Այս պահին «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամներն ու դասադուլին միացած ուսանողները նստացույց են անում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի առաջ: Նրանք որոշել են չհեռանալ այնտեղից մինչև Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում չներկայացնի:
Մինչդեռ Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ ճնշման ներքո չի տա հրաժարական և որ ԵՊՀ ուսանողները 150-200 հոգին չեն, այլ 17.000-ից ավելի: Նա նշել էր, որ եթե 2000 ստորագրություն հավաքվի հրաժարականի պահանջով, ապա կմտածի հրաժարականի դիմում գրելու մասին:
Ռեկտորը նաև հայտնեց, թե ուսանողները կուսակցական խնդիր են լուծում:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատակազմի ղեկավար Վահան Կոստանյանն այս առիթով պարզաբանեց, թե ցույցին մասնակցում է որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող. «Այն հակասությունները, որ կան Արամ Սիմոնյանի ղեկավարության տարիներին մեր միջև, նոր չեն, որ ծագել են թե՛ ինձ մոտ, թե՛ իմ ընկերների: Առնվազն երեք տարվա հրապարակային կյանք ունեն»:
Այն վստահեցմանը, թե չի պատրաստվում հրաժարական տալ ճնշման ներքո, Վահան Կոստանյանն արձագանքեց, թե սա քաղաքացիական խաղաղ անհնազանդության ձև է, որ շատ հոգեհարազատ է իրենց:
«ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ ժամը 18.00-ին Չարենցի այգում նախատեսված համերգը տեղափոխել են ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ: Այնուհետև հավելեց. «Եթե Արամ Սիմոնյանը հրաժարական տված լինի, ինքն էլ կմասնակցի այդ համերգին. համ իր հրաժարականը կնշենք, համ էլ ռեստարտի համերգը կկայանա»:
Դավիթ Պետրոսյանը վստահեցրեց՝ ուսանողությունն այլևս երբեք չի նահանջելու, գնալու է առաջ այնքան ժամանակ, մինչև որ այն արժեքներն ու սկզբունքները, որ հռչակվել են հեղափոխության ժամանակ, համապատասխանեն մեր իրականությանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ