«Այստեղ զինվորներ են, որոնք իրենց կյանքը, առողջությունը տվել են հայրենիքին, փայլուն տղաներ կան այստեղ, եւ մեկը չէ, որոնք թողել են իրենց կյանքը Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից վերադարձել են Հայաստան եւ կամավոր գնացել են բանակում ծառայելու»,-ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր շրջայց կատարելուց հետո:
Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը պարտավոր էր գալ եւ կենտրոնում այսօր վերականգնողական բուժում անցնող զինվորներին Առաջին Հանրապետության տոնի առթիվ շնորհավորելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողների հետ զրույցում պարոն նախագահը թվարկեց զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները՝ նշելով, որ առողջության վերականգնմամբ նրանց հարցերը չեն լուծվում եւ որ օգնություն տրամադրելով էլ հարցի լուծումն անընդունելի է: Նախագահը գտնում է, որ առողջությունը վերականգնելուց հետո նրանց համար արտոնյալ պայմաններով աշխատանքի ընդունվելու հնարավորություններ պետք է ստեղծել, որպեսզի զինվորը ոչ թե կախված լինի տարատեսակ օգնություններից, այլ՝ սեփական միջոցները ինքը կարողանա վաստակել:
«Նախ՝ կխոսեմ վարչապետի հետ, իմ տպավորությունները կկիսեմ, եւ հետո՝ առողջապահության նախարարի եւ մյուսների: Պետք է այնպես անել, որ այս տղաների թոշակն արժանի լինի իրենց նվիրումին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նախագահի խոսքով, վերականգնողական բուժման ենթակա այսօր Հայաստանում 1500 զինվոր կա եւ կենտրոնը պետք է ծավալներն ընդլայնի:
Այսօր կենտրոնը սպասարկում է 30 ստացիոնար պացիենտների, 50 զինվորական էլ ամբուլատոր պայմաններով են բուժվում:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն ասաց, որ կենտրոնը տարեկան 400 միլիոն դրամի կարիք ունի, որպեսզի տարեկան 75 զինհաշմանդամություն ունեցող անձ վերականգնողական բուժում ստանա:
«Եթե պետությունը զինհաշմանդամներին դեղորայք տրամադրի, ապա 73 միլիոն մեր բյուջեից կնվազի: Այս պահին բժշկական համալսարանը օգնում է, որ հոգանք կոմունալ ծախսերը, վերականգնողական բուժումից դուրս բոլոր պրոֆեսորների կոնսուլտացիաներն են մեզ մոտ անվճար: Սնունդ, դեղորայք բարերարներից ու մի քանի մասնավոր հիվանդներից է գոյանում»:
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հավելեց, որ ունեն լեզվի ուսուցման, տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ: Ըստ պարոն Մուրադյանի, տղաներն ունեն առողջական ակնառու փոփոխություններ, երբ սկսում են սայլակներից վեր կենալ, դեմքներին ժպիտ է երեւում: Արմեն Մուրադյանն ասաց, որ համալսարանական հիվանդանոցի բակում հերոսների պուրակ են հիմնելու, սրճարան են բացելու, որը նաեւ աշխատատեղ է լինելու վերականգնողական բուժում անցած տղաների համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ