Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Վրաստանը դադարեց ապաստան լինել ադրբեջանցի այլախոհների համար. BBC

Մայիս 29,2018 16:32

Դեռևս մեկ տարի առաջ Վրաստանը համարելով ժողովրդավարության կղզյակ՝ այստեղ բնակվում էին գրողներ, լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ Ադրբեջանից: Բայց երբ Վրաստանում անհետացավ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին, ադրբեջանցի քաղաքական վտարանդիները և շատ ուրիշներ սկսեցին կասկածել, որ կղզյակն անվտանգ է, և շատ այլախոհներ սկսեցին լքել երկիրը, գրում է BBC-ն «Ինչպես Վրաստանը դադարեց լինել ապաստան ադրբեջանցի այլախոհների համար» խորագրով հոդվածում:

2017թ. մայիսի 29-ին ադրբեջանցի հետաքննող լրագրող Մուխթարլին դուրս եկավ Թբիլիսիի կենտրոնում գտնվող իր բնակարանից և չվերադարձավ: Նույն օրը նրա կինը՝ Լեյլա Մուտաֆաևան, հայտարարեց, որ իր ամուսնուն առևանգել և տեղափոխել են Բաքու՝ մեղադրելով ադրբեջանցի և վրացի ուժայիններին:

Հաջորդ օրը Մուխթարլին իրականում հայտնվեց Բաքվում՝ ձեռնաշղթաներով և ոստիկանության ուղեկցությամբ: Նրան մեղադրեցին սահմանն անօրինական հատելու և խոշոր չափի գումար տեղափոխելու համար: Հենց այդ ժամանակ էլ ադրբեջանցի քաղաքական ներգաղթյալները սկսեցին շուտափույթ հեռանալ Վրաստանից:

Ազատության ոգի

Վրաստանն աշխարհագրորեն և մշակույթով մոտ է Ադրբեջանին, ասում է ադրբեջանցի հրապարակախոս Գյունել Մովլուդը:

Վրաստանում հնարավոր էր հանդիպել ընկերների հետ, հետևել Ադրբեջանում ընթացող գործընթացներին, պարզաբանում է նա: «Կարելի էր մեկ օրում այցելել Թբիլիսի և վերադառնալ: Իմանալով ռուսերեն՝ կարելի էր հանգիստ ապրել Թբիլիսիում»:

«Համեմատաբար ցածր գները թույլ էին տալիս ապրել երկրում՝ առանձնակի միջոցներ չունենալով, կամ աշխատել որպես լրագրող, գրանցել ոչ առևտրային կազմակերպություն, բիզնես և ստանալ կեցության իրավունք»,- պատմում է Մովլուդը:

«Ադրբեջանը չէր, բայց ինչ-որ չափով հայրենիք էր: Մեզ համար ազատության փոքր կղզի էր, արվեստի կղզի, որտեղ հնարավոր էր միանալ ստեղծագործական շրջանակներին, և այդ ազատ, ստեղծագործական ոգին շատ էր ոգեշնչում»:

2014թ. ի վեր շատ ակտիվիստներ և լրագրողներ լքեցին Ադրբեջանը՝ վախենալով հետապնդումներից, նրանցից շատերը բնակություն հաստատեցին Վրաստանում, ասվում է երեք իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցում՝ նվիրված ադրբեջանցի ակտիվիստների գործերին: Բայց Վրաստանի և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների պատճառով նրանք բախվեցին շատ մեծ վտանգների անվտանգության առումով, հատկապես 2016թ. հետո՝ նշվում է Մարդու իրավունքների միջազգային գործընկերության զեկույցում:

Վրացական իշխանությունները մերժեցին ապաստան տրամադրելու կամ կեցության իրավունք տալու հայցերից շատերը՝ «կասկածելի հիմնավորումներով», նշում են զեկուցի հեղինակները:

«Խոչընդոտները, որոնց հետ բախվում են հայրենիքում հալածված ադրբեջանցիները, փորձելով ստանալ կեցության իրավունք, համարվում են օրինակ առ այն, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործում Վրաստանի հետ սերտ տնտեսական կապերը՝ քաղաքացիական հասարակության հանդեպ պատժիչ միջոցները շարունակելու համար արդեն իր սահմաններից դուրս»,- նշվում է իրավապաշտպանների զեկույցում:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. ի վեր Ադրբեջանն առաջատար է Վրաստանում ուղիղ ներդրումներով: Նախորդ տարի Ադրբեջանը ներդրել է 482 միլիոն դոլար՝ ամբողջ արտասահմանյան ներդրումների ավելի քան մեկ քառորդը:

Սպառնալիք Վրաստանի համար

Մովլուդն ամուսնու հետ փորձել է Վրաստանում մի քանի անգամ կեցության իրավունք ստանալ, բայց մեկուկես տարի առաջ նրանք մեկնեցին Նորվեգիա:

«Երբ 2016թ. ամուսնուս հետ երրորդ անգամ դիմեցինք կեցության իրավունքի համար, մեզ ուղիղ պատասխանեցին՝ դուք գտնվում եք Վրաստանի տարածքում, ինչը չի բխում երկրի շահերից»,-հիշում է Մովլուդը:

Ադրբեջանում պաշտոնապես Մովլուդին, ինչպես նաև մի շարք այլ լրագրողների, որոնք համագործակցում են ոչ կոմերցիոն Meydan.tv-ի հետ, մեղադրում են ծառայողական լիազորությունները խախտելու, հարկերը չվճարելու մեջ: Meydan.tv-ի կայքը արգելափակված է դեռ անցյալ տարվանից՝ դատարանի որոշմամբ:

Վրաստանից հեռացել է նաև Աֆղան Մուխթարլիի ընկերը՝ ակտիվիստ Դաշգըն Աղլարը, որը 2014թ. վեց ամիս անցկացրել է վրացական բանտում այն բանից հետո, երբ Ադրբեջանը նրան ձերբակալելու հարցում էր ուղարկել՝ մեղադրելով հարկերը չվճարելու մեջ: Ակտիվիստը հետապնդումների իրական պատճառ է համարում իր ընդդիմադիր գործունեությունը:

Վրացի իրավապաշտպանների շնորհիվ հայտնվելով ազատության մեջ՝ նա երեք տարի փորձեց հասնել նրան, որպեսզի Վրաստանը դիտարկի քաղաքական ապաստան տրամադրելու իր հայցը: Վրաստանի և Եվրամիության միջև իրավական պայմանավորվածությունների պատճառով նա չէր կարող ապաստան ստանալ ԵՄ երկրներում այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստացել պաշտոնական մերժում վրացական կողմից: Ակտիվիստին հարցաքննել են Թբիլիսիում՝ ասելով, որ իր ներկայությունը սպառնալիք է պարունակում Վրաստանի համար:

Աղլարին մեկ ամիս առաջ պաշտոնապես մերժել են ապաստան տրամադրել, նա հեռացել է Վրաստանից, բնակվում է Նորվեգիայում:

Քաղաքականությունից դո՞ւրս

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները մատնանշում են, որ հարևան երկրների քաղաքացիները հազվադեպ են փախստականի կարգավիճակ ստանում Վրաստանում: 2012-2017թթ. 74 ադրբեջանցիներից միայն 5-ն է ստացել ապաստան կամ հումանիտար կարգավիճակ:

Հարկադիր տեղահանվածների, փախստականների հարցերով զբաղվող նախարարության աշխատակից Իրակլի Լոմիձեն՝ ապաստան տրամադրելու հարցերով վարչության ղեկավարը, կտրականապես հերքում է քաղաքական ազդեցությունը Վրաստանում փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթացի վրա:

Ներգաղթյալների թիվն աճում է

Զաիֆա Գուլիևան, ի տարբերություն հայրենակիցների, կարողացել է կեցության իրավունք ստանալ Վրաստանում: Նա ամուսնու հետ երեք տարի բնակվել է Թբիլիսում, այստեղ դուստր է ունեցել, բացել է հյուրատուն, այնուհետ՝ ոչ մեծ հյուրանոց:

«Մենք նախատեսում էինք ընդլայնվել… մենք Վրաստանի հետ կապված ծրագրեր ունեինք, ցանկանում էինք մնալ»,-հիշում է Գուլիևան:

Բայց Մուխթարլիի անհետացումից հետո զույգը Վրաստանից հեռանալու որոշում է կայացնում՝ հաստատվելով Նիդերլանդներում: «Կարծում եմ, որ մեզ հետ կվարվեին նույն կերպ: Հյուրատանը հետևում էին, այնտեղ միշտ մի մեքենա էր կանգնած… Ես վրացիներից չէի վախենում, մտավախություններ ունեի ադրբեջանցիների հետ կապված, որոնք կգային և ինչ-որ բան կանեին»,-ասում է Զարիֆան:

Ապաստան տրամադրելու հարցերով զբաղվող եվրոպական բյուրոյի տվյալներով՝ վերջին տարիներին Եվրամիության անդամ երկրները Ադրբեջանից ամեն ամիս ստանում են 172-ից մինչև 918 նոր հայց…

Վրաստանում մնացածների թվին է պատկանում լրագրող Ռահիմ Շալիևը: 2017թ. փետրվարին նա ձերբակալվեց Ադրբեջանում և ոստիկանությանը դիմադրելու համար դատապարտվեց 30 օրվա կալանքի: Բանտից դուրս գալուց հետո լրագրողը տեղափոխվեց Վրաստան: Ամռանը պատրաստվում էր վերադառնալ Ադրբեջան, բայց Աֆղանլիի ձերբակալությունից հետո միտքը փոխեց: Նա փախստականի կարգավիճակ ստանալու հայց չի ներկայացրել և չի ցանկանում գնալ Եվրոպա: Ռահիմը կեցության իրավունք ունի, քանի որ աշխատում է իրավապաշտպան կազմակերպությունում՝ օգնելով տեղի էթնիկ ադրբեջանցիներին:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ վերջին տարիներին Ադրբեջանից Վրաստան ներգաղթած քաղաքացիների թիվն աճում է: Նախորդ տարի Վրաստան է արտագաղթել 3500 ադրբեջանցի:

«Բիծ» Վրաստանի վրա

Մարդու իրավունքների Թբիլիսիի տունը մայիսի 29-ին հերթական ակցիան է կազմակերպելու խորհրդարանի շենքի մոտ՝ Մուխթարլիի անհետացման 1-ամյակի կապակցությամբ: Ակցիայի մասնակիցները պահանջելու են արդյունավետ հետաքննություն և Վրաստանի խորհրդարանում քննչական հանձնաժողովի ստեղծում: Կազմակերպիչների կարծիքով՝ դա կօգնի Մուխթարլիին ճիշտն ապացուցել Ադրբեջանում, իսկ Վրաստանի հեղինակությունը կվերականգնվի:

Ադրբեջանը հերքում է Վրաստանից Մուխթարլիի առևանգումը և գաղտնի դուրս բերումը: Հայրենիքում նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման մաքսանենգության, սահմանն անօրինական հատելու և ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու համար:

Մեկ տարի առաջ Մուխթարլիի առևանգումը Վրաստանում զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց: 2017թ. հունիսին վրացի լրագրողները բողոքի ակցիա կազմակերպեցին մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի շենքի առաջ:

Լրագրող Նինո Զուրիաշվիլին հավատացած է, որ ադրբեջանցի լրագրողի ենթադրյալ առևանգումը տեղի է ունեցել քաղաքական միջամտությամբ: «Նրանք հատել են կարմիր գիծը, մարդուն դատապարտել քաղաքական ծանր հետապնդումների: Իշխանություններն են արել դա: Նրանք չեն կարող մաքրել այդ բիծը, ինչքան էլ ասեն, որ նման բան չեն արել»,- ասել է Զուրիաշվիլին:

Զուրիաշվիլիի կարծիքով՝ հանրության արձագանքը կօգնի խուսափել նման դեպքի կրկնությունից: Վրաստանը կշարունակի մնալ երկիր, որտեղ ադրբեջանցի ակտիվիստները իրենց անվտանգ կզգան՝ հավատացած է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031