Այս պահին կառավարությունում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման շուրջ քննարկումներ են ընթանում շահագրգիռ կողմերի հետ: Այս քննարկմանը մասնակցում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից մասնագետներ, ինչպես նաեւ ՀԷՑ-ից եւ «Գազպրոմից» ներկայացուցիչներ:
Մեր տեղեկություններով՝ կառավարությունում մեկ այլ քննարկում էլ կրկին նույն հարցի շուրջ մի քանի ժամից է լինելու: Քննարկումները փակ են, սակայն մեր այս տեղեկությունը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից հաստատեցին:
Թե գազի եւ էլեկտրոէներգիայի սակագնի քանի՞ տոկոս իջեցման շուրջ են քննարկումները, մեր այս հարցին ի պատասխան նախարարությունից ասացին, որ այս պահին հնարավոր չէ մանրամասներ ասել. «Քննարկումների արդյունքների մասին առաջիկայում կհայտարարվի»:
Ավելի վաղ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրել էր. «Քննարկումները կսկսենք, կհասկանանք՝ ինչ ունենք, ինչ հնարավորություն կա, որից հետո նոր կկարողանանք էդ մասին բարձրաձայնել»:
Հիշեցնենք, ինչպես մամուլում է գրվել, նոր կառավարությունը մտադիր է գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկումը չեղարկել, հետեւաբար նաեւ դրա համար սահմանված վճարներ չեն հանձնվի: Կառավարությունը նախատեսում է այդ ծառայությունը դնել ԱԻՆ աշխատակիցների վրա:
Հիշեցնենք, որ գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկումն իրականացնում է AEG service ՍՊԸ-ն, որն ըստ մամուլի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին է պատկանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ