Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեգալիստական» մոդելի խնդիրները

Մայիս 29,2018 10:10

Հեղափոխությունները լինում են տարբեր տեսակի: Չգիտեմ՝ գիտականորեն դա ինչպես է կոչվում, բայց ակնհայտ է վերաբերմունքի տարբերությունը տվյալ երկրի պատմության, անցյալի նկատմամբ: Օրինակ՝ Ռոբեսպիերին կամ Լենինին չէր հետաքրքրում, թե ինչպիսի օրենքներ էին գործում, համապատասխանաբար, Բուրբոնների կամ ցարական ռեժիմի ժամանակ: Նրանք որեւէ հարգանք չունեին «նախորդ ռեժիմի» ժամանակ ստեղծված պետական ինստիտուտների, օրինակ՝ Դումայի կամ Հիմնադիր ժողովի նկատմամբ, եւ առանց մտածելու ցրում էին այդ ինստիտուտները՝ հեղափոխական «օրենքներով» առաջնորդվելով: Նրանք նաեւ իրենց նեղություն չէին տալիս ինչ-որ «իրավական» հիմնավորումներ գտնելու՝ թագավորներին եւ նրանց ընտանիքներին սպանելու համար:

20-րդ դարի վերջում եւ հատկապես 21-րդ դարում դա պարզապես անհնարին է՝ հեղափոխականները կարիք ունեն թե՛ ներքին եւ թե՛ արտաքին լեգիտիմության: Մյանմայում, Ֆիլիպիններում, Եգիպտոսում, Թունիսում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում իշխանության եկած ուժերը որեւէ ցանկություն չունեին եւ չունեն «խաչ քաշելու» գործող օրենքների վրա: Տրամաբանությունը հետեւյալն է. գործող Սահմանադրությունը, գործող օրենքները թեեւ վատն են, հակաժողովրդական են եւ այլն, բայց գործընթացները պետք է տեղի ունենան հենց այդ Սահմանադրության եւ այդ օրենքների շրջանակներում, հակառակ դեպքում կարող է ստեղծվել անկառավարելի վիճակ: Դա, իմ կարծիքով, ճիշտ տրամաբանություն է, չնայած որոշ ռադիկալ խմբեր դրդում են «ռոբեսպիերյան-լենինյան» լուծումների՝ «ռեւկոմների», «տրիբունալների», «տրոյկաների»: Բայց «անցումային արդարադատությունը» անխուսափելիորեն կբերեր գիլյոտինների շարանների, որոնց զոհը կդառնային, ի վերջո, նաեւ իրենք՝ հեղափոխականները:

Ներկա իշխանության այս՝ սկզբունքորեն ճիշտ, «լեգալիստական» վարքագիծը հարթ չէ, ժամանակ առ ժամանակ հանդիպում են զուտ հեղափոխական շեղումներ` վերցնենք թեկուզ ՀՀԿ-ականներին Սարդարապատ չհրավիրելու դեմարշը կամ նախարարների չափից դուրս արմատական հայտարարությունները (մինչդեռ ճիշտը սկզբից անելն է, հետո խոսելը): Բայց դրանք, կարծում եմ, ժամանակավոր դրսեւորումներ են, որոնք մի քանի ամսից կհաղթահարվեն:

Ավելի հետաքրքիր է մեկ այլ հարց՝ ինչպես է հնարավոր ներկա Սահմանադրության շրջանակներում լուծարել ԱԺ-ն եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց քաղաքական անհրաժեշտությունը, անշուշտ, կա: Բայց միակ օրինական ճանապարհը կառավարության ծրագիրը չընդունելն է, ինչին ՀՀԿ-ական մեծամասնությունը, որքան հասկանում եմ, հակված չէ: Իսկ եթե կառավարությունը, ենթադրենք, ճանապարհներ փակի՝ ստիպելով, որ իր ծրագիրը չընդունեն, դա փոքր-ինչ տարօրինակ կլինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031