Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետների հարցը մոտ օրերս կլուծեն, ապա կանցնեն քաղաքապետներին. «Հրապարակ»

Մայիս 29,2018 11:47

Արդեն ուրվագծվում է մարզպետաց նոր դասը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա կանգնած է կուսակցության ակունքներում, եղել է առաջին վարչության անդամ։ «Ոչինչ չեմ կարող ասել այդ մասին, ներեցեք; Պաշտոնական նշանակում կլինի, կտեսնենք»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում 2017թ. ԱԺ պատգամավորական թեկնածու։

Շիրակի մարզպետի հիմնական թեկնածուն «ՔՊ»-ական Կարեն Սարուխանյանն է՝ կենսաբանության ուսուցիչ։ Նա էլ Շիրակի կուսակցական կառույցի ղեկավարն է։ Արարատի մարզպետ կնշանակվի Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, իսկ Արագածոտնում՝ «ՔՊ»-ական Սիմոն Պետրոսյանը, թեեւ խորհրդարանական վերջին ընտրություններում ընդամենը 150 ձայն է ստացել։ Գարիկ Սարգսյանն իր թեկնածության մասով հստակ չպատասխանեց՝ ասելով, որ առաջիկա օրերին նշանակումները թերեւս կլինեն, իսկ ձգձգվում են, քանի որ, պաշտոնի յուրահատկություններից ելնելով, «պետք է լավ ծանրութեթեւ անել»։ Թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվելու նշանակումներ կատարելիս, «ՔՊ» ներկայացուցիչը տեղյակ չէ. «Կառավարությունում է գտնվում այդ հարցը, եւ ես չեմ կարող ասել, թե ինչ չափորոշիչներով են լինելու նշանակումները։ Իմ կարծիքով՝ մարզպետները պետք է լինեն իրենց մարզում ընդունված եւ ժողովրդականություն վայելող անհատներ»։ Գարիկ Սարգսյանը չբացառեց նաեւ, որ հնարավոր է «դրսից» թեկնածուներ բերեն, որոնք չհանդիսանան տվյալ մարզի բնակիչներ։ Այդ դեպքում արմատախիլ կարվի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործունեությունը։ Իսկ ՀՅԴ-ին եւ Ծառուկյանենց պորտֆել չտալու մասին նա տեղյակ չէ, նրա ունեցած տեղեկությունները հակառակի մասին են խոսում՝ մարզպետներ կնշանակեն նաեւ հիշյալ թիմերից։ Ի դեպ, Սարգսյանը «չհաստատեց» իր հնարավոր նշանակումը, սակայն խոստացավ, որ իր մարզպետության ժամանակ Արարատի մարզում «կլաններ» չեն լինի. «Ոչ միայն մեզ մոտ, այլեւ բոլոր մարզերում կլինի ժողովրդի իշխանություն»։ Կկարողանա՞ ինքը զսպել Աբրահամյանների եւ Գրիգորյանների ազդեցությունը մարզում՝ չէ՞ որ Արարատի մարզն ավանդաբար այդ երկու ընտանիքի տիրապետության տակ է գտնվել։ «Ամեն դեպքում, ես կխուսափեմ «կլաններ» բառից, մնացածը՝ կաշխատենք, կտեսնեք»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031