Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի «բիզնեսը» եւ հայկական կոռուպցիան

Մայիս 29,2018 22:00

Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը ներկայիս ղեկավարության քաղաքական կուրսում կարեւոր տեղ է զբաղեցնում։ Վարչապետ Փաշինյանի մի քանի թեզերը փոխանցում են նոր կառավարության մոտեցումների հիմնական ուրվագծերը։
Հայտարարվել է, որ աշխարհաքաղաքական շրջադարձեր չեն նախատեսվում, Հայաստանի՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում անդամակցության վերանայման, ռուսական ռազմակայանների հարցեր չեն բարձրացվելու։

Մյուս կողմից՝ ասվում է, որ բազմաթիվ հարցեր հարաբերություններում մնում են չլուծված, նույնիսկ շատ պարզ հարցեր, որոնց, սակայն, նոր կառավարությունը մտադիր է լուծում տալ ակտիվ երկխոսության արդյունքում։

Այս բոլոր հարցերի մասին, ընդ որում, խոսվել է, խոսվում է եւ չի՛ կարող չխոսվել տեղի ունեցած եւ շարունակվող հեղափոխության համատեքստում, քանզի պարզ է, որ այն շոշափում է եւ չի կարող չշոշափել քսան տարվա ընթացքում խնամքով ձեւավորված հարաբերությունների «հիբրիդային» իմաստը եւ էությունը։

Հայկական կողմից բոլոր հավաստիացումները կարճաժամկետ հեռանկարում կոչված են լուծելու մեկ խնդիր՝ զերծ պահել երկիրն ուղղակի ռուսական միջամտությունից, աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմ դառնալուց, առկա խնդիրները ներկայացնելու աշխարհաքաղաքական համատեքստից դուրս՝ որպես զուտ ներքին օրակարգ։ Եվ կարճաժամկետ հեռանկարում խնդիրը, կարծես, լուծված է, տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ կամ հեռախոսազրույցներ, հնչել են հայտարարություններ եւ տարածվել պաշտոնական հաղորդագրություններ, որոնք դրա մասին են վկայում։ Ներկա պահի «ստոպ-կադրում» ամեն բան կարծես բարվոք է, եւ հարաբերական փոխըմբռնման մթնոլորտն առկա է թե՛ դրսում, թե՛ ներսում՝ խորհրդարանական մեծամասնությունը պահպանած ՀՀԿ-ի հետ։ Սակայն այդ «ստոպ-կադրն» ինքը պայմանականություն է վերլուծական առումով եւ չի կարող արտացոլել գործընթացի դինամիկան։

Երբ Հայաստանի նոր կառավարության անդամները պատմության մեջ առաջին անգամ հանդիսավոր երդում տվեցին ՀՀ նախագահի նստավայրում, նրանք ի շարս այլ պարտավորությունների՝ երդվեցին նաեւ նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը։ Անցած քսան տարիների ընթացքում, սկսած Արցախը բանակցային ձեւաչափից դուրս թողնելուց եւ «Գույք պարտքի դիմաց» կոչված խայտառակությունից, Հայաստանի օրվա իշխանությունները քայլեր են արել՝ ուղղված ընդդեմ պետության ինքնիշխանության եւ շահերի, դառնալով ներկայիս «իրողությունների» թե՛ ճարտարապետը, թե՛ շահառուն։ Իսկ դիմացը ստացել են իշխանության պահպանման երաշխիքներ, կոռուպցիոն համակարգ ձեւավորելու ինդուլգենցիա, եւ քսան տարվա քաղաքականության հենքը տեղավորվում է մի բանաձեւի մեջ. երկրի ինքնիշխանություն՝ սեփական իշխանության պահպանման դիմաց, իսկ դրան ուղեկցող հռետորական «լիրիկան» նույնիսկ անիմաստ է քննարկել, քանզի կյանքը ցույց տվեց, որ դա ընդամենը դատարկաբանություն է։

Էականն այն է, թե ուր է տանում ներկայիս քաղաքական գործընթացը, ինչպես նաեւ՝ ո՞ւր է հասցնելու այն, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանման եւ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի համատեքստում։
Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չի լինելու, Հայաստանում այլեւս մոնոպոլիա չի լինելու։ Այսինքն՝ Հայաստանում պայքարելու են, եւ Հայաստանում չի լինելու այն, ինչի վրա հիմնված է Պուտինի իշխանությունը Ռուսաստանում, ինչի դեմ պայքարում են Պուտինի սակավաթիվ ընդդիմախոսները Ռուսաստանում, ինչի վրա հիմնված է ներկայիս հայ-ռուսական աննորմալ հարաբերությունների ողջ համալիրը։ Իհարկե, ունենալով անցյալի չմարսված բեռը՝ ներխուժումը Վրաստան եւ վրացական տարածքների օկուպացիան, ներխուժումն Ուկրաինայի արեւելք եւ Ղրիմի բռնակցումը, ներխուժումը Սիրիա եւ պատասխանատվությունը մարդկության դեմ հանցագործությունների համար, պատժամիջոցների սեղմօղակի դեմ կռիվ տվող Կրեմլին ներկա փուլում Հայաստանի շուրջ նոր՝ աղմկոտ ֆորս-մաժոր ստեղծելն ամենեւին էլ պետք չէ։ Բայց միեւնույն ժամանակ, հնարավոր չէ չնկատել թե՛ շահերի բախումը, թե՛ «ոճաբանական տարաձայնությունները» հին սկզբունքների համար զոհողությունների պատրաստ Մոսկվայի եւ այդ հին սկզբունքները մերժած՝ նորը հռչակած Երեւանի միջեւ։

Առանցքային պաշտոնյաների նոր նշանակումների վերաբերյալ արդեն իսկ շրջանառվում են լուրեր մոսկովյան դժգոհությունների մասին, որ դրանք «համաձայնեցված չեն» ռուսների հետ, եւ որ նրանց բավականաչափ «չեն հարգել», ինչպես անցյալում, երբ որոշում ընդունողի կամ որոշումն իրականացնողի բազկաթոռին նստեցնում էին ոչ թե պաշտոնյա, այլ «ժուչոկ», որը նույնիսկ կարող էր ընդունակ լինել լայնամասշտաբ զինամատակարարումներն Ադրբեջանին վեց տարի առանց կարմրելու բացատրել որպես «մեր դաշնակցի բիզնես»։

Առաջին իսկ նշանակալի գործնական քայլը, որը ձեռնարկվեց նոր իշխանության կողմից ընդդեմ կոռուպցիայի, վեր հանեց ուղիղ կապը «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների հետ. ընկերության նախկին տնօրեն, հաշվապահ, որոնք ստացել են այդ լիազորությունները եւս մի նախկին տնօրենի վարչապետության օրոք։ Այդ անձինք մեղադրվում են պարզ գողության մեջ, եւ ակնհայտ է, որն նրանք մեկուսի եւ ինքնագլուխ 7 մլն դոլար չէին յուրացնի՝ աստիճանաբար, համակարգված գործ ունենալով պետական ինստիտուտի հետ, իրականացնելով, ըստ էության, պետական գործառույթ։
Նույն անքննելի «ժուչոկի» տրամաբանությամբ՝ ռուսական «բիզնեսին» եւ նրա ներկայացուցիչներին Հայաստանում թույլատրված էր ամեն ինչ, եւ դա եւս անքննելի էր, դա բացատրվում էր հայ-ռուսական «դարավոր բարեկամությամբ» եւ «ընդհանուր շահերով», բացատրվում էր «մեր անվտանգությամբ»։ Նույն աղբյուրից էին նաեւ սնուցվում բացատրությունները, թե ինչու պիտի Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել տասը տարի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, որ նա իշխող կուսակցության համար անփոխարինելի է, «կուսակցության հայրն է»…

Հայաստանը, ինչպես եւ Վրաստանն ու Ուկրաինան, պետրոկրատիա (նավթապետություն) չէ՝ ի տարբերություն Ռուսաստանի եւ Ադրբեջանի, որտեղ ներսի հումքային ռենտան կոռուպցիոն ռենտայի կարեւորագույն աղբյուրն է եւ բաղկացուցիչը։ Հանքարդյունաբերությունը, որը, ըստ նորանշանակ ԱԱԾ պետի տերմինաբանության՝ «ավանդաբար կոռումպացված» ոլորտներից ամենաապականվածն է, օֆշորիզացվածը եւ ոչ թափանցիկը, այնուամենայնիվ բավարար չէ, որպեսզի հայկական կոռուպցիոն համակարգը դարձնի ինքնաբավ։ Հետեւաբար հայկական կոռուպցիան չի կարող գոյատեւել առանց ռուսական «բիզնեսի» հետ «դարավոր բարեկամության»։ Եվ այդ սերտաճումը հասել է ուղղակի աննորմալ աստիճանի, երբ նավթ չունեցող Հայաստանի տնտեսությանը հարվածում է ոչ թե նավթի գների բարձրացումը, այլ անկումը։
Բնականաբար, նոր կառավարությանն առանց հանրային աջակցության հնարավոր չի լինի իրականություն դարձնել հայտարարված սկզբունքները եւ, ինչպես երդվեցին նախարարները՝ «նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը»։ Իսկ կոռուպցիան եւ մոնոպոլիզմը կմնան չհաղթահարված, քանի ռուսական «բիզնեսի» եւ կոռուպցիոն համակարգի մետաստազները շարունակում են իրենց «դարավոր բարեկամությունը» մեր պետականության մարմնի հաշվին՝ պահպանելով իրենց «անքննելի» կարգավիճակը։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

29.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031