Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվեց 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Այն մի փոքր տարբերվում է սովորական ընթացակարգից`քաղաքական իրողությունների փոփոխության պատճառով:
Քննարկումը սկսեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդունված կարգով, նախ վարչապետն էր իր գնահատականները հնչեցնում: Նորանշանակ նախարարի ներկայացմամբ, 2017 թվականին ՀՆԱ-ի դինամիկայի տեսանկյունից, Հայաստանը շահեկանորեն տարբերվել է համաշխարհային տնտեսությունից, միջազգային միավորներից` ԵՄ-ից, ԵԱՏՄ-ից։ Նախարարն ասում է, 2017-ին Հայաստանում երկու տոկոս, անգամ դրանից մի փոքր ավելի տնտեսական աճ է արձանագրվել: Հիշեցնենք, Կարեն Կարապետյանի կառավարությունը նախատեսել էր 3․2 տոկոս տնտեսական աճ, բայց արձանագրվել է 7․5 տոկոս:
2017 թվականին աճել են ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտները` շուրջ 18 տոկոսով: Ատոմ Ջանջուղազյանն ասում է`դա իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ «Հաջորդ գործոնը, որը նշանակալի է, դրամ-ռուբլի երկկողմանի փոխարժեքների զարգացումներն են։ Մեր եւ ՌԴ-ի սերտ համագործակցությունն էական է առեւտրաշրջանառության տեսակետից, այստեղ ունեցել ենք շուրջ 44․6 տոկոսի աճ դեպի ՌԴ արտահանման ուղղությամբ եւ դրամ-ռուբլի երկկողմանի փոխարժեքն արձանագրել է դրամի արժեւորում։ ՌԴ-ից ներհոսող դրամական միջոցներն են աճել»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ նախարարի, 2017 թվականի միջին գնաճը կազմել է 1 տոկոս։
Բյուջեի ծախսային մասում եղել են ծրագրայինից շեղումներ․ «Ունեցել ենք 1 տրիլիոն 505 միլիարդ դրամ ծախս, որը 56 միլիարդ դրամով ավելի է, քան՝ 2016 թվականի ծախսերի ցուցանիշն էր։ Կատարողականը ավելի ցածր է, քան ճշտված ծրագիրն էր։ Դա պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համեմատաբար բարձր կատարողականով։ Արտաքին աջակցությամբ իրականացվող ծախս էր նաեւ ՌԴ-ից համաձայնագրի շրջանակում արտահանման վարկի համատեքստում ռազմատեխնիկայի համար միջոցների օգտագործումը»։
Նախարարը հիշեցրեց` նախորդ կառավարությունը 2017-ի համար նպատակադրվել էր պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել: Ասում է`դա իրականացվել է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ