Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փաստաբանի՝ «Նորատուսցի Ալիկ»-ին հակատուբերկուլյոզային բուժում է հարկավոր

Մայիս 29,2018 17:41

Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի (լուսանկարում) և մյուսների գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ:

Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը: Խնդիրը, ըստ քրեական գործի նյութերի, գումարային հարցերն են եղել:

Այսօր «Նորատուսցի Ալիկ»-ի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ ազատ արձակելու միջնորդություն: Այս դատավարության ընթացքում նախկինում երեք անգամ նման միջնորդություն է ներկայացվել եւ մերժվել: Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ հիմնավոր չեն մեղադրանքի կողմի այն պնդումները, թե ազատության մեջ գտնվելով՝ «Նորատուսցի Ալիկ»-ը կխոչընդոտի գործի քննությանը:

Երեմ Սարգսյանը նշեց, որ կալանավորված լինելու ժամանակահատվածում Ալիկ Բանդուրյանի մոտ մի շարք հիվանդություններ են գլուխ բարձրացրել. «Դա վկայում է այն մասին, որ կալանքը պետք է անհապաղ վերացնել: Ութ ամիս առաջ նրա մոտ հայտնաբերվել է ողնաշարի խնդիր: Շտապ բուժում է հարկավոր, քանի որ դա ծանր հիվանդություն է»: Նշենք, որ Ալիկ Բանդուրյանին ոստիկանները դատարան են բերում անվասայլակով:

Ապա պաշտպանը պնդեց, որ նրա հիվանդությունները հնարավոր չէ բուժել բանտային պայմաններում: Բացի այդ, ըստ Երեմ Սարգսյանի, օրերս համապատասխան բժշկական արձանագրության մեջ նշվել է, որ նա հակատուբերկուլյոզային բուժման կարիք ունի, առավել եւս, որ եղանակի տաքացումը վատ է անդրադառնալու նրա վիճակի վրա: Միջնորդության քննությունն ընթացքի մեջ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031