«Նախկին իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ասում են՝ «ընդունում ենք, որ Բաբայանն անմեղ է, բայց մտավախություն ունենք, որ նա խնդիրներ կարող է առաջացնել Արցախում»: Սա ՀՀԿ-ական շրջանակներն են տարածում՝ միտումնավոր փորձելով պղտոր տրամադրություններ ստեղծել հանրության շրջանում: Ասեմ, որ նման բան չկա: Չկա խնդիր, թե Բաբայանը Արցախում ինչ-ինչ գործընթացներ է նախատեսում»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործին՝ ասաց քաղաքագետ, Բաբայանի աջակից Անդրանիկ Թեւանյանը: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը դեռ չի քննարկել Բաբայանի կալանքը փոխելու եւ ազատ արձակելու միջնորդությունը, նաեւ՝ վճռաբեկ բողոքը, որով նա պահանջում է արդարացման դատավճիռ:
«Մենք՝ աջակիցներս, ավելացնելու ենք ճնշումը: Վճռաբեկ դատարանը դեռ ՀՀԿ-ական ռեժիմի ազդեցության ներքո է եւ նոր կառավարությանը սաբոտաժի է ենթարկում: Հայտարարվել է, որ կան քաղբանտարկյալներ: Եթե դատավորներն այս ոճով են շարունակելու աշխատել, կարծում եմ՝ նոր Հայաստանում տեղ չեն ունենա»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Թեւանյանը: Անդրանիկ Թեւանյանը համոզմունք հայտնեց, որ Սամվել Բաբայանի մեղադրանքը շինծու է, որ նա ձերբակալվել է միայն նրա համար, որ 2017թ. ակտիվություն է դրսեւորել խորհրդարանական ընտրություններում՝ սատարելով «ՕՐՕ» դաշինքին:
«Դատարանում մեղադրանքի կողմն այդպես էլ չներկայացրեց Բաբայանի ենթադրյալ դրդապատճառները, իսկ հիմա էլ ասում են՝ ենթադրում են, թե Արցախում գործողություններ կանի: Այսինքն, ենթադրության հիման վրա մարդուն շարունակում են ազատազրկման մեջ պահել»,-նկատեց քաղաքագետը: Ապա կարծիք հայտնեց, որ առանց, իր բնորոշմամբ, քաղբանտարկյալների ազատ արձակման՝ աշնանը նախատեսվելիք խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն լինի: «Ճիշտ չի լինի, որ քաղբանտարկյալները բանտից հետեւեն այդ գործընթացներին: Նրանք նախորդ իշխանության դեմ են պայքարել: Չենք ասում՝ դռները բացեք, թող բանտերից դուրս գան, բայց իրավական արդարացի գործընթաց ենք պահանջում: Իսկ մենք՝ Սամվել Բաբայանի աջակիցներս, շարունակելու ենք հասարակական ճնշումը եւ բողոքի գործողությունները»:
Հավելենք, որ Վճռաբեկ դատարանում Բաբայանի կալանքը փոխելու միջնորդության քննարկումը նախատեսվում է հունիսին, իսկ թե որ օրը՝ պարզ չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ