Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիսուն տարի անց կրկին «Վերջին զանգ»

Մայիս 29,2018 13:46

Երեւանի հ. 87 միջնակարգ դպրոցում այս տարի «Վերջին զանգ»-ն առանձնահատուկ էր. մասնակցում էին ոչ միայն այս, այլեւ 1967-1968 ուսումնական տարվա շրջանավարտներն ու վերջիններիս ուսուցչուհի Արուս Հակոբյանը։ Հիսուն տարի առաջ դպրոցն ավարտած շրջանավարտների շարքում կային մանկավարժներ, օդաչու, ինժեներ-շինարար, կենսաբանական գիտությունների դոցենտ, ինժեներ, էներգետիկ եւ այլն։ Նրանք նվերներ փոխանցեցին դպրոցին եւ այս տարվա շրջանավարտներին։

Հարազատ դպրոցին ողջունեց ՀՀ եւ Կալիֆոռնիայի նահանգի գրողների միության անդամ Հելեն-Հեղնար Ավագյանը. «Տարիներս երազի նման անցան գնացին, այո, անցան գնացին, բայց այս տոնը, թերեւս, այն դեպքերից է, որ կարծես այսօր այդ տարիները մեզ համար ետ են վերադարձել, տարիներ, որոնց ընթացքում մեր մեջ կրթվում, դաստիարակվում է մարդը: Այսօր այս բեմահարթակից ուզում եմ նորից ասել՝ սիրում ենք քեզ, մեր դպրոց, իմ Ավան, իմ քաղաքամայր Երեւան, իմ լավ ընկերներ, այսօրվա ավարտական դասարաններ եւ առաջինցիներ, տնօրինություն, ուսուցչական անձնակազմ: Հատկապես շնորհավորում եմ այն փոքրիկներին, ովքեր հաճախելու են այս հրաշալի պատմություն ու անցյալ կերտած իմ դպրոցը»։

Տիկին Ավագյանի ցանկությամբ հենց հարազատ դպրոցում տեղի ունեցավ իր «Ճակատագրի լույսն ու ստվերը» հեղինակային գրքի շնորհանդեսը։ Միջոցառման մասնակից աշակերտները ներկայացրին բանաստեղծուհու ստեղծագործություններից մի քանիսը։

Վերջին զանգը վերածվել էր մի տոնախմբության, որը, կրելով «Հայրենիք, դպրոց՝ մի հավերժություն» խորագիրը, իր մեջ ներառում էր նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100 եւ Էրեբունի-Երեւան 2800-ամյակին նվիրված միջոցառումները: Տոնական միջոցառման նախաձեռնությունը դպրոցի տնօրինությանն ու աշակերտական խորհրդինն էր։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում էր տարբեր դասարանների ավելի քան 250 աշակերտ։ ՀՀ հիմնի եւ Երեւանի օրհներգի ներքո վերջիններս դպրոցի բակում անցկացված միջոցառման սկզբում պարային շարժումների միջոցով պատկերեցին «2800» եւ «100» թվերը։

Միջոցառման հյուրերն ու երկու տարիների շրջանավարտները հարգանքի տուրք մատուցեցին դպրոցի բակում տեղակայված հուշաքարին, որը նվիրված է դպրոցի՝ արցախյան հերոսամարտում զոհված շրջանավարտներին։
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դպրոցի 50-ամյա շրջանավարտ Գագիկ Հովեյանը հուզմունքով շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Ն.Զեյնալյանին, մանկավարժական ողջ անձնակազմին՝ խորհրդանշական օրն աննկարագրելի ու հուզումնաշատ տոն դարձնելու համար. «Նորից նույն բեմում, գրեթե բոլոր աշակերտներով, նույնիսկ մեզ դասավանդած ուսուցչուհու՝ հարգարժան տիկին Արուս Հակոբյանի ներկայությամբ, եւ ահա մեծարգո տնօրեն տիկին Զեյնալյանը մեր կրծքին ամրացնում է խորհրդանշական զանգը, եւ հուզմունքն այսօր, թերեւս, առավել արտահայտված էր, քան նույնիսկ 50 տարի առաջ: Նույն հարազատ, բոլորիս կանչող եւ համախմբող մեր սիրելի դպրոցը։ Ուրախ ենք, որ մեր սերը եւ կապը դպրոցի հետ իսկապես անքակտելի է եւ գերազանց անցել է երկարատեւ 50 տարիների փորձությունը»:
12-րդ դասարանի աշակերտների տոնական ելույթից հետո 2 տարիների շրջանավարտները հնչեցրին խորհրդանշական վերջին զանգը։

Միջոցառման ավարտից հետո 50-ամյա շրջանավարտները ներկա գտնվեցին «Հմուտ ձեռքեր» խմբակի աշակերտների ցուցահանդեսին եւ իրենց դպրոցական տարիների հուշերն անցկացրին իրենց դասասենյակում՝ վերհիշելով դպրոցական տարիները։

ԱՆՈՒՇԻԿ ՅՈԼՉԻՆՅԱՆ

«Առավոտ»

29.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031