Արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին և պատասխանելով հարցումներին՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հայտնում է, որ 2018 թ. մայիսի 25-ից, ժամը 15.00-ից Ընկերության հանքի մի շարք աշխատողներ լքել են աշխատատեղերը և ցույց սկսել Ընկերության վարչական շենքին հարակից տարածքում: Ցուցարարներին հետագայում միացել են հանքի հաջորդ հերթափոխի և Ընկերության այլ ստորաբաժանումների որոշ աշխատակիցներ, ինչպես նաև անձինք, ովքեր Ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն: Ցուցարարների պահանջը աշխատանքի վարձատրության պայմանների վերանայումն է:
Ընկերության բնականոն գործունեության խաթարմանն ուղղված վերոնշյալ գործողությունները չեն իրականացվել գործադուլի կազմակերպման ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Դրանք չեն կարող համարվել աշխատողների՝ գործադուլ կազմակերպելու և դրան մասնակցելու ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացում:
2018թ. մայիսի 28-ին Ընկերության 6 աշխատողներ առանց անհատական պաշտպանության միջոցների, խախտելով Ընկերության ներքին կանոնակարգերը, մտել են Ընկերության հանք և հայտարարել հացադուլ՝ պահանջելով աշխատանքի վարձատրության պայմանների վերանայում: Հաշվի առնելով այն, որ այդ աշխատողները, խախտելով տեխնիկական անվտանգության կանոնները, իրենց կյանքի և առողջության համար իրական վտանգ են ստեղծել, Ընկերությունը համապատասխան հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն:
Այդ գործողությունների արդյունքում կոմբինատի աշխատանքը կանգ է առել, ինչը ոչ միայն վնաս է հասցնում Ընկերությանը, այլև հանգեցնում իրավիճակի, որում այն աշխատողները, ովքեր չեն կիսում բողոքողների պահանջները, զրկված են աշխատելու և արժանապատիվ վարձատրվելու հնարավորությունից: Կոմբինատի աշխատանքի կանգի յուրաքանչյուր օրն անխուսափելիորեն ազդում այն ցուցանիշների վրա, որոնցով հաշվարկվում են ՀՀ պետական բյուջե վճարումները: Ընկերությունն այն համոզմանն է, որ կոմբինատի աշխատանքի դադարեցումը բացասաբար կանդրադառնա Կապան քաղաքի տնտեսության վրա և հակասում է ոչ միայն աշխատողների, այլև բոլոր բնակիչների շահերին:
Իրադրությունը փակուղի չտանելու ակնկալիքով՝ Ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը բանակցելու աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ և քննարկելու աշխատանքային հարաբերությունների պայմանների փոփոխության իրատեսական հնարավորությունները: Ընկերությունը կոչ է անում Ընկերության դեմ հակաօրինական գործողությունների կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալու փակուղի տանող քայլերից և երկկողմ ընդունելի լուծումներ գտնելու համար ընդառաջ գալու քաղաքակիրթ բանակցությունների առաջարկին:
Միաժամանակ Ընկերությունը հայտնում է, որ Ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և Կոլեկտիվ պայմանագրի զանգվածային խախտումների, Ընկերության գործունեության սաբոտաժի տարրեր պարունակող հակաօրինական գործողությունների հետևանքով կրել է զգալի տնտեսական վնաս: Բանակցություններից հրաժարվելու և Ընկերությանը վերջնագրեր ներկայացնելը շարունակելու դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնելու է աշխատանքային հարաբերություններն այդ անձանց հետ և, ի լրումն դրա, քննարկելու է հասցված վնասի փոխհատուցման պահանջով դատարան դիմելու հարցը:
Ընկերությունը մտահոգություն է հայտնում իր աշխատողների ֆիզիկական անվտանգության համար սպառնալիքի առնչությամբ և կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ուժային կառույցներին պաշտպանելու պետության շահերը և օտարերկրյա ներդրողներին, ովքեր պատշաճ կատարում են իրենց ֆինանսական պարտավորությունները ՀՀ առջև և ապահովում սոցիալական ծրագրերի իրականացումը գործունեության համայնքներում:
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ