Պարզ է, որ ժողովրդի աջակցությամբ եկած իշխանությունը պետք է փորձի բարելավել ժողովրդի կենսամակարդակը եւ առաջին հերթին նրա ապրելակերպում կտրուկ փոփոխություններ ապահովի, մանավանդ՝ ընտրությունները սարերի ետեւում չեն, 50+1 տոկոս ստանալու համար պետք է ապացուցել, որ էականորեն տարբերվում են նախորդներից եւ հոգում ժողովրդի համար։ Դա է պատճառը, որ առաջին քայլերից մեկը, որ մտադիր է անել Փաշինյանի կառավարությունը, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների վերանայումն է։ Տեղեկացանք, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, մասնավորապես՝ նոր կառավարությունը փորձել է հասկանալ, թե ինչ կարելի է անել սակագներն իջեցնելու ուղղությամբ, եւ կապվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ ասաց, որ այսօր երեկոյան քննարկում է կայանալու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ։ Թեման գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցման հարցերն են։
«Քննարկումները կսկսենք, կհասկանանք՝ ինչ ունենք, ինչ հնարավորություն կա, որից հետո նոր կկարողանանք էդ մասին բարձրաձայնել»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։
Նա չցանկացավ առանց քննարկումների որոշակի հստակ բան ասել՝ հիշեցնելով, որ սակագների փոփոխության համար պետք է վերլուծություններ իրականացվեն բազմագործոն ու բազմավեկտոր հազար ու մի բաղադրիչներով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում