Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունություն: Միևնույն ժամանակ, նա Երևանում հայտարարել է, որ անընդունելին են թե՛ ստատուս քվոն, թե՛ ուժի կիրառումը: Բաքվում էլ նա հայտարարել էր, որ Ֆրանսիան կակտիվացնի իր ջանքը հակամարտության կարգավորման արագության ուղղությամբ:
Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարությունները առաջին հայացքից թողնում են հակասական և շփոթ տպավորություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե: Բաքվում նա հավաստիացրել է, որ կաշխատեն ավելի ակտիվ՝ որպես միջնորդ, իսկ Երևանում էլ ակնարկել է գուցե, որ սպասում է Երևանի նոր առաջարկներին, որոնց պատրաստ են աջակցել: Սակայն որևէ դեպքում հստակ չէ կոնկրետություն, թե ընդհանրապես Ֆրանսիան, որպես միջնորդ, ինչպես է պատկերացնում հետագա գործընթացը:
Ընդհանրապես այդ առումով պարզ չէ ոչ միայն Ֆրանսիայի, այլև մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումը: Նրանց մոտ կամ որոշակի շփոթ է ու փակուղի, և նրանք մի կողմից գիտեն, որ դժվար է Հայաստանից զիջումներ կորզել առանց անվտանգության ու Արցախի անկախության երաշխիքների, մյուս կողմից էլ գիտեն, որ Բաքուն չի համաձայնի այդ տարբերակին և միաժամանակ կշարունակի սպառնալ պատերազմով: Համանախագահները փորձում են զսպել հնարավոր նոր պատերազմի բռնկումը, սակայն մյուս կողմից՝ նկատելի է, որ նրանք պատկերացում իսկ չունեն, թե դա ինչքան կարող են անել և գլխավորը՝ ինչպես կարող են երկար անել դա: Առավել ևս, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր ռեգիոնալ ծրագրերն ու շահերը և ըստ այդմ՝ իր հարաբերությունները հակամարտության կողմերի և նույնիսկ Իրանի հետ:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում