Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա հացադուլավորներին որ թույլ էին տալիս ուտելիք, խմելիք տալ, բարձ տալ, օգտվել սանհանգույցներից, դա ինքն իրե՞ն էր արվում». Արամ Սիմոնյանը շփոթվեց

Մայիս 29,2018 14:56

Ինչպես տեղեկացրել ենք՝  «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամներն ու դասադուլին միացած ուսանողները հանդիպում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը մեջբերեց պարոն Սիմոնյանի այն խոսքերը, թե չի տիրապետում իրավիճակին: Արամ Սիմոնյանն արձագանքելով՝ ասաց. «Խնդրում եմ բառերը ճիշտ օգտագործել: Ես նման բան եմ ասել, բայց ասել եմ, որ տվյալ դեպքի վերաբերյալ չեմ տիրապետում իրավիճակին»:

Վահան Կոստանյանը հիշեցրեց, երբ մարդիկ հացադուլի էին նստած՝ «Դուք որևէ անգամ չփորձեցիք գնալ իրենց մոտ ու հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ այսօր հանկարծ որոշեցիք ընդունել ուսանողներին՝ չգիտես ինչու»: Մեկ այլ ուսանող հավելեց՝ դասադուլի ժամանակ ասացիք՝ կհոգնեն, կգնան: Արամ Սիմոնյանն արձագանքեց. «Բա հացադուլավորներին, որ թույլ էին տալիս ուտելիք, խմելիք տալ, բարձ տալ, օգտվել սանհանգույցներից, դա ինքն իրե՞ն էր արվում»: Ուսանողները դժգոհեցին՝ ի՞նչ ուտելիք և պահանջեցին ներողություն:

Պարոն Սիմոնյանն ասաց, թե այդ հարցում ինքը սխալվել է՝ ուտելիք չպետք է ասեր: «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ թուղթ կա, որ հացադուլի ժամանակ իրենց ստամոքսը եղել է դատարկ:

Վահան Կոստանյանը հայտարարեց՝ հենց նոր դուք ասացիք, որ դուք դիկտատ եք հաստատել համալսարանում՝ կուզեմ կխմեն, չուզեմ, չեն խմի: Արամ Սիմոնյանը պարզաբանեց. «Իմ ասածն ուրիշ է, որ եթե ես արգելք հանդիսանայի, կդիմեի միջոցառումների: Եթե դիկտատ լինեի, այդպես կանեի, եթե չեմ արել, ուրեմն դիկտատ չկար»:

Մի ուսանող էլ հիշեցրեց, թե երբ հացադուլ էին անում, ռեկտորն ասել էր՝ կսովորեն, դուրս կգան ու վերաբերմունքը ցույց տվեցիք մեր նկատմամբ, հիմա որպես ԵՊՀ ռեկտոր ու ուսանողների առաջ պատասխանատու անձ և տղամարդավարի ձևով ակնկալում եմ պատասխան նմանատիպ վերաբերմունքի համար: Ռեկտորը պատասխանեց. «Ինչ վերաբերում է սովածությանը, չեմ հիշում, որ նման բան ասել եմ, հնարավոր է: Դրա մեջ որևէ կրիմինալ չեմ տեսնում»:

Ուսանողներից մեկը կոնկրետ պահանջներ բարձրացրեց՝ ռեկտորի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի հրաժարական: Արամ Սիմոնյանը պատասխանեց, թե այս բոլոր պահանջները իրավաչափ չեն. «Ռեկտորի հրաժարականը կարող է լինել միայն երկու դեպքում, երբ նա դիմում է տալիս և երբ հոգաբարձուների խորհուրդը, որ ընտրել է ռեկտորին, հետ է կանչում նրան կամ քվեարկում է, որպեսզի լքի պաշտոնը: Երկու դեպքն էլ իրավական հողի վրա է: Ես օրինականության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով: Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին, ես չեմ ընտրել այն, ընտրվել է կառավարության որոշմամբ: Հասցեատերը կառավարությունն է, ես չեմ: Ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, և որևէ ուժ չունի իմ կարծիքը հոգաբարձուների խորհրդի հետ կապված»:

Դառնալով աուդիտի անցկացման հետ կապված պահանջին՝ պարոն Սիմոնյանը պարզաբանեց. «Ըստ օրենքի՝ աուդիտ կազմակերպվում է հիմնադրամի համար, նրա հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ տարին մեկ անգամ: 2017-ին աուդիտն անցկացվել է բուհում պետության կողմից լիցենզիա ստացած համապատասխան աուդիտորական կազմակերպության կողմից: Այն պարտադիր կերպով անցկացվելու է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ ոչ ռեկտորի ցանկությամբ, ֆինանսական տարվա ավարտին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031