Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերմարկետների տնօրեններին կանչել են ՊԵԿ ու զգուշացրել, որ նախկին համաձայնությունները չեն գործում, ՀԴՄ դաշտ եկեք

Մայիս 29,2018 15:08

«Ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ-ի կողմից, բայց, ըստ երևույթին, ոչ այնքան արդյունավետ, որքան հանրությունը կսպասեր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ստվերի դեմ պայքարը մշտական գործընթաց է եւ հարյուրամյակներով են պայքարելու դրա դեմ. «Ասել, որ 6 ամիս հետո ստվեր չի լինելու՝ ես ազնիվ չեմ լինի, բայց ստվերի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմ մենք ունենք եւ ներմուծելու ենք: Ստվերի դեմ պայքարը այսօր մեր առաջին նպատակադրումներից մեկն է»:

Անանյանն ասաց, որ հիմա ստվերի դեմ ավելի լավ կարող են պայքարել. «Իրավիճակ է փոխվել, երեխեք, մենք էլ գիտենք, դուք էլ գիտեք»:

Հարցին՝ ասում են՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը փախած է՝ ՊԵԿ նոր նախագահը արձագանքեց. «Ես այդ եզրույթը չէի օգտագործի՝ փախած է, թե փախած չի: Ես չգիտեմ: Ես ՊԵԿ-ի աշխատակից եմ, թե ՊԵԿ-ի նախկին աշխատակիցները այստեղ են, այստեղ չեն՝ ես չգիտեմ: Ես հիմա էլ զանգահարում եմ Վարդան Հարությունյանին՝ որոշ հարցեր ճշգրտելու համար: Երբ զանգում եմ, ինքը հասանելի է»:

Հարցին՝ ԱԱԾ-ն հաստատում է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթիներում» ստուգումներ են սկսել, դուք ի՞նչ գործընթաց էիք նկատել, ինչո՞ւ է ԱԱԾ-ն դա իրականացնում, ի՞նչ խնդիրներ են այնտեղ եղել եւ արդյոք դուք էլ եք համատեղ մասնակցում ստուգումների՝ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ համատեղ ստուգումների ՊԵԿ-ը չի մասնակցում. «Ես մեր գործառույթներն ունեմ, երեկ հրավիրել եմ ցանցային առեւտրով զբաղվող կազմակերպությունների պատասխանատուներին, զրուցել եմ իրենց հետ՝ շուրջ 10- 12 հոգի: Նախկինում իրենց պնդմամբ այն համաձայնությունները, որ իրենք ձեռք են բերած եղել կառավարության հետ, մենք իրենց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում եւ շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին: Մենք ուղղակի իրենց մի քանի օր ժամանակ ենք տվել, որ իրենց ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ: ԱԱԾ մեր գործընկերներին մենք տեղեկանքով տեղեկացրել ենք, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը»:

Թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ինչքանով ես եմ պատկերացնում, եղել է հետեւյալ պայմանավորվածությունը, որ գյուղմթերքների մասով, քանի որ գյուղացիներից փաստաթղթավորման խնդիր կա, ձեռքբերման ժամանակ մասնագիտական վերլուծություն է եղել, ձեր ասած Երեւան սիթին, ՍԱՍ-ը, Զովքը, քանի որ խոշոր հարկ վճարողներն են, 1000 դրամով առավ գյուղմթերք, ինքը պետք է 100 դրամ կամ 10 տոկոս գա վրադիր, 1100-ով պետք է վաճառի, ինքը պետք է 20 տոկոս վրա գա, ԱԱՀ-ի վճարումն է եւ 1320 դրամով վաճառի դա: Քանի որ ինքը փաստաթուղթ չունի ձեռքբերողից վերցրած ու ԱԱՀ չի վճարում ձեռքբերողը, այդ 220 դրամը, ըստ իրենց, հավասարաչափ չի բաշխվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ, դրա համար իրենք առաջարկել են, որ գյուղմթերքները լինի անհատ ձեռնարկատերերով դրանց վաճառքը, որ իրենք 5 գոնե վճարեն՝ 20 տոկոսի փոխարեն: Բնականաբար, օրենսդրությունը նման թույլտվություններ չի տալիս, մասնագիտական առումով հասկանալի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031