Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյան. «Իմ կուսակցականությունն են աչքս մտցնում, մինչդեռ իրենք էլ են կուսակցական»

Մայիս 29,2018 17:00

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ի թիվս այլ հարցերի, նրա հրաժարականը պահանջող ուսանողների երկխոսությունը չկայացավ: Արամ Սիմոնյանն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ բռնի ուժով, ափսոսանք հայտնեց, որ կառուցողական խոսակցություն այդպես էլ չկայացավ: Հնչեցված հարցերը ռեկտորին դուր չեկան, պատասխանները` ուսանողներին:

Արամ Սիմոնյանը որոշեց դուրս գալ դահլիճից, սակայն ուսանողները փակեցին մուտքերը, ոմանք պառկեցին դռան առաջ: Նրա ինքնազգացողությունը վատացավ:

Մանրամասները տեսանյութում`

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողներին ասաց. «Տեսանք, որ նա իրեն վատ է զգում, եւ մարդկային արժեքներից ելնելով՝ բացեցինք մուտքը: Մենք ցույց տվեցինք, որ մեր պահանջը հիմնավոր է, բայց ի տարբերություն ոմանց, որոնք մարդկանց անհիմն մեղադրում էին:Կքննարկենք մնացած պահանջների հետ կապված հարցերը ու հետո որոշում կընդունենք: Մենք բողոքի մեր ակցիան իրականացրինք, որպեսզի ցույց տանք, որ ուսանողները համալսարանում իշխանություն են, ուսանողն ունի համալսարանում սեփական կարծիքը բարձրաձայնելու իրավունք եւ քայլերն էլ իրականացնում է այդ իրավունքի համար»:

Դավիթ Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հարցով դիմել են կառավարությանը:

Արդեն իր աշխատասենյակում ԵՊՀ ռեկտորն ասաց, որ մարդու աշխատանքը պետք է գնահատել: Չբացառեց, որ եղել են թերություններ: Նա ասաց, որ ուղղորդում կար ուսանողների շարժման մեջ. «Կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնականը, մամուլի խոսնակը նստած էին դահլիճում, նրանք կուսակցականներ են: Իմ կուսակցականությունն են աչքս մտցնում, մինչդեռ իրենք էլ են կուսակցական: Եվ ոչ մի նշանակություն չունի իրենց ասածը, որովհետեւ արժեզրկեցին ամեն ինչ այս բռնության մեթոդներով, մինչդեռ ես պատրաստ էի իրենց հետ հանգիստ քննարկել խնդիրները: Դրանք շատ են, եւ սուբյեկտիվ են, եւ օբյեկտիվ: Բռնի մեթոդներով, Սիմոնյանը լինի այստեղ նստած, թե մեկ ուրիշը, հարցեր չեն լուծվի»:

Ռեկտորի ձեւակերպմամբ. «Իրենց պահանջների մի զգալի մասը սուբյեկտիվ է…Իմ մե՞ղքն է, որ կարմիր բերետավորները մտել են տարածք, երբ ես ժամանակին խնդրել եմ ոստիկանապետին, որ համալսարանում ոստիկան չլինի, քանի որ համալսարանն ազատ տարածք է: Եթե հիմա այն ժամանակվա իշխանությունները գտել են, որ նրանք պետք է մտնեն, ես դրա առաջը չէի կարող առնել: Գնումների մասին էլ հերյուրանքներ եղան, դրանք ակնհայտ սուտ տեղեկություններ են, որոնք պետք է ապացուցել»:

Մանրամասները տեսանյութում`

Ռեկտորը հայտնեց, որ ԵՊՀ ծախսերի մասին բոլոր հաշվետվությունները հրատարակված են տեղեկագրքերով եւ առկա են իրենց կայքում: Ինչ վերաբերում է իրեն փոխարինողներ պատրաստելուն, հավելեց, որ օրինակ, պրոռեկտորները, գիտքարտուղարները կարող են լինել ռեկտորի թեկնածուներ եւ ինքը կառչած չէ պաշտոնից. «Ես կհեռանամ, որ դա լինի իրավական հարթության վրա, ոչ թե ստիպելով»:

Արամ Սիմոնյանը նաեւ հավելեց, որ չի պատրաստվում երկար մնալ պաշտոնում, թեեւ իրավունք ունի 4-րդ անգամ ընտրվել, ինչը չի անի: Ասաց՝ կհեռանա, եթե այդպիսի պահանջ լինի վարչապետի ու նախագահի կողմից, սակայն նրա խոսքերով. «Ճիշտը հոգաբարձուների խորհրդի նիստն է, որը կարող է այս հարցը լուծել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունն այնքան վատացավ, որ շտապօգնություն եկավ: Մամուլի խոսնակի հավաստմամբ, նա արյան ճնշման տատանում է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031