ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին գտնվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Նախագահն այցելել է՝ շնորհավորելու Առաջին Հանրապետության տոնի առիթով: Նախագահը վիրավոր զինծառայողների հետ նախաճաշեց, մաղթեց նրանց շուտափույթ առողջություն, ասաց, որ հիմա էլ են նրանք գտնվում ճակատում եւ պետք է պայքարեն առողջանալու, ոտքի կանգնելու համար, որպեսզի մյուս տարի Հանրապետության 101 ամյակը Սարդարապատում միասին տոնեն:
Նախագահը մաղթեց, որ զինվորները, ովքեր ամուսնացած չեն՝ ընտանիք կազմեն, հետո թոռներ ունենան, քանի որ նրանց պատմելու շատ բան ունեն եւ հայրենասիրությունը, նախագահի խոսքով՝ միայն վերամբարձ կոչերով չէ, այլ օրինակներով, որի կրողներն են հենց իրենք:
Արմեն Սարգսյանը շրջեց վերականգնողական կենտրոնում, խոսեց բուժում անցնող զինվորների հետ, հարցուփորձ արեց, թե ինչի կարիք ունեն: Կենտրոնի տնօրենն ասաց, որ զինհաշմանդամները, վիրավորված զինվորներին դեղորայքը պետպատվերով չի տրվում եւ սովորաբար նրանք ստիպված են թանկարժեք դեղորայքը սեփական միջոցներով գնել: Նախագահը հորդորեց կարեւոր խնդիրների ցանկ կազմել եւ տրամադրել իրեն, զարմանալով, որ հայրենիքի համար կյանքը վտանգող զինվորի դեղերը պետպատվերով չեն: Կենտրոնում բուժում անցնող զինվորներից մեկը՝ Ռոբերտ Դալլաքյանը, նախագահին ասաց, որ հետագա բուժումը՝ պլաստիկ վիրահատությունը պետք է շարունակի Գերմանիայում, սակայն այդ պահին դեսպանատանն այլեւս հարցազրույցի համար ազատ ժամ չկա, հետեւաբար իր բուժումը կհետաձգվի: Նախագահը խոստացավ արտաքին գործերի նախարարի հետ հարցը քննարկել եւ հնարավորն անել, որպեսզի զինվորի բուժումը չընդհատվի: Արմեն Սարգսյանը մանրամասն հետաքրքրվում էր, թե որ սարքը ինչի համար է, զինվորներին հարցուփորձ անում առողջական վիճակի մասին:
Մինչ զինվորներին հանդիպելը նախագահը զրուցեց բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ իրեն սպասող բուհի դասախոս-պրոֆեսորների հետ: Նրանք նախագահին խնդրեցին, որ մեծ ուշադրություն դարձնեն առողջապահության, կրթության ոլորտներին, քանի որ առողջ եւ կիրթ քաղաքացին է տնտեսության զարգացման գրավականը: Նախագահն ի պատասխան ասաց, որ մարդիկ հոգեպես էլ առողջ պետք է լինեն եւ առողջ մարմնում պետք է առողջ հոգի լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ