Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ հուլիսի 1-ից անցնում ենք կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի վերջնական ներմուծմանը: Այս պահին գրեթե 200 հազար մասնակից ունի արդեն այդ համակարգը եւ այս տարի եւս կավելանա 80-81 հազար նոր մասնակից: Բավականին հուսադրող թվեր կան՝ այդ ֆոնդերի գումարները պահելու հետ կապված: Ասեմ, որ մեր աշխատակիցները որոշել են ապագայում սկսել հրապարակել եկամուտներն այդ ուղղությամբ եւ դրանք բավականին տպավորիչ են: Ես կոչ եմ անում բոլորին, ով մասնակից չի, չսպասել հուլիսի 1-ին»:
Ջավադյանը հարցին՝ կառավարիչները գո՞հ են՝ պատասխանեց. «Կառավարիչների պլանավորումը մի քիչ այլ էր: Մենք 2 անգամ արդեն հետաձգել ենք, եթե հիշում եք, պարզ է, որ այս պահին ինչ ունենք գոհ են, բայց այլ պլանավորում ունեին: Ես 200 հազարի մասին խոսեցի եւ ավելացող 80 հազարի մասին, բայց նույն զանգվածը պետք է լիներ մի քիչ պակաս դեռ 2014-ին: Իրենց պլանավորածից քիչ է, իրենք ծախսերն արել էին՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ մենք ունեինք»:
Հարցին՝ հիմա օրենքը պետք է փոխվի՞, որ հնարավոր լինի կասեցնել գործընթացը՝ Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե, դրա մասին ոչ մի պաշտոնական քննարկում չունենք: Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ ուզում են հետաձգել»:
Ջավադյանն ասաց, որ եթե փոխվի օրենքը եւ նորից հետաձգեն՝ ռիսկեր կլինեն կառավարիչների հետ, որովհետեւ բավականին լուրջ ընկերություններ են: Հարցին՝ կթողնեն կգնա՞ն՝ նա պատասխանեց, «Իհարկե, հնարավոր է, եթե իրենց պլանավորածի ակնկալիքներին չհամապատասխանի իրականությունը: Իրենք բավականին լուրջ ընկերություններ են: Եթե այդպիսի բան լինի, գոնե ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ հետաձգվելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ