«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն`անդրադառնալով երեկ`Հայաստանի առաջին հանրապետության միջոցառումներին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին չհրավիրելու փաստին: «Ես կարծում եմ, այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Թյուրիմացությունը Նիկոլ Փաշինյանը բացատրում է նախկին համակարգով, երբ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով էին լուծվում. «Քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ` ով ի՞նչ ասի, ով ի՞նչ խոսի, ով ի՞նչ դեմքի արտահայտություն ունենա, ով ի՞նչ գույնի փողկապ կապի, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգը, թերեւս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու: Իհարկե, այդ տրամաբանությունը չպետք է գործի»:
«Համենայնդեպս, համոզված եղեք, որ մանրախնդրության որեւէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ երեկվա միջոցառումների հետ կապված առանձին անընդունելի դրվագներ ու թյուրիմացություններ կային, որոնք առաջիկայում կշտկվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ