Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող համատեղ ծրագրերը կապված խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, կալանքների պրակտիկայի բարեփոխման հետ և այլն:
Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ Քրիստոս Ջիակումոպոլոսն ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը հավաքների մասնակիցների իրավունքների երաշխավորման, հանդուրժողականության մթնոլորտի ապահովման հարցերում: Կարևորվել է Պաշտպանի ցուցաբերած անաչառ մոտեցումն ու արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև արագ արձագանքը խնդիրներին:
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր տնօրենին աջակցության և Պաշտպանին աշխատանքին հետևելու ու այն գնահատելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և առավել ակտիվացնել համատեղ աշխատանքը:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ