտեսական համակարգը վերափոխել, ապա Աճեմօղլուն, եթե անգամ հայ էլ չլիներ, առաջինն մարդն է, ում գաղափարներին անհրաժեշտ է դիմել»:

Քիրասը, նշելով, որ տնտեսության վերափոխումը հեշտ գործ չէ, անդրադառնում է Աճեմօղլուի տեսությանը, Հայաստանի տնտեսական խնդիրներին, ապա Թուրքիայի և Հայաստանի տարբերություններին:

Հոդվածի հեղինակը գրում է, որ ըստ հայտնի տնտեսագետի տեսության, տնտեսական բարեկեցությանը հնարավոր է հասնել, երբ հասարակական հաստատությունները գործեն որոշակի պայմաններին համապատասխան:

Հեղինակն ընդգծում է Աճեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» գրքի թեզերից մեկը, ըստ որի, հաջողում են այն ազգերը, որոնք ունեն հասարակությունն ամբողջապես ընդգրկող տնտեսական և քաղաքական հաստատություններ:

«Հետևաբար, եթե մի երկրում որոշակի ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունը փոքրամասնության ձեռքում է, եթե օրենքները բոլորի համար կիրառելի չեն, եթե կան արտոնյալ  մարդիկ, ապա քաղաքական համակարգը ոչ թե ներառող է այլ օտարող: Նման երկրներում տնտեսության զարգացան շարունակականությունը հնարավոր չէ ապահովել:

Արտադրող և բարեկեցիկ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ են իրավական կարգ և անկախ հաստատություններ, որոնց գործունեությունը պետք է ապահովի պետությունը, այսինքն՝ քաղաքական ինստիտուտը: Ռացիոնալ փաստարկներով ձևավորված կանոնները չպետք է կամայականորեն խախտվեն և այդ կանոնները բոլոր դեպքերում և բոլորի համար իրագործելի պիտի լինեն: Սակայն, գուցե սոցիալական մշակույթով պայմանավորված, որոշ երկրներում քաղաքական ինստիտուտը մնում է կոռուպցիայի ազդեցության տակ»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ Քիրասը նշում է, որ արտադրություն չկա, ներդրումներ չեն արվում, տնտեսությունն արդյունավետ չէ: Ըստ նրա, Հայաստանը բացի Ռուսաստանից ոչ մի հարևանի հետ նորմալ հարաբերություններ չունի:

«Ադրբեջանի հողերի 1/5-ը բռնազավթել է, Թուրքիայի հողերի նկատմամբ հավակնություններ ունի, Վրաստանին էլ թշնամի է համարում… Հայաստանցիներն այնպիսի չքավորության մեջ են, որ  եթե Սփյուռքի հայերի ֆինանսական աջակցությունը չլինի, իսկապես սովի կմատնվեն:

Իսկ այսպիսի իրավիճակում ի՞նչ կարող է անել մի աշխարհահռչակ տնտեսագետ: Շատ բան կարող է անել: Սակայն նախևառաջ հասարակությունը և հասարակության ընտրանին, հատկապես քաղաքական գործիչները, պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում և հաշվի առնեն այդ ուղղությամբ անհրաժեշտ զոհողությունները»:

Թուրքիայի և Հայաստանի միջև համեմատություն կատարելիս՝ հեղինակը նշում է, որ ինչպես տնտեսական, այնպես էլ բարեկեցությունն ապահովող հասարակական արժեքների առումով Թուրքիան բարձր է իր արևելյան հարևանից:

«Բացի այդ էլ խորը պետական ավանդույթ ունեցող Թուրքիան 25-ամյա անկախ պետության հետ հնարավոր չէ համեմատել: Սակայն, երբ խոսում ենք տնտեսության գործունեության տրամաբանությունից, անկախ հաստատությունների կարևորությունից, ակնհայտ է դառնում, որ չենք կարող առկա խնդիրները քննարկել ներկայացված կոնցեպտից դուրս»:

Այդ առնչությամբ նա անդրադառնում է Թուրքիայում լիրայի արժեզրկմանը՝ հարց բարձրացնելով, թե իրավական տեսանկյունից անկախ համարվող Կենտրոնական բանկը ինչ չափով է կարողանում իր անկախ գործառույթներն իրականացնել:

«Իրականում, մինչև չհասկանանք, որ ինստիտուցիոնալ, մշակութային խնդիրներն ավելի վտանգավոր են, քան գոյություն ունեցող տնտեսական խնդիրը, ցավոք, անհնար է հասնել լուծման»:

Աղբյուր`    Karar

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031