Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Իրենք փորձում են ռեյտինգայինը պաշտպանել, բայց ինչ ասեմ, իրենց ասելով չի». «Ժողովուրդ»

Մայիս 29,2018 11:24

Թավշյա հեղափոխությունից հետո գործադիրում հաստատված նոր իշխանությունը վստահ է՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մի շարք փոփոխություններ իրականացնել օրենսդրական դաշտում։ Հենց այս պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին վերանայել գործող Ընտրական օրենսգիրքը եւ հասարակական- քաղաքական շրջանակների հետ քննարկումների արդյունքում մշակել փոփոխությունների նախագիծ։ Պետք է նշել, որ փոփոխությունների մեխը լինելու է վարկանշային ընտրական համակարգի վերացումը։ Մոտ երկու շաբաթ Ընտրական օրենսգրքի աշխատանքներով զբաղվող Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս հանգամանքը. «Վարկանշային համակարգի մասին խոսք գնալ չի կարող։ Փոփոխությունների թիվ 1 կետն այդ համակարգը հանելն է»։

Վարկանշային համակարգի վերացմանն այս պահի դրությամբ միայն ՀՀԿ-ն է դեմ։ Այդ մասին ՀՀԿ-ականները պարբերաբար նշում են։ Սակայն Իոաննիսյանը վստահեցնում է՝ փոփոխությունները միեւնույն է իրականացվելու են: «Իրենք փորձում են ռեյտինգայինը պաշտպանել, բայց ինչ ասեմ, իրենց ասելով չի: Եթե իրենց ասելով լինի, մենք կանցկացնենք այնպիսի ընտրություններ, ինչպիսիք 2017 թվականին էին։ Իսկ այդ ընտրությունների արդյունքում մենք ունեցանք խորհրդարան, որը որեւէ աղերս չուներ ժողովրդի ցանկության հետ։ Իսկ ապրիլյան այս վերջին իրադարձություններից հետո որեւէ կարիք չկա դա ապացուցելու»,- ասաց նա։ Իոննիսյանը արդեն հանդիպել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի։ Սակայն եթե այս կուսակցությունը չցանկանա մասնակցել ԸՕ-ի շուրջ  քննարկումներին, ապա դրանք առանց իրեն են տեղի ունենալու։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ն փորձի ընդվզել ԸՕ-ի շուրջ կատարվող փոփոխություններին, հատկապես վարկանշային համակարգի վերացման դեմ։ Այս կապակցությամբ Դանիել Իոաննիսյանը նշեց. «Որքան կարող են, թող խոչընդոտեն։ Այդ ռեյտինգայինի պատճառով մարդիկ ստիպված եղան դուրս գալ փողոց, փողոցները փակել, որպեսզի ունենան իրենց համար ցանկալի իշխանություն։ Ռեյտինգային ընտրակարգն ուղղակի բանակցման ենթակա չէ»:

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031