Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հայազգի վարորդները հայկական վարորդական իրավունքներով չեն կարողանալու գործունեություն ծավալել։ Նրանք պետք է ձեռք բերեն ռուսական վարորդական իրավունք, սակայն այդ դեպքում էլ չեն կարողանա աշխատել, քանի որ ՌԴ վարորդական իրավունքներով տնտեսական գործունեություն կարող են ծավալել այն վարորդները, ովքեր 2-3 տարվա աշխատանքային փորձ ունեն։
Ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունն արդեն անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, և բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցանկանում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կամ ՌԴ-ի, կամ Բելառուսի, կամ Ղրղըզստանի, կամ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց ՌԴ, որտեղ շինարարությունից բացի՝ հիմնականում զբաղվում են տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները: Ըստ այդմ՝ արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին: Նոր պայմանների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախ և առաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն:
Կատարված փոփոխությունները, սակայն, չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաև զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք՝ 50 հազար ռուբլու չափով:
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում