Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թվականին ՀՀ կառավարությունը 280 միլիարդ դրամ արտաքին վարկեր է ստացել

Մայիս 29,2018 12:33

2014-ից Հայաստանում բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Այսօր այս մասին խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի կատարողական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այս իրավիճակով պայմանավորված, ըստ նախարարի, որոշակի շեղում ենք ունեցել. «Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների։ Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար, որը կարճաժամկետ իմաստով տրամաբանական է։ Եթե գնայինք ընթացիկ ծախսերի կրճատմանը, մենք ավելի խորը խնդիրներ կունենայինք, իսկ միջին ժամկետում կամ երկարաժամկետ առումով այս մոտեցումը չի կարող դիտվել որպես օրինաչափ»։

Ուստի, ըստ նախարարի, 2018-20 թվականների ծրագրի մեջ դրվել է հենց այդ քաղաքականությունը, որպեսզի 2019 թվականին ունենանք հավասարակշռված կամ պետական պարտքի հաշվին մոտ կապիտալ ծախսերի ֆինանսավորում. «Իսկ 2020-ին արդեն էական տարբերություն կունենանք. կապիտալ ծախսերը մեր ընթացիկ ռեսուրսների հաշվին կգերազանցեն մեր պարտքի հաշվին արած ծախսերը»։

2017 թվականին ՀՀ կառավարությունը 280 միլիարդ դրամ արտաքին վարկեր է ստացել, մարվել է 48 միլիարդ դրամ․ «Ընդամենը 6 միլիարդ 775 միլիոն ԱՄՆ դոլար է եղել պետական պարտքի չափը, որի մեջ կառավարության մասնաբաժինը կազմել է 6 միլիարդ 173 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր պարտքի մակարդակը կազմել է 58․8 տոկոս: Դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի, դրանով է պայմանավորված նաեւ այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որն ընտրվել է` կայունացնել պարտքը»։

Նախարարը հավաստիացնում է` տարբեր ցուցանիշներով Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031