Հայտնել ենք, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում կատարված դեպքերի, տիրող իրավիճակի մասին: Մեզ զանգահարեց Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը եւ հայտնեց, որ համայնքի ավագանին իրեն անվստահություն չի հայտնել: Նա ասաց, որ ինքն ավագանու 5 անդամների կողմից նամակ է ստացել վաղը՝ մայիսի 30-ին , ժամը 17-ին ավագանու նիստ անցկացնելու մասին ծանուցումով, նիստում իրեն անվստահություն հայտնելու հարցն է: Նա ասաց, որ ինքը նամակով պատասխանել է, որ ավագանին իրավասու չէ ընտրված համայնքապետին անվստահություն հայտնելու:
Ժ. Մարտիրոսյանը հայտնեց, որ համայնքի ավագանու 9 անդամներից 5-ն իր կողմնակիցը չեն: Նա ասաց, որ ավագանու նախորդ նիստերում վեճեր են եղել, ավագանու կանոնակարգը չի հաստատվել: Համայնքապետի խոսքերով՝ ավագանու նշված 5 անդամները ցանկանում են, որ համայնքապետարանի ենթակա հիմնարկների՝ մանկապարտեզի, մշակույթի տան, երաժշտական դպրոցի, կոմունալ ծառայության տնօրեններին ավագանին նշանակի, սակայն դա ՏԻՄ օրենքի խախտում է: Ժ. Մարտիրոսյանի վկայությամբ՝ եթե ավագանին 2 անգամ չի հաստատում այդ հիմնարկների տնօրենների թեկնածությունը, ապա համայնքի ղեկավարն ինքն է նշանակում նրանց: Ավագանու նշված անդամների հետ համայնքի ղեկավարի մյուս տարաձայնությունը վերաբերում է համայնքի բյուջեից սոցիալապես կարիքավորներին օգնության գումարների տրամադրմանը: Ժ. Մարտիրոսյանը հավելեց, որ ավագանու անդամների բողոքով Ազատամուտի համայնքապետարանում Վերահսկիչ պալատը 2 անգամ,նաեւ քննչական կոմիտեն ստուգում են կատարել, սակայն խախտումներ չեն հայտնաբերել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ