Լրահոս
Օրվա լրահոսը

«Նժդեհը 18 թվին ո՞ւր է եղել, հը՞, էդ մոռացե՞լ են Նժդեհին, բա մեր սիրելի վարչապետը չգիտի՞». Շարմազանովը՝ Փաշինյանին

Մայիս 29,2018 15:41

«Մայիսի 28-ին խայտառակություն էր, որ ԱԺ ղեկավարությունը հրավիրված չէր: Դա մեծագույն խայտառակություն էր: Չի կարելի նման բան: Կրկնակի խայտառակություն էր, երբ որ վարչապետը կանգնում ասում է՝ սա թյուրիմացություն է: Այսինքն, ի՞նչն է թյուրիմացություն: Բա էդ մարդկանց ո՞ւր ես նշանակում, որ թյուրիմացություն է: Կամ մենակ Արա Բաբլոյա՞նն էր: ԱԺ խորհրդի անդամ ես եղել, պարո՛ն Փաշինյան, ԱԺ-ից ես գնացել, եթե Դուք ԱԺ-ի դերը նսեմացնում եք, ո՞նց է լինում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցենք, որ Սարդարապատի միջոցառումներին ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները չէին հրավիրվել:

Շարմազանովի խոսքով՝ «ԱԺ-ն առանձին իշխանության ճյուղ է եւ կանգնել ասել՝ թյուրիմացություն էր, ուրեմն այնպիսի մարդկանց նշանակեիր, որ թյուրիմացություն չանեին»: Մեր դիտարկմանը, որ ԱԺ նախագահը, նաեւ ՀՀԿ-ից 3 հոգու հրավիրած են եղել՝ Շարմազանովն արձագանքեց. «Խի 3 հոգո՞ւ պիտի հրավիրեին: 400 քանի հոգանոց …շատ սխալ է: Ես էլ ասում եմ՝ սա անհարգալից վերաբերմունք է իշխանության առանձին ճյուղի նկատմամբ»:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասել էր՝ սպասում են, որ անգամ փողկապի գո՞ւյնը հարմարեցնեն, հիմա անցել են այդ ժամանակները՝ Շարմազանով արձագանքեց. «Ուրեմն ափսոսում եմ, որ նորանշանակ վարչապետը իր աշխատակազմի թերությունները էլի գցում է նախկին իշխանությունների վրա: Նախկին իշխանությունների միջոցառումները նայեք ու տեսեք փողկապի գույնը եւ այլն: Թող համարձակություն ունենան, ասեն՝ հա, սխալվել ենք, ներողություն, ի՞նչ կլինի»:

Հարցին՝ ձեզ ի՞նչն էր խանգարում, որ որպես քաղաքացի գնայիք, այդ տոնը բոլորինն է՝ Շարմազանովն արձագանքեց. «Որպես քաղաքացի գնայի ի՞նչ անեի: Դա պետական միջոցառում է եղել, ես պետական պաշտոնյա եմ: Ես հարգում եմ ԱԺ-ն, ունեմ իմ կարգավիճակը, եղա՞վ: Ես ինչքան սովորական քաղաքացի եմ, ես պետության ԱԺ-ի երկրորդ, երրորդ դեմքն եմ եւ սա ինստիտուտի նկատմամբ անարգանք է, չի կարելի մենակ ֆրակցիաներից 3-4 հոգի հրավիրել, ո՞ւր էին ԱԺ նախագահը, փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները»:

Այն պատասխանը, որ ԱԺ նախագահի տեղը նախատեսած են եղել՝ փոխխոսնակն ասաց. «Տեղը հասկացանք, բա մե՞նք»:

Շարմազանովն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Գարեգին Նժդեհը 18 թվին ո՞ւր է եղել, հը՞, էդ մոռացե՞լ են Նժդեհին, բա մեր սիրելի վարչապետը չգիտի՞»:

Հարցին՝ դա հատո՞ւկ է արել Փաշինյանը, ըստ ձեզ, Նժդեհի անունը ելույթում չտալով՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, ուրեմն թյուրիմացություն է: 100-ամյակին Նժդեհի անունը չտալ, որ եղել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսը, իսկ Ղարաքիլիսան հայոց նորագույն Ավարայրն է, Ղարաքիլիսան հնարավորություն տվեց հայոց հանրապետություն ծնվի, առանց Ղարաքիլիսայի ոչ Սարդարապատ կլիներ, ոչ Բաշ-Ապարան, գնացեք ցանկացած պատմաբանի հարցրեք՝ Նժդեհն ո՞ւր էր: Ղարաքիլիսայի անունը մի հատ է տալիս՝ վերջում՝ Բաշ Ապարան, Սարդարապատ: Ես ցավը տանեմ Սարդարապատի հերոսների էլ, Բաշ-Ապարանի էլ, բայց դու 100-ամյակ ես ասում ու պարոն վարչապետ, ով որ նյութդ գրել էր…թող մի հատ գնա կարդա ինչ է Ղարաքիլիսան, Արամ Մանուկյանը ասում է՝ 3 օր պահեք, որ մենք ստեղ կարողանանք կռվել, ինքն է ասում՝ եթե Ղարաքիլիսայում չլիներ՝ հետեւով մտնելու էին Բաշ-Ապարան, Սարդարապատ, ի՞նչ Սարդարապատ պիտի լիներ: Ղարաքիլիսա՛ն է եղել, դա թագն ու պսակն է: Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսի անունը չտալ, Նժդեհի անունը չտա՞լ, դա նույն բանն է, որ մենք խոսենք ցեղասպանությունից ու չխոսենք 600 հայ մտավորականների գլխատումից: Ո՞ւր էր Նժդեհը, Արամ Մանուկյանի ու Դրոյի կողքը այդ օրը պետք է լիներ Գարեգին Տեր-Հարությունյանը, նույն ինքը՝ մեծն հերոս Նժդեհը»:

Մեր հարցին՝ մտածում եք, որ Փաշինյանի ելույթն ուրի՞շն էր գրել՝ նա պատասխանեց. «Եթե ինքն էր գրել, ուրեմն ավելի վատ, որը ինքը գրել է ու Նժդեհի անունը չի տվել»:

Թե ի՞նչ կապ ուներ «День победы» երգը 100-ամյակի հետ՝ Շարմազանովն ասաց. «Եթե դուրները չէր գալիս, 1 ամիս է՝ արդեն այլ իշխանություն է երկրում, եղա՞վ, ոնց որ տենց մեծ թափով կոռուպցիայի դեմ են պայքարում, թող այդպես մեծ թափով էլ 100-ամյակի միջոցառումները մաքրեին, եթե իրենց դուրը չէր եկել: Լավագույն ճանապարհը չի, երբ որ դու քո թերությունները գցում ես նախկին իշխանությունների վրա»:

Դիտարկմանը, որ գուցե ՀՀԿ-ին մերժելով՝ ենթագիտակցաբար նաեւ Նժդեհն է մերժվում՝ նա պատասխանեց. «Նժդեհն ավելի մեծ է, քան ՀՀԿ-ն կամ այլ կուսակցություն, Նժդեհը վերկուսակցական, համազգային հերոս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Այո, մենակ 18 թվին չէ, ՆԺԴԵՀ-ի ամբողջ կյանքն է պայքար ու հերոսացում:
    դա բոլորը գիտեն, սակայն հհկ-ն ու Շարմազանովը արդյո՞ք իրավունք ունեն շահարկելու Մեծ Հայի անունն ու գործը :

  2. Սարգիս says:

    Ղարաքլիսայի ճակատամարտի ղեկավարը ու ամենամեծ հերոսը եղել է Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը :Նրա շնորհիվ է,որ թուրքերը չկարողանալով ամբողջովին գրավել Ղարաքլիսան,ճակատամարտից հետո շրջանցելով այն, գնացին Բաքու:Բեյ-Մամիկոնյանի ջանքքերի շնորհիվ էր,որ դիլիջանում գումարված ժողովում որոշվեց վերադառնալ Ղարաքլիսա և կազմակերպել Ղարաքլիսայի հերոսական պաշտպանությունը:Բեյ-մամիկոնյանը ճակատամարտից հետո 2000 զինվորներով շրջափակվեց Ղարաքլիսայում և թույլ չտվեց ,որ թուրքերը գրավեն այն:Ափսոս,որ պատմությունը մոռանում է սա:

    • Վահե says:

      Սարգիս Ինչ որ նոր բաներ եք գրում Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին, Բեյ-Մամիկոնյանը զորքի մոտ հեղինակություն չուներ, հետևաբար ինքը չէր կարող կազմակերպել Ղարաքիլիսայի պաշտպանությունը, զորքին Դիլիջանում հավաքել է Ղարաքիլիսա է բերել Նժդեհը և Գուրգեն Տեր-Մովսիսյանը, և ինքնապաշտպանական կռիվները կազմակերպել են այս երկու հերոսները

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031