Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դասադուլի դուրս եկած ուսանողները հանդիպում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Ժամեր տևած հանդիպումից հետո ռեկտորը հայտարարեց, թե քննարկումն անարդյունավետ է և որոշեց դուրս գալ նիստերի դահլիճից: Ուսանողները փակել էին ելքը և թույլ չէին տալիս, որ ռեկտորը դուրս գա: Արամ Սիմոնյանը հայտարարեց՝ սա քաղաքակիրթ ձև չէ, սահմանափակվում են իր իրավունքները:
Ուսանողները գոչում էին՝ «Արամ, հեռացիր, ԵՊՀ-ն մոռացիր», «Որոշողը մենք ենք»: Ռեկտորը սա սադրանք որակեց: Արամ Սիմոնյանն ասաց, թե միայն այս 150-200 հոգին չեն ուսանողները, այլ 17 հազար ուսանող ունեն:
«ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հորդորեց ուսանողներին բացել ռեկտորի ճանապարհը: Նա հայտնեց. «Մենք ձեզ պես չենք, որ ասենք՝ կսովեն, կգնան: Հարգելով ձեր տարիքն ու այն, որ մենք մի ազգի ներկայացուցիչ ենք, կբացենք, դուրս կգաք: Բայց սպասում ենք ձեր արձագանքին»:
Ռեկտորը դուրս եկավ նիստերի դահլիճից: Լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Ես բռնությամբ որևէ բանի չեմ գնա: Եթե որևէ քայլի դիմեմ, կամավոր կգնամ: Ես այն մարդը չեմ, որ ստիպելով որևէ քայլի գնամ: Ես իրավունք ունեմ չորրորդ անգամ ընտրվելու, որը չեմ անի: Կարող է երկրի նախագահը, վարչապետն ասի…ճիշտը հոգաբարձուների խորհրդի նիստն է»:
Դառնալով ուսանողներին՝ ասաց, որ կուսակցական խնդիր է: Ռեկտորը հայտարարեց, թե 2 միլիոն դրամանոց սեղան չեն գնել ու մանրամասնեց. «40 ուսանողական նստարան ենք գնել, որոնք դրված են բանասիրական ֆակուլտետում»:
Այնուհետև հայտարարեց. «Մի կարծեք՝ նստած այստեղ վայելում եմ դիրքս: Համալսարանի ռեկտորի աշխատանքը ծանր, անշնորհակալ աշխատանք է. մոռացել եմ երեխաներիս, ընտանիքը, ընկերներիս, առավոտից ուշ երեկո նստած զբաղվում եմ այս գործերով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ