Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկզբից պետք է պարզել աուդիտի արդյունքները, հետո պահանջել ռեկտորի հրաժարականը». Նարինե Դիլբարյան

Մայիս 29,2018 14:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնությունն անցկացնում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով դասադուլ:

Դիտարկմանը ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծես թե չի ցանկանում հրաժարական տալ, հրաժարական պահանջողներին էլ անվանել է բախտախնդիրներ, «ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Մոտ մեկ ամիս սպասեցինք. հուսով էինք համալսարանում տեղի կունենան բարեփոխումներ, նախաձեռնությունը կլինի ղեկավար կազմի կողմից, բայց հակառակ պրոցեսը տեղի ունեցավ: Էլի զանգեր էինք ստանում, որ այն մարդիկ, որոնք մասնակցում են ցույցերի, լավ վերաբերմունքի չեն արժանանում: Մի բան է պարզ, որ ուսանողակենտրոն չէ համալսարանը, մինչդեռ պարտավոր են հաշվի նստել ուսանողների և դասախոսների հետ: Որոշումները միանձնյա են կայացվում: Իսկ եթե չեն ցանկանում փոխվել, պետք է հրաժարական տան»:

Students demanding the resignation of the YSU Rector met him in order to negotiate at the YSU

Դավիթ Պետրոսյանը հավաստիացրեց՝ ռեսուրսների արդյունավետ մենեջմենթ չի լինում: Նա հայտարարեց, թե պայքարելու են, որ ԵՊՀ-ում՝ հատկապես ղեկավար կազմում, կուսակցականներ չլինեն: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ կոնկրետ թեկնածու չունեն ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար, բայց շատ դասախոսներ ունեն, որոնց համակրում են:

Aravot.am-ի հարցին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր 10.30-ին հրավիրել էր հանդիպման, ինչո՞ւ են մերժել, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Քննարկումների համար բաց ենք եղել, բայց ձևաչափը, նպատակը պիտի իմանանք: Տարկետման նախաձեռնության ժամանակ երկու ամիս բանակցեցինք, այդ փորձը լավ գիտենք, որ երբ տրամադրվածություն չկա խնդիրները լուծելու, կարող են քննարկումները միշտ տեղի ունենալ»:

Դառնալով ուսանողական խորհրդի գործունեությանը՝ Դավիթն ասաց, որ այնտեղ բազմաթիվ ընկերներ ունեն, բայց այն կաշխատի լավ, եթե լուրջ կանոնադրական փոփոխություններ տեղի ունենան:

Մյուս հարցին՝ ունե՞ն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի աջակցությունը, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Ուսանողներով եղել ենք անկախ, ունենք մեր սկզբունքներն ու արժեքները: Վստահ եմ՝ պարոն Հարությունյանն այդ արժեքները կիսում է»:

Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենց կոչել են եվրոպացի լրտեսներ, հետո ասել են, թե հացադուլի ժամանակ կսովածանան, կգնան, հիմա էլ բախտախնդիրներ են կոչում: Aravot.am-ն այս առիթով հիշեցրեց, թե լուրեր կան, որ 7 միլիոն դրամի դրամաշնորհ է շահել Դավիթ Պետրոսյանը «Սորոս» հիմնադրամից, նա արձագանքեց. «Դե պետք է փաստարկվի, հիմնավորվի, այդ խոսակցությունները վաղուցվանից կան»:

Հարցին՝ խնդիրներն անձո՞վ են պայմանավորված, թե՞ եթե խնդիրները լուծվեն՝ հրաժարական չեն պահանջի, Դավիթ Պետրոսյանը համեմատական տարավ Սերժ Սարգսյանի հետ ու ասաց, որ եթե մի քանի հոգի հեռանա, համակարգը կսկսի լավ աշխատել:

Նշենք, որ ուսանողները չորս հիմնական խնդիրներ են բարձրացրել. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ՈՒԽ-ի եւ արհմիության գործունեության կասեցում:

Students demanding the resignation of the YSU Rector met him in order to negotiate at the YSU

Մինչ տասնյակ ուսանողներ գոչում էին դասադուլ, ԵՊՀ ասպիրանտներից մեկը դուրս եկավ և հայտարարեց, թե դեմ է խնդիրները նման ձևով լուծելուն. «Ինձ դուր չի գալիս այս գործելաոճը: Կարելի է հաստատել կառուցողական երկխոսություն, խնդիրների բարձրաձայնում: Ես այն մեկն եմ, որ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե այդ մեկը դու ես: Փոքրամասնության ձայնը լսելի չէ»:

Նա հայտարարեց, թե համալսարանում կան տարբեր կուսակցական պատկանելություն ունեցող դասախոսներ:

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանի բնորոշմամբ՝ հրաժարականն ածանցյալ է. «Այսքան տարի աշխատում եմ մայր բուհում, բայց աղոտ պատկերացումներ ունենք բյուջեի հետ կապված: Եթե ֆինանսական ստուգում չանցկացվի, գործադուլը՝ որպես ճնշման միջոց, ճիշտ է: Կարևորը թափանցիկ աշխատելաոճն է: Սկզբից պետք է պարզել աուդիտի արդյունքները, հետո պահանջել ռեկտորի հրաժարական: Մեր ֆակուլտետում երբեք քարոզչություն չի եղել»:

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Աշխեն Ջրբաշյանն էլ նշեց. «Մեր պահանջն է, որ համալսարանի ղեկավարությունը բաց աշխատի: Ինչքան հարց ենք բարձրացրել աշխատավարձի բարձրացման և այլնի հետ կապված, մեզ ասել են՝ գումար չկա: Մենք հստակ ուզում ենք իմանալ, թե ուր են գնում գումարները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031