Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:
«Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում: Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում: Սա չափազանց կարևոր խնդիր է և փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության և կայացված որոշումներն ի կատար ածելու հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք: Վարչապետը կարևորել է պետական եկամուտների ավելացումը և ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ: «Դավիթ Սանասարյանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկն է: Կարծում եմ, որ այդ հեղափոխական շունչը, բառիս լավ իմաստով, պետք է նաև արտահայտվի պետական վերահսկողության ոլորտում: Ես, պարո՛ն Սանասարյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ: Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում և մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որևէ ոլորտում, որևէ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դավիթ Սանասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և պատիվ համարել մասնակցել պետության հիմքերի առողջացման գործին: «ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված ամբողջ ծավալով ծառայությունն իրականացնելու է լուրջ գործունեություն և վստահեցնում եմ, որ դրանից միայն ու միայն շահելու է պետությունը: Պետական վերահսկողական այս նորաստեղծ ծառայության հիմնական առաքելությունը պետք է լինի կառավարության, վարչապետի որոշումների և հանձնարարականների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, պետական միջոցների արդյունավետ ծախսմանը նպաստելը, կոռուպցիայի հայտնաբերումն ու կազմաքանդումը, ինչը կարևոր է և մեր քաղաքացիները հենց դա են սպասում»,- ասել է Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ իր գլխավորած ծառայության ուշադրության կենտրոնում է լինելու պետական մարմինների արդյունավետության բարձրացումը, քաղաքացի-պետություն հարաբերություններում նոր որակի մշակույթի ներդրումը և «օդում կախված» բազմաթիվ առեղծվածային ու հնչեղություն ունեցող գործերի ուսումնասիրությունն ու թափանցիկության ապահովումը:
Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարևորել է հանձնարարականների և ուղերձների ճիշտ մեկնաբանումը: «Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ: Մեր քաղաքական հայտարարությունները նույնպես հաճախ, կամ երբեմն սխալ են մեկնաբանվում: Մասնավորապես, այն, ինչ մենք ասել ենք, ասում ենք և կշարունակենք ասել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. շատերը դա մեկնաբանում են որպես «կանաչ լույս» հին ավանդույթների շարունակության համար: Այս արձանագրումը շատ կարևոր է. մենք իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց եթե որևէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության և օրենքի ուժը: Այսինքն՝ որևէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն: Սա շատ կարևոր արձանագրում է, և որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ փորձելու համար՝ արդյոք այս կեցվածքը կարող է որևէ կերպ նշանակել թուլություն և հանդուրժողականություն որևէ ապօրինի երևույթի նկատմամբ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված: «Նաև Պետական վերահսկողական ծառայությունը պետք է այս մթնոլորտն ապահովի: Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ և այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետև սիրո և համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը և մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն: Կարծում եմ, որ դա ծիծաղելի է: Մենք պետք է հստակ մեր նպատակները ձևակերպենք և արագ ու արդյունավետ, առանց շտապողականության և չմտածված քայլերի իրագործենք»,- ասել է վարչապետը՝ հաջողություն մաղթելով Պետական վերահսկողական ծառայությանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ