Երեկ «Բանանց» ՖԱ մարզաբազայում կայացավ «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի շրջանակներում այս տարվա Հայաստանի դեսպանների նշանակման արարողությունը:
Հայտարարվեց, որ նախագիծը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված սոցիալական եզակի ծրագիր է, որը 2013 թվականից իրականացնում է ՉԼ պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ընկերությունը եւ ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում է շուրջ 250 հազար մարդ: Նրանց շարքերում կան բազմաթիվ հանրահայտ մարզիկներ և մշակութային գործիչներ:
Այս նախագծի նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհի տարբեր ազգերի երեխաների միջև հանդուրժողականության և ընկերության սերմանումը: Ուստի ծրագրի արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը.
«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի գլխավոր միջոցառումը երեխաների միջազգային մրցաշարն է, որը միավորում է աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12 տարեկան երեխաներին:
Հունիսի 8-ից 15-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարում Հայաստանի մասնակից ընտրվել է «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը, որն էլ երեկ խորհրդանշական թեւնոցներ կապեց այս տարվա «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի դեսպաններ նշանակված երգիչ, հաղորդավար և պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի, դերասան և հաղորդավար Լևոն Հարությունյանի, երաժիշտ, «Ոսկե դուդուկի» մրցանակակիր Գևորգ Կարապետյանի, նախկին ֆուտբոլիստ և այժմ մարզիչ Արամ Ոսկանյանի, ռադիոհեռուստատեսային հաղորդավար և պրոդյուսեր Հակոբ Պապիկյանի (Ժակ) և երգչուհի Մերի Քոչարյանի ձեռքին:
Հայաստանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին մասնակցում է երրորդ անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ