Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը «Երեւան սիթիի» փաստաթղթերը «սրբագրում» է

Մայիս 29,2018 20:12

Մեր տեղեկություններով այս օրերին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Օհանով փողոցի վրա գտնվող գրասենյակից դուրս չի գալիս: Նա մինչեւ ուշ գիշեր այնտեղ է լինում, եւ վերահսկում է աշխատանքը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ գրասենյակում ամբողջ փաստաթղթերն ու գրանցամատյաններն են փոխում:

Հիշեցնենք, օրերս Aravot.am-ն անդրադարձել էր «Երեւան սիթի»-ներում ազգային անվտանգության ծառայության ստուգումներին: Այս սուպերմարկետների գանձապահներին ԱԱԾ-ն հրավիրում է հարցաքննության: Մենք գրել էինք, որ «Երեւան սիթի»-ների գանձապահների անուններով առանձին Ա/Ձ-ներ են գրանցված եւ որոշ ապրանքներ ոչ թե «Ալեքս հոլդինգի» ՍՊԸ-ի ՀԴՄ-ներով են վաճառում, այլ՝ այս առանձին «Ա/Ձ»-ների, որպեսզի ոչ թե ՍՊԸ-ի 20% հարկը վճարեն, այլ՝ Ա/Ձ-ի համար նախատեսված ընդամենը 5% հարկը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողներին այս խնդրի վերաբերյալ ասել է, որ ԱԱԾ-ի հետ համատեղ ստուգումներին ՊԵԿ-ը չի մասնակցում. «Ես երեկ հրավիրել եմ ցանցային առեւտրով զբաղվող կազմակերպությունների պատասխանատուներին, զրուցել եմ իրենց հետ՝ շուրջ 10- 12 հոգի: Նախկինում իրենց պնդմամբ այն համաձայնությունները, որ իրենք ձեռք են բերած եղել կառավարության հետ, մենք իրենց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում եւ շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին: Մենք ուղղակի իրենց մի քանի օր ժամանակ ենք տվել, որ իրենց ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ: ԱԱԾ մեր գործընկերներին մենք տեղեկանքով տեղեկացրել ենք, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը»:

Թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Ինչքանով ես եմ պատկերացնում, եղել է հետեւյալ պայմանավորվածությունը, որ գյուղմթերքների մասով, քանի որ գյուղացիներից փաստաթղթավորման խնդիր կա, ձեռքբերման ժամանակ մասնագիտական վերլուծություն է եղել, ձեր ասած «Երեւան սիթին», ՍԱՍ-ը, «Զովքը», քանի որ խոշոր հարկ վճարողներն են, 1000 դրամով առավ գյուղմթերք, ինքը պետք է 100 դրամ կամ 10 տոկոս գա վրադիր, 1100-ով պետք է վաճառի, ինքը պետք է 20 տոկոս վրա գա, ԱԱՀ-ի վճարումն է եւ 1320 դրամով վաճառի դա: Քանի որ ինքը փաստաթուղթ չունի ձեռքբերողից վերցրած ու ԱԱՀ չի վճարում ձեռքբերողը, այդ 220 դրամը, ըստ իրենց, հավասարաչափ չի բաշխվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ, դրա համար իրենք առաջարկել են, որ գյուղմթերքները լինի անհատ ձեռնարկատերերով դրանց վաճառքը, որ իրենք 5 գոնե վճարեն՝ 20 տոկոսի փոխարեն: Բնականաբար, օրենսդրությունը նման թույլտվություններ չի տալիս, մասնագիտական առումով հասկանալի է»:

Նկատենք, սակայն, եթե պայմանավորվածություն է եղել 5% տոկոս հարկ վճարել գյուղմթերքների վաճառքի համար, ապա տրամաբանական կլիներ այդ սուպերմարկետներում գյուղմթերքի բաժնում առանձին «կասսա» գործեր՝ իր առանձին գանձապահով եւ պարզ, թափանցիկ ու առանձին Ա/Ձ-ն իր ՀԴՄ-ով գործեր:

Եթե Անանյանի պնդումներով, ամեն ինչ պայմանավորվածության շրջանակներում է եւ, կարծես թե օրենք չի խախտվել, ապա տարօրինակ է ԱԱԾ հրավիրված «Երեւան սիթի»-ների գանձապահների հարցաքննությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում հարցաքննված գանձապահներից մեկն անգամ խոստովանել է, որ «շեֆի» ցուցումով ու հովանավորությամբ սուտ տեղեկություններ է տվել ԱԱԾ-ին: Բացի այս, այս գանձապահների անունով բացված Ա/Ձ-ների հաշվին մի քանի միլիոն տասնյակ միլիոն դրամներ են, ինչը նաեւ հետաքրքրել է ԱԱԾ քննիչներին, որոնք մի քանի գանձապահների հարցրել են. «Տեղյա՞կ եք, որ միլիոնատեր եք»:

Այնուամենայնիվ, ՊԵԿ ղեկավարի պատասխանները կասկածներն այնքան էլ չեն փարատում, քանի որ դժվար թե ԱԱԾ-ն նման գործողություններ սկսեր, առանց հարկեր թաքցնելու մասին հավաստի տեղեկությունների: Վերջ ի վերջո ազգային անվտանգության ծառայություն է, ոչ թե,ասենք՝ ՊԵԿ-ի տարածքային տեսչություն:

Թերեւս, ՊԵԿ ղեկավարի ասածներից մի բան է պարզ. Եթե սուպերմարկետներում գյուղմթերքների առեւտրի հարկման շեմը բարձրանա, սա ենթադրում է նաեւ այդ վաճառքի կետերում գյուղմթերքների թանկացում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031