Այսօր ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր` Արթուր Գեւորգյանը եւ Շիրակ Թորոսյանը հայտարարեցին դուրս գալու մասին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց. «Քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չի, որ մարդիկ գնում են, մարդիկ գալիս են»: Արթուր Գեւորգյանի որոշման հետ կապված Շարմազանովն ասաց, որ խմբակցությունն իր գնահատականը կտա, ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին՝ նա ասաց. «Խմբակցությունը միաձայն որոշեց իր քաղաքական դիրքորոշումը արտահայտել այդ իրավիճակին եւ բացի իր դիմումից խմբակցությունը հանդես եկավ նման քաղաքական որոշմամբ եւ Շիրակ Թորոսյանը դուրս է եկել խմբակցությունից»:
Հարցին՝ ՀՀԿ խմբակցությունը ուրիշ լքողներ կլինե՞ն՝ նա պատասխանեց, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է. «Կուսակցություն գալիս են, գնում են, դուրս են գալիս տարբեր պատճառաբանություններով»:
Հարցին՝ կա՞ վտանգ, որ ՀՀԿ-ն փոքրամասնություն կլինի՝ նա պատասխանեց, որ այս պահին այդպիսի վտանգ չի տեսնում եւ նման ինֆորմացիա չունի:
Հարցին՝ Արթուր Գեւորգյանի, Շիրակ Թորոսյանի մանդատը վայր դնելը ճի՞շտ եք համարում՝ նա ասաց, որ ճշմարտությունը հարաբերական է, ԱԺ կանոնակարգ օրենքն է հնարավորություն տալիս. «Տարբեր մոտեցումներ կան, ես ասել էի, որ եթե կուսակցությունը որոշի կողմ քվեարկել, ես դեմ կքվեարկեմ եւ վայր կդնեմ մանդատս»:
Ինչ վերաբերում է Ֆելիքս Ցոլակյանին՝ Շարմազանովն ասաց, որ նախորդ նիստում նկատողություն են տվել, խմբակցությունից դուրս գալու որոշում դեռ չկա, բայց միանշանակ է՝ «խմբակցությունում չպետք է լինեն երկակի ստանդարտներ»:
Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, որ սա պատմական պահ է, պարզապես չի մատնանշում ՀՀԿ-ի խնդիրները, Շարմազանովն արձագանքեց. «Մեր իշխանության խնդիրների մասին Սերժ Սարգսյանից շատ ու ավելի բարձր որեւէ մեկը մատնացույց չի արել: Թող յուրաքանչյուր իշխանություն մեր իշխանության կեսի չափ համարձակություն ունենա եւ իր բացթողումների մասին խոսի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ