Թրամփի ուղերձում շահագրգռություն է նկատվում, իսկ Բաքուն հնարավոր
չի համարում Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին
Առաջիկա ամիսները Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն՝ անցյալ շաբաթ նման հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում՝ հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը խորացնելու համար:
Շնորհավորելով Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ՝ Թրամփը, ըստ պաշտոնական «ԱզերԹԱՋ» գործակալության, մասնավորապես նշել է. «Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են եւ աշխատում միմյանց հետ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ես գնահատում եմ ձեզ հետ գործընկերությունը անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաեւ մեր երկարամյա առեւտրային կապերը»: Հավելելով, թե առաջիկա ամիսները Ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Թրամփն ասել էր. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորումը գտնելու համար»:
Սովորաբար իրենց շնորհավորական ուղերձներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններին երկրների ղեկավարները, առավել եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարները հաճախ են հիշատակում Ղարաբաղյան կարգավորման անհրաժեշտությունը եւ այն շուտափույթ լուծելու հույս հայտնում: Սակայն Թրամփի ուղերձում, կարծես, որոշակի շտապողականություն, առհասարակ առանձնահատուկ շահագրգռություն էր նկատվում, երբ Սպիտակ տան ղեկավարն առաջիկա ամիսներին Ղարաբաղյան հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորումը գտնելու հնարավորության մասին էր շեշտել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նաեւ պաշտոնական Մոսկվան էլ իր հերթին էր անդրադարձել Ղարաբաղյան կարգավորման թեմային: Մոսկվան կշարունակի ակտիվ դեր խաղալ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ անցյալ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե այժմ մի շարք անուղղակի պատճառներով կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թեւակոխում է նոր՝ ավելի ակտիվ փուլ, եւ առաջին ջութակով կնվագի Ռուսաստանը: Զախարովայի խոսքով` ցանկություն կա կարգավորումը մոտեցնել այն միջոցներով, որոնք ընդունված եւ ստուգված են արդյունավետության առումով: «Ցանկություն չկա ինչ-որ ջութակ նվագել հերթական համարի ներքո: Ցանկություն կա կարգավորումը մոտեցնել այնպիսի միջոցներով, որոնք համարվում են ե՛ւ քաղաքակիրթ, ե՛ւ կհաստատեն իրենց արդյունավետությունը: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել եւ այդպես էլ կշարունակենք»,- նշել է նա:
Մայիսի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կատարած Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի երեւանյան բանակցությունների ավարտին ԱԳՆ-ում հրավիրված համատեղ մամլո ասուլիսում տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններում անդրադարձել են Ղարաբաղյան խնդրին: «Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր իր տեղն է զբաղեցնում այդ գործընթացում: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր դերակատարությունը: Հաճախ առիթ ունեցել ենք ասելու՝ ուժի կիրառումը լուծում չէ, մենք լիովին համամիտ ենք այս հարցում պարոն Մնացականյանի հետ: Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը ընդունելի չեն: Պետք է պրագմատիկ եւ կրեատիվ մոտեցում ցուցաբերել»,- Երեւանում հայտարարեց Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
Անցած օրերին Երեւանում էր նաեւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննության է առել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: «Տիկին Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը եւ կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անցյալ շաբաթ հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն հնարավոր չի համարում Արցախի իշխանությունների ուղղակի մասնակցությունը հիմնախնդրի շուրջ բանակցություններին: «Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին»,- ասել էր Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում: Մամեդյարովի խոսքով՝ ինքը համանախագահներին ասել է, որ հայկական կողմի առաջարկը «ծիծաղելի է»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը Արցախում հայտարարեց, որ Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են:
Նկատենք, որ մայիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի շրջանակներում: Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշել էր. «Ես կսահմանափակվեմ՝ նշելով, որ մեր ներկայիս գերագույն նպատակը վերներգրավելն է բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»: Իսկ Ադրբեջանի նախագահին հղված ուղերձի առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշել էր. «Բոլորիս հույսն է, որ կարգավորումը կլինի շատ շուտով, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները: Բնական է, մենք խոսում ենք փոխզիջման մասին, բայց դրա հիմքում, առաջին հերթին, դրված է մեր շահերի եւ նպատակների արտահայտությունը, կրկնեմ՝ հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը»: Զ. Մնացականյանը նաեւ հավելել էր՝ «ներկայիս կարեւորագույն հարցը բանակցությունների դինամիկայի պահպանումն է»:
Հավելենք նաեւ, որ մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի միջեւ, որի ժամանակ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության, Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
29.05.2018